Դավիթ Երեմյան. 15-ամյակի շրջանակում աննախադեպ ծրագիր ենք մեկնարկելու

05.07.2022 | 23:12 Գլխավոր էջ / Նորություններ / Հարցազրույցներ /
#Դավիթ Երեմյան #Երեմյան Փրոջեքթս
«Երեմյան Փրոջեքթս» ընկերության գլխավոր տնօրեն Դավիթ Երեմյանի հարցազրույցը:

- 15 տարի է՝ ռեստորանային ոլորտում եք, ու հենց «Երեմյան Փրոջեքթսն» է եղել մեր երկրում այդ դաշտի կայացման ակունքներում։ Ո՞րն է եղել շարժիչ ուժը:

- 15 տարի առաջ, երբ սկսում էինք մեր գործունեությունը, ռեստորանային ոլորտը Հայաստանում զարգացած ու կայացած չէր։ Գիտեինք, որ բարդ ու կարեւոր պատասխանատվություն ենք ստանձնում, գիտեինք, որ հեշտ ճանապարհ չի սպասվում մեզ։ Բայց ունեինք նպատակ ու վստահ էինք, որ անկախ խոչընդոտներից ու դժվարություններից՝ հասնելու ենք դրան։

Ճանապարհը, իրոք, հեշտ չէր։ Մենք սկսել ենք մեկ ռեստորանից՝ «Պանդոկ Երեւանից», ընդամենը 40 աշխատակցով։ Այսօր մեր ռեստորանները 16-ն են, բազմաթիվ նախագծեր ունենք տարբեր ոլորտներում եւ ունենք շուրջ 2000 աշխատակից։

15 տարի առաջ ուզում էինք զարգացնել ռեստորանային ոլորտը, կոտրել կարծրատիպն այն մասին, որ ռեստորան հաճախելը ոչ բոլորին է հասանելի, մեծ նպատակ ունեինք վերհանել ու պահպանել հայկական ազգային խոհանոցի մշակույթն ու ավանդույթները, տեղացիներին ու քաղաքի հյուրերին մատուցել իրական հայկականը: «Պանդոկ Երեւան» ռեստորանների ցանցով մենք կյանքի կոչեցինք մեր այդ նպատակը։ Այսօր մեր ռեստորանները, իսկապես, մայր քաղաքի համն ու հոտն են դարձել, մեր ռեստորանների մասին պատմում ու խոսում են աշխարհի տարբեր երկրներում, մեզ մոտ մեկ անգամ ճաշելու կամ ընթրելու համար զբոսաշրջիկներն օդավանավակայանից ուղիղ մեր ռեստորաններ են գալիս։ Սա էլ մեծ պատասխանատվություն է, որը ստանձնել ենք ոչ միայն ինքներս մեզ, այլեւ քաղաքի ու երկրի հանդեպ։

«Պանդոկ Երեւան» ռեստորանների հաջող գործարկումից հետո մեզ համար ավելի բարձր նշաձող սահմանեցինք, սկսեցինք կոնցեպտուալ ռեստորաններ բացել, Հայաստանը դիրքավորել որպես գաստրոտուրիզմի ամենացանկալի ուղղություն, առաջինը մենք Հայաստանում բացեցինք հեղինակային բարձր խոհանոց ներկայացնող ռեստորան՝ «Ռենոմեն»։

- Չսահմանափակվելով միայն ռեստորանային ոլորտով՝ «Երեմյան Փրոջեքթսը» նաեւ տարբեր ուղղություններ է զարգացնում։

- Այս տարիների մեր ամբողջ աշխատանքն ու դրա արդյունքը տեսնելով, կարող եմ թույլ «անհամեստ գտնվել» եւ ասել, որ մենք առաջինն ու առաջամարտիկն ենք եղել շատ դեպքերում։ Մենք չենք սահմանափակվել միայն ռեստորանային ոլորտում առաջատարի դիրքը գրավելով. այսօր մենք մեր ասելիքն ունենք Հայաստանի համար առանցքային ու կարեւոր ոլորտներում՝ գյուղատնտեսություն, ոլորտային կրթություն, արտադրություն։ Մենք առաջինն էինք, որ գործարկեցինք «Սերմից՝ սեղան» հայեցակարգն ու դրա շրջանակում գյուղատնտեսության ոլորտում խոշոր ներդրումներ արեցինք՝ զրոյից հիմնելով միջազգային չափանիշներին համապատասխանող անասնապահական համալիրներ, կերաղաց եւ մսամթերքի ու կաթնամթերքի արտադրություն: Մասնագիտական կրթության դաշտում նոր չափանիշներ սահմանելով՝ հիմնեցինք Խոհարարական արվեստի եւ հյուրընկալության ակադեմիան, 15 տարիների ընթացքում սպասարկել ենք 10 մլն հյուրի, 3 մլն զբոսաշրջիկի, 300 հազարից ավել միջոցառում, այսօր էլ երկրի  խոշոր հարկատուների ցանկում ենք:

Գուցե կկրկնեմ նախորդ միտքը, բայց նորից ասեմ՝ անընդհատ նորը ստեղծելու, առաջինը լինելու եւ որակյալը մատուցելու մեր ձգտումով է պայմանավորված այս ամենը։ Ռեստորանային ոլորտից մի քանի քայլ առաջ անցնելը եւս մեկ պատասխանատու որոշում է, որն այսօր մենք պատվով եք հաղթահարում։

Հաճախ եմ շեշտում, որ «Երեմյան Փրոջեքթսում» մեր տեսակի մարդիկ են։ Եվ այո՛. այն, ինչ ունենք այսօր, հնարավոր չէր լինի առանց մեր թիմի, առանց մեր տեսակի մարդկանց։ «Երեմյան Փրոջեքթսն» ունի արժեքներ, որոնց չի դավաճանում եւ սկզբունքներ, որոնցով առաջնորդվում է միշտ։ Ազնվություն, պատասխանատվություն, որակ եւ թիմային մոտեցում. այս ամենի շուրջ էլ «Երեմյան Փրոջեքթսում» համախմբում ենք մեր տեսակը կրողներին։

- Տարին հոբելյանական է, 2021թ. նոյեմբերից ձեր կազմակերպությունը տարբեր միջոցառումներ եւ նախագծեր իրականացրեց՝ նվիրված այս հոբելյանին, էլ ի՞նչ սպասել «Երեմյան Փրոջեքթսից» հոբելյանական տարում։

- «Երեմյան Փրոջեքթսն» արդեն 15 տարի գործում է հավատարիմ մեր առաքելությանն ու արժեքներին, 15 տարի առաջ է շարժվում նոր գաղափարներով, հավակնոտ նպատակներով ու կարեւոր նախագծերով։ Արդեն 15 տարի՝ մեր աշխատանքը սկսվում է երազանքից: Ամենայն հպարտությամբ կարող եմ ասել, որ այս տարիների մեր աշխատանքի արդյունքում այսօր՝ որպես հայկական առաջատար բիզնես եւ հաջող բիզնեսի լագագույն մոդել մեզնով հետաքրքրվում են միջազգային ասպարեզում, ցանկություն են հայտնում մեզ հետ համագործակցելու։ Մենք էլ այս խորհրդանշական տարին չէինք կարող չնշանավորել մեր ոճով ու մեր ձեռագրով իրականացվող որեւէ մասշտաբային ծրագրով։ Դեռ չեմ կարող փակագծերը բացել, բայց շատ շուտով գյուղատնտեսության ոլորտում բավականին խոշոր ներդրումային ծրագիր եւ միջազգային համագործակցություն ենք մեկնարկելու։ Վստահեցնում եմ, որ այս ոլորտում իրականացվող նման նախաձեռնություն դեռեւս չի եղել։ Այստեղ էլ առաջինն ենք։ Սա էլ կլինի մեր 15-ամյակի ամենամեծ նվերը:
Դիտում՝ 59983
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW