Փետրվարի սկզբին լրացավ երկու տարին, ինչ Բրազիլիան գործարկել է իր Open Finance նախաձեռնությունը: Բրազիլիայում բաց բանկինգը (Open banking) զարգացավ այս նախաձեռնության շնորհիվ՝ ստեղծելով կառավարման նոր կառուցվածք եւ նոր ֆինանսական համակարգ երկրի ֆինանսական հաստատությունների համար:Finextra.com-ի փոխանցմամբ՝ այս ընթացքում Open Finance նախաձեռնությունն օգտատերերից ստացել է 17,3 միլիոն համաձայնություն՝ ֆինանսական հաստատությունների հետ անձնական եւ բանկային տվյալների փոխանակման համար։ Ֆինանսական էկոհամակարգի շրջանակում եղել է նաեւ 10,8 միլիարդ հաջողված հաղորդակցում:Համակարգն աշխատում է API-ների (Application Programming Interface) միջոցով, որոնք կարգավորվում են Բրազիլիայի Կենտրոնական բանկի կողմից, ինչը հեշտացնում է հաստատությունների միջեւ տվյալների փոխանակումը։Լատինական Ամերիկայում Ozone API-ի գլխավոր մենեջեր Ֆաբիո Կալդեյրան (Fabio Caldeira) այսպես է մեկնաբանել նախաձեռնության հաջողությունը. «Ինձ համար կարեւոր պահը, որը թույլ տվեց մեզ այդքան կարճ ժամանակում այդքան ուժեղ զարգանալ, կարգավորիչի ակտիվ դերն էր՝ խթանելու շուկան համագործակցության ուղղությամբ։ Դրա շնորհիվ Open Finance-ն այսօր աշխարհի ամենաառաջադեմ նախաձեռնություններից մեկն է: Կարգավորիչի կողմից առաջարկված կառավարման կառուցվածքը եւ ղեկավարման ոճը կարեւոր հենասյուներն էին՝ պահպանելու այն էվոլյուցիան, որին մենք ականատես ենք լինում վերջին տարիներին, հատկապես համեմատած այն երկրների հետ, որոնք այս ոլորտում արդեն բավական զարգացած են, օրինակ՝ Մեծ Բրիտանիան»։Խոսելով Մեծ Բրիտանիայում հինգ տարվա ընթացքում բաց բանկային սպասարկման ոլորտում արձանագրված արդյունքների մասին՝ Open Banking Excellence-ի հիմնադիր Հելեն Չայլդն (Helen Child) ասել է. «Բրազիլիան հասել է հինգ միլիոն միացված հաշիվների հինգ անգամ ավելի արագ, քան Մեծ Բրիտանիան: Ավստրալիան արդեն ապրում է «բաց էներգիայով», իսկ այնպիսի երկրներ, ինչպիսիք են Սինգապուրը եւ Սաուդյան Արաբիան, մշակում են տարածաշրջանային մակարդակում համատեղելի չափանիշներ: Մեծ Բրիտանիայում բաց բանկային ծառայությունների մատակարարների համար մրցակցությունն արդեն թեժանում է»:Նշվում է, որ Բրազիլիայի Կենտրոնական բանկն ամուր հիմք է դրել թվային տարածքում տարբեր ընկերությունների եւ ոլորտների փոխգործակցության համար եւ բացել է բրազիլական շուկան՝ այս բնագավառում առաջատար երկրների հետ կապ հաստատելու համար։Բրազիլիայի բանկերի ֆեդերացիայի (Frebraban) նախագահ Իսահակ Սիդնին (Isaac Sidney), իր հերթին, հայտարարել է. «Frebraban-ի միջոցով բանկերի ներգրավումը վճռորոշ դեր է խաղացել Open Finance-ը Բրազիլիայում ռեկորդային կարճ ժամանակում ավելի մեծ թափով իրագործելու համար, քան դա տեղի է ունենում այլ երկրներում: Այսօր Frebraban-ում ունենք 12 տարբեր աշխատանքային խմբեր, որոնք զբաղվում են ենթակառուցվածքի ներդրմամբ»:Անցում կատարելով չորրորդ փուլին՝ նախաձեռնությունը կկենտրոնանա Բրազիլիայում բաց բանկային գործունեության մասշտաբներն ընդլայնելու վրա՝ ոչ բանկային մասնակիցներից տվյալների ներառման հաշվին:Open banking-ի հայեցակարգը ենթադրում է ֆինանսական հատվածում բաց API-ների կիրառում: Open banking-ը թույլ է տալիս երրորդ կողմի մշակողներին ստեղծել ծառայություններ եւ հավելվածներ ֆինանսական հաստատությունների համար, ընդլայնում է ֆինանսական թափանցիկության հնարավորությունները բանկային հաստատությունների հաշիվների սեփականատերերի համար, թույլ է տալիս կառուցել հաճախորդի մասին տվյալների փոխանակում՝ վերջինիս համաձայնությամբ, եւ ձեւավորել անհատական առաջարկներ նրա համար:«Ֆինտեխ» բաժնի գործընկեր` Tweet Դիտում՝ 55874