Իսիդորո Լուչիոլա. ԱՆԻՖ-ը դարձել է օտարերկրյա ներդրումների խթանիչ

12.09.2022 | 22:40 Գլխավոր էջ / Նորություններ / Հարցազրույցներ /
Իսիդորո Լուչիոլան Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (ԱՆԻՖ) տնօրենների խորհրդին միացավ 2019 թվականի նոյեմբերին: ԱՆԻՖ-ի գործադիր տնօրեն Դավիթ Փափազյանն այն ժամանակ ասել էր.

«Բանկային ոլորտում նրա հսկայական փորձը, որը զուգակցվում է իտալական  գործարար սեկտորի մասին խորը գիտելիքների հետ, առանցքային կլինի ԱՆԻՖ-ի համար: Բացի այդ, Իսիդորոն Իտալիայում կառավարել է ԱՆԻՖ-ի հետ գրեթե նույնական պետական կառույց եւ մենք պատրաստ ենք հնարավորինս օգտվել այն մեծ փորձից, որը նա ձեռք էր բերել այդ աշխատանքի ընթացքում»:

Banks.am-ը զրուցել է Իսիդորո Լուչիոլայի հետ ԱՆԻՖ-ի առաքելության եւ Հայաստանում ներդրումների հնարավորությունների մասին:

Ինչպես ամեն ինչ սկսվեց

Ինձ հիացրել էր այս երկրի մշակույթը եւ հմայքը, հայ համայնքի համախմբվածությունը, ճկունությունն ու կարողությունները: Հայաստանը փոքր պետություն է, բայց մեծ ազգ է, որն ունի բազմաթիվ մշակութային կապեր Իտալիայի հետ: Կյանքիս ընթացքում ծանոթացել էի մի քանի հայերի հետ, եւ երբ 2019 թվականին Դավիթ Փափազյանն ինձ պատմեց նախագծի մասին եւ առաջարկեց դրա մաս կազմել, անմիջապես մեծ ոգեւորությամբ ընդունեցի առաջարկը։ Խորհրդի կազմն այն վստահելիության եւ լրջության ցուցիչն էր, որն ԱՆԻՖ-ի գործադիր տնօրենը ցանկանում էր հաղորդել նախագծին:

Իմ դերակատարությունը սահմանվել է բանկային ոլորտում իմ երկարամյա միջազգային փորձին համահունչ՝ գնահատել ներդրումը եւ այն իրագործելի դարձնել իրական տնտեսության մեջ:

ԱՆԻՖ-ը լավ է աշխատում

ԱՆԻՖ-ը լավ է աշխատում: Կարծում եմ, որ ԱՆԻՖ-ի հիմնական առաքելությունն է զարգացնել երկրի տնտեսությունը եւ բնակչության բարեկեցությունը. այն պետք է հարստացնի ժողովրդին եւ ամրապնդի երկրի տնտեսությունը:

ԱՆԻՖ-ը դարձավ երկրում օտարերկրյա ներդրումների խթանիչ՝ ներդրումներ կատարելով այլ անկախ հիմնադրամների եւ ընկերությունների հետ՝ բազմապատկելու ազդեցությունը տնտեսության վրա: Առաջին համաներդրողների որակը՝ ինչպիսիք են Masdar-ը եւ Air Arabia-ն, ցուցադրում են ԱՆԻՖ-ի ներուժը:

ԱՆԻՖ-ի 60 հոգանոց թիմը՝ բաղկացած շատ բանիմաց մասնագետներից, շատ արժեքավոր գործիք է Հայաստանի համար։ Այս թիմը կարողացել է խոշոր ներդրումներ ներգրավվել տարածաշրջանի ամենամեծ արեւային կայանի գործարկման եւ Fly Arna ազգային ավիաընկերության ստեղծման համար: Դա նպաստելու է նաեւ ավելի փոքր ներդրումներին մշակույթի, բժշկական, զվարճանքի եւ այլ ոլորտներում:

ԱՆԻՖ-ը նաեւ գերազանցության կենտրոն է. մենք կանաչ լույս ենք տալիս նախագծին միայն համոզվելուց հետո, որ դա լավ ծրագիր է:

Մարտահրավերներ եւ հնարավորություններ

Ներդրումներ ներգրավելու համար երկիրը պետք է լինի կայուն, խաղաղ, ներդրողների համար շահավետ պայմաններով եւ դատական համակարգով, կոռուպցիայի շատ ցածր մակարդակով եւ ԱՆԻՖ-ի դերը կարող է վճռորոշ լինել ներդրումների համար վստահելիություն ապահովելու համար:

Հուսով եմ, որ երկրում վերականգնվել է կայունությունը, անցնում են մակրոտնտեսական եւ ֆինանսական հիմունքները, եւ այժմ ժամանակն է վերականգնել վստահությունը Հայաստանի նկատմամբ: Հայաստանն այսօր ունի լավ հարկային դաշտ, ազատ տնտեսություն: Այն կարող է դառնալ օֆշորային ֆինանսական կենտրոն, որտեղ հայ համայնքը եւ տարածաշրջանի ներդրողները կարող են գործի մեջ դնել իրենց գումարները:

Գյուղատնտեսությունը Հայաստանի տնտեսության հիմնաքարերից մեկն է, եւ ես կարծում եմ, որ ԱՆԻՖ-ը պետք է փորձի միավորել Հայաստանի եւ Իտալիայի խոշոր ընկերությունների կարողությունները: Սա հնարավորություն է, որը համահունչ է երկրի պատմությանն ու ավանդույթներին։

Հայերն ունեն մաթեմատիկական մոտեցում եւ գերազանց գիտություն: Անցյալում նրանք ներգրավված են եղել ծրագրային ապահովման մշակման մեջ, էլեկտրոնային, կիսահաղորդիչների արտադրություններում։ Տեքստիլը, կոշիկի արտադրությունը կարող են դառնալ այլ նոր ոլորտները, որտեղ ԱՆԻՖ-ը կարող է ուղղորդել համաներդրումները:

Կարծում եմ, որ Հայաստանը պետք է զբաղվի նաեւ իր բարձրավոլտ էլեկտրահաղորդման ցանցերով։ Սա առաջնահերթ լուծում պահանջող խնդիրների ցանկում է։

Իսիդորո Լուչիոլայի հետ զրուցել է Արա Թադեւոսյանը
Դիտում՝ 89203
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW