Թիմ Քոֆլին. «Lydian-ը Հայաստանում միջազգային ներդրումների «դեմքն է» »

22.03.2012 | 12:42 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /

- Ինչպե՞ս եք գնահատում Ամուլսարի ծրագրի իրականացման ընթացքը ու ի՞նչ հանդիպումներ եք ունենալու Հայաստանում:

- Ներկայումս “Ամուլսար” նախագիծն իր մեջ ավելի քան 3 միլիոն ունցիա ոսկի է պարունակում, ինչը նշանակում է, որ այն մտնում է աշխարհի ոսկու հանքավայրերի ցանկի վերին 15%-ի մեջ: Դա այն է, ինչով Հայաստանը կարող է իսկապես հպարտանալ: 

Ամուլսարում ոսկու ավելի մեծ պաշարների հայտնաբերման ներուժ կա, եւ հետազոտական աշխատանքները կշարունակվեն այս տարվա ընթացքում եւ հետագայում: Ներկայումս մենք ավարտում ենք մեր տեխնիկա-տնտեսական հիմնավորման աշխատանքները բանկերի համար (Bankable Feasibility Study), որոնք միջոցներ են հատկացնելու նախագծի իրականացման համար: Վերջին հաշվարկներով, նախագծի առաջնային արժեքը կազմում է $200 մլն: Վերջին մեկ տարվա ընթացքում հանքավայրի հետ տեղում ծանոթացել են Եվրոպայից, Հարավային Աֆրիկայից եւ Հյուսիսային Ամերիկայից 8 առեւտրային բանկերի, ինչպես նաեւ զարգացման 3 բանկերի՝ Համաշխարհային բանկի խմբի մեջ մտնող Միջազգային ֆինանսական կորպորացիա, Վերակառուցման եւ զարգացման Եվրոպական բանկ եւ Զարգացման Նիդերլանդական բանկ (FMO), ներկայացուցիչներ:

ԴՈՍՅԵ

Գեոթիմ եւ Ամուլսար


Lydian International-ը հիմնադրվել է 2005թ. մի խումբ հետախուզող երկրաբանների կողմից` Թիմ Քոֆլինի նախաձեռնությամբ: Գեոթիմ ՓԲԸ –ն հիմնադրվել է 2005թ.` Թիմ Քոֆլինի եւ Հայկ Ալոյանի կողմից:

Ամուլսարի հանքավայրը հայտնաբերվել է Թիմ Քոֆլինի կողմից եւ հանդիսանում է միակ բարձր սուլֆիդային հանքավայրը  Հայաստանում:

Համաշխարհային Բանկի Խմբի անդամ՝ Միջազգային Ֆինանսական Կորպորացիան (ՄՖԿ) Լիդիանի խոշորագույն բաժնետերն է 16,5% բաժնեմասով: 2008 թ. հունվարից Լիդիանը ցուցակված է Տորոնտոյի բորսային հարթակում, որը մասնագիտացված է հանքարդյունաբերության ճյուղի ձեռնարկությունների ցուցակման ոլորտում:
Վերակառուցման եւ Զարգացման Եվրոպական Բանկը (ՎԶԵԲ) բաժնետեր է դարձել 2009 թ. եւ աստիճանաբար մեծացնելով իր բաժնեմասը` ս.թ. մարտի 21-ին հացրեց այն 7,5%-ի:

Ընկերությունը 2006 թվականից առ այսօր երկրաբանահետախուզական աշխատանքներ իրականացնելու համար Հայաստանում ներդրել է ավելի քան $30 մլն:


Այդ բանկիրներից շատերի համար դա առաջին այցելությունն էր Հայաստան, եւ “Ամուլսարը” կդառնա նրանց առաջին ներդրումը երկրում: Ներկայումս մենք պատվիրում ենք եւ առաջնային վճարումներ ենք կատարում ամենաժամանակակից սարքավորումներ գնելու համար, որոնք կօգտագործվեն հանքավայրում նախագծի պատասխանատու եւ արդյունավետ աշխատանքի իրականացման համար: 

Սարքավորումների հետ աշխատելու են տեղի համայնքների ներկայացուցիչները, եւ այս շաբաթվանից մենք սկսում ենք մասնագիտական պատրաստության դասընթացները: Այս շաբաթվա ընթացքում ես Հայաստանում հանդիպումներ կունենամ շրջակա միջավայրի պաշտպանության եւ սոցիալական նախագծերի իրականացման մասնագետների, սարքավորումներ ներկրողների, ՄՖԿ-ի, ՎԶԵԲ-ի, ՀՀ կառավարության, Մեծ Բրիտանիայի եւ ԱՄՆ դեսպանությունների ներկայացուցիչների հետ:

- Ինչպե՞ս եք գնահատում Հայաստանը բիզնես վարելու տեսակետից` կառավարությունը խոսում է իրականացվող բարեփոխումների մասին: Դուք, որպես խոշոր ներդրող, զգո՞ւմ եք դրանք:

- Lydian International-ը Հայաստանում միջազգային ներդրումների “դեմքն է”: Մասնակցելով տարբեր կոնֆերանսներին, համագումարներին եւ ներդրողների հանդիպումներին տարբեր երկրներում մենք հանդես ենք գալիս իբրեւ Հայաստանի ոչ պաշտոնական բիզնես-դեսպանների դերում:

Ընդհանուր առմամբ, մենք ունենք Հայաստանում ներդրումներ կատարելու դրական փորձ: Քանի որ Lydian International-ը հանրային հասարակական ընկերություն է, մենք օրենքով պարտավորված ենք լրատվամիջոցների միջոցով բացահայտել մեր բիզնեսին վերաբերող  բոլոր կողմերը բաժնետերերի համար: Եթե մենք դրական փորձ չունենայինք, ապա մեր բաժնետերերը, որոնց թվում են բանկեր եւ ներդրումային հիմնադրամներ  ողջ աշխարհից, կիմանային այդ մասին եւ պարզապես կվերանայեին Հայաստանում ներդրում կատարելու որոշումները: 

Կոռուպցիայի դեմ պայքարին կառավարության ուղղած ջանքերը կարելի է միայն ողջունել:  Դա շատ դրական գործընթաց է, որն ավելի դյուրին է դարձնում ձեր երկրի բացահայտմանն ուղղված մեր քայլերը` այդքան անհրաժեշտ արտասահմանյան ներդրումներ ներգրավելու համար:

- Այս տարի ձեր ղեկավարած ընկերությունը մտադիր է Հայաստանում ներդնել շատ լուրջ գումար` $ 52 մլն: Խնդրում ենք մանրամասնել, ինչպե՞ս են բաշխվելու այդ միջոցները:

- Միջոցները կօգտագործվեն լրացուցիչ հետազոտական հորատման, սարքավորումների ձեռքբերման, մանրակրկիտ ճարտարագիտական նախագծերի, ուսուցման, սոցիալական եւ շրջակա միջավայրի պաշտպանությանն ուղղված նախաձեռնությունների իրականացման համար:

- Լիդիանի բաժնետերերի թվում են երկու խոշոր ինստիտուցիոնալ ներդրողներ ` ՎԶԵԲ-ը եւ ՄՖԿ-ն: Արդյո՞ք այդ փաստը օգնում է ընկերությանը աշխատել Հայաստանում:

- ՎԶԵԲ-ի եւ ՄՖԿ-ի նման ներդրողների առկայությունը օգնում է անկախ այն բանից, թե որ երկրում ենք աշխատում: Երկու հաստատությունները մանրակրկիտ փորձաքննություններ են անցկացնում եւ խիստ պարտավորություններ են սահմանում, որոնք երաշխավորում են, որ մեր գործունեությունը համապատասխանում է ամենաբարձր միջազգային ստանդարտներին: Այս երկու բաժնետերերն էլ մեծ ուշադրություն են դարձնում հանքարդյունաբերական ոլորտի սոցիալական եւ բնապահպանական կողմերին: Lydian-ը միշտ էլ խորը սոցիալական եւ բնապահպանական գիտակցություն ունեցող ընկերություն է եղել, սակայն այդ բանկերն` իրենց կանոնավոր աուդիտի շնորհիվ, լրացուցիչ երաշխավորում են, որ մենք այդ ուղուն հավատարիմ ենք մնում:  

- Վերջին շրջանում Գեոթիմը եւ Ամուլսարի ծրագիրը հայտնվել են տարբեր քաղաքական ուժերի ուշադրության կենտրոնում: Ինչպե՞ս եք գնահատում այդ փաստը:


- Նախընտրական շրջանը միշտ էլ բարդություններ է պարունակում, և առեւտրային ձեռնարկությունների համար բարդ միջավայր է: Երբ մենք սկսենք արտադրանք տալ, “Ամուլսար”-ում Գեոթիմըը կդառնա Հայաստանի խոշորագույն հարկատուներից մեկը, եւ կարծում եմ, այդ հանգամանքը հաշվի առնելով, մենք ստիպված ենք լինելու այս փուլում որոշակի անցանկալի ուշադրության արժանանալ:

Երբեմն մեզ հիասթափեցնում են անտեղյակությամբ եւ քաղաքական դրդապատճառներով պայմանավորված որոշ մեկնաբանություններ, սակայն մեր պատասխանը կարող է հիմնվել միայն փաստերի եւ շահագրգիռ համայնքների եւ ողջ հասարակության լիակատար տեղեկացվածության վրա: Մեր ողջ քաղաքականությունը, անկախ փորձագետների զեկույցները, քարտեզները եւ վերլուծական արդյունքները հասանելի են բոլորի համար մեր www.geoteam.am կայքում: 

- Նախորդ շաբաթ Ջերմուկում տեղի ունեցավ քննարկում` Ամուլսարի ծրագրի հնարավոր բնապահպանական ազդեցության վերաբերյալ, որի ընթացքում Ջերմուկի քաղաքապետը բավական կոպիտ արտահայտություններ արեց ձեր ընկերության հասցեին: Ինչպե՞ս կբացատրեք դա:

- Որոշ ժամանակ առաջ Ջերմուկի քաղաքապետը եւ քաղաքի Ազգային Ժողովի պատգամավորը տեսանելիության, աղմուկի, փոշու, ուրանի եւ հանքային ջրի վրա մեր նախագծի ազդեցության վերաբերյալ որոշակի անհանգստություններ հայտնեցին: Չնայած, որ Ջերմուկը մեր նախագծից 15 կմ հեռու է` 3 հազար մետր բարձրություն ունեցող սարի մյուս կողմում, եւ մեր հանքավայրը Ջերմուկ համայնքի իրավասության ներքո գտնվող տարածքում չէ` մենք հաշվի նստեցինք այդ անհանգստության հետ եւ անկախ միջազգային փորձագետների մոտ հատուկ  հետազոտություն պատվիրեցինք: Այդ հետազոտությունն ավարտվել է որոշ ժամանակ առաջ եւ այն նույնպես կարելի է գտնել “Գեոթիմ”-ի կայքում:

Հետազոտության համաձայն, նախագիծը չի երեւալու եւ չի լսվելու Ջերմուկից, այնտեղ փոշի չի լինելու, “Ամուլսար”-ի հանքանյութը ուրան չի պարունակում եւ ոչ մի ազդեցություն չի կարող գործել հանքային ջրի վրա, որի աղբյուրը տեղակայված է Ջերմուկի հյուսիսային մասում, “Ամուլսար”-ից մեծ հեռավորության վրա: Միակ հնարավոր ազդեցությունը կարող է լինել այն, որ մեր հողային աշխատանքների որոշ մասը կարող է տեսանելի լինել դեպի Ջերմուկ տանող ճանապարհից` շուրջ 10 կմ քաղաքից դեպի հարավ: Այդ ազդեցությունը նվազեցնելու նպատակով մենք այս տարի կսկսենք ճանապարհի երկայնքով 5 000 ծառեր տնկել: Այնուհետեւ մտադիր ենք եւս 20.000 ծառ տնկել Ամուլսարի ստորին հատվածում, որպեսզի բլրին տանք այն տեսքը, որն այն ուներ հարյուրամյակներ առաջ, մինչեւ ծառահատումը:

Մենք դիտարկել ենք քաղաքապետի կողմից հնչեցված բոլոր անհանգստությունները, սակայն ինչ-ինչ պատճառներով նա շարունակում է մեղադրել մեզ: Վստահ չեմ, որ նա նեղություն է քաշել եւ կարդացել է մեր կողմից տրամադրված հետազոտության արդյունքները: Չնայած Ջերմուկը մեզ համար հեռավոր շրջան է հանդիսանում, մենք այնտեղից աշխատակիցներ ունենք, օգտվում ենք քաղաքի հյուրանոցներից, քաղաքում համայնքային լիազորված կոմիտե ենք հիմնել:   Այդ կոմիտեի միջոցով մենք լսում ենք հասարակության կարծիքը, քաղաքը ապահովել ենք շտապ օգնության մեքենայով եւ տարբեր սպորտային միջոցառումներ ենք հովանավորում: “Ամուլսար” նախագծի իրականացման արդյունքում Ջերմուկը միայն կշահի` աշխատատեղերի ստեղծման եւ ներդրումների ներգրավման տեսանկյունից: Հետաքրքիր վիճակագրություն կա, որի համաձայն հանքարդյունաբերության ոլորտում յուրաքանչյուր աշխատատեղը եւս երեք հոգու աշխատանքով է ապահովում` ծառայությունների եւ մատակարարումների ոլորտներում:

Ցավոք, քաղաքապետը նախընտրել բռնել իր այսօրվա դիրքորոշումը, եւ ինչպես նկատեցիք, նա իսկապես շատ կոպիտ էր արտահայտվել մեր ընկերության, նրա մենեջմենթի եւ բաժնետերերի հանդեպ: Մենք ընդունում ենք լուրջ, հիմնավորված քննադատությունը եւ բաց համագործակցում ենք շահագրգիռ խմբերի եւ համայնքների հետ: Այն ամենն, ինչ մենք կարող են անել, դա աշխատանքի վրա կենտրոնանալն է եւ փաստեր տրամադրելը:

- Ձեր ընկերության հաղորդագրություններից մեկում ասված է, որ դուք պատրաստակամություն եք հայտնել մասնակցել Ջերմուկի զարգացմանը որպես զբոսաշրջության կենտրոնի, եւ առաջարկ եք ներկայացրել համայնքի ղեկավարին: Ինչպիսի՞ն է եղել նրա արձագանքը:


- Մենք վճռական ենք շարունակական դրական ազդեցություն թողնել տարածաշրջանում Ամուլսարի հանքավայրի շահագործման ավարտի եւ հանքավայրի ռեաբալիտացիոն շրջանի ավարտից հետո նույնպես: Մենք ցանկանում ենք, որպեսզի տեղացի աշխատողները, որոնց մենք վերապատրաստում եւ ապահովում ենք աշխատանքով, շարունակեն աշխատանքով ապահովված մնալ: Եթե զբոսաշրջությունն է դրան հասնելու միջոցը, ապա մենք պատրաստ ենք մասնակցել յուրաքանչյուր օգտակար նախաձեռնությանը: 

Մենք դա քննարկել են Ջերմուկի քաղաքապետի հետ եւ աջակցություն ենք առաջարկել իր կողմից առաջարկած դահուկային հանգստավայրի ստեղծման գաղափարին: Մասնավորապես, առաջակել ենք մեր միջոցներով զբոսաշրջության խորհրդատու վարձել` տարածաշրջանի, ենթակառուցվածքի հետ ծանոթանալու եւ զբոսաշրջության զարգացման համալիր ծրագիր կազմելու նպատակով, որպեսզի այն պատասխանատու լինի` բնապահպանական առումով եւ շահավետ մեր համայնքների համար: Նման լայնածավալ նախաձեռնության իրականացումը կարող է 10-15 տարի տեւել, այդ ժամանակահատվածում Ամուլսարի նախագծի իրականացումը ավարտին կմոտենա եւ վերականգնման եւ բնապահպանական զարգացման փուլում կլինի: Մեզ թվում էր, որ դա կատարյալ լուծում է զբոսաշրջային նախաձեռնության զարգացման եւ նոր աշխատատեղերի ստեղծման տեսանկյունից: Քաղաքապետն այդ առաջարկին առայժմ չի պատասխանել:

Դիտում՝ 9384
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW