Ֆիննական Enfuce ֆինտեխ ընկերությունն օգնում է բանկերին պայքարել կլիմայի փոփոխության դեմ եւ իրենց ջանքերը կայուն զարգացման ոլորտում վերածել հեռանկարային առավելության:Ստարտափը ստեղծել է լուծում, որը բանկերի հաճախորդներին թույլ է տալիս հաշվարկել եւ նվազեցնել իրենց ածխածնի արտանետումները՝ յուրաքանչյուր վճարման ընթացքում:My Carbon Action-ը թվային գործիք է, որը թույլ է տալիս բանկերին եւ ֆինանսական հաստատություններին ակնթարթորեն հաշվարկել առանձին գործարքների ածխածնային հետքը: Հաշվարկի ընթացքում հաշվի է առնվում ապրանքի ողջ կյանքի ցիկլի ազդեցությունը շրջակա միջավայրի վրա՝ սկսած հումքի արդյունահանումից, արտադրությունից եւ փոխադրումից մինչեւ օգտագործում եւ ուտիլիզացիա:Գործիքը հիմնված է կոնկրետ երկրի համար հատուկ գիտական տվյալների մոդելի վրա, ինչն ապահովում է տեղեկատվության արդիականությունն օգտագործման յուրաքանչյուր վայրում: Բացի այդ, My Carbon Action-ը հիմնված է օգտատերերի անձնական կարծիքների վրա՝ իրենց անհատական ապրելակերպի ընտրության վերաբերյալ, որը կարող է վերաբերել, օրինակ, հետեւյալ հիմնական ոլորտներին.- Դիետա. դուք վեգա՞ն եք, լակտո-ովո բուսակե՞ր, թե մսի սիրահար:- Բնակարանային պայմաններ․ դուք ապրում եք առանձնատա՞նը, թե բնակարանում: Ինչպե՞ս է այն տաքացվում:- Տրանսպորտի տեսակը․ ոտքո՞վ, հեծանիվո՞վ, հասարակական տրանսպորտո՞վ, քարշերինգո՞վ, թե սեփական մեքենայով:- Գնումներ․ որտեղի՞ց եք կատարել գնումը: Ինչպե՞ս է այն առաքվում եւ փաթեթավորվում:«Չափազանց կարեւոր է հասկանալ համատեքստը եւ դրա ազդեցությունը: Երբ բանկերը կարող են համատեղել գործարքների մասին տեղեկատվությունն իրենց հաճախորդների ապրելակերպի ընտրության հետ, նրանք հնարավորություն ունեն խորհուրդներ տալ ավելի ռացիոնալ սպառման համար: Սա այն համակցությունն է, որն առանձնացնում է My Carbon Action-ը շուկայում առկա ածխածնային հետքի ցանկացած այլ հաշվիչից:Բանկերի համար հեշտ է սկսել աշխատանքը My Carbon Action-ով: Նրանք կարող են ճկուն կերպով օգտագործել այդ API-ները եւ հեշտությամբ ինտեգրել դրանք իրենց սեփական հավելվածների եւ ծառայությունների մեջ: Նոր հավելվածներ ստեղծելու կարիք չկա»,- ասված է ընկերության բլոգում։Enfuce-ը գործարկվել է 2016 թվականին Մոնիկա Լիյկամաայի եւ Դենիզ Յոհանսոնի կողմից։ Այս ստարտափը եվրոպական քիչ ֆինտեխ նախագծերից է, որը հիմնվել է ամբողջովին կանանց կողմից:Enfuce-ը դիրքավորում է իրեն որպես «Քարտն իբրեւ ծառայություն» («CaaS») առաջատար եվրոպական հարթակ քարտերի տրամադրման եւ մշակման համար: Enfuce-ն առաջինն է, որը գործարկել է ամպում քարտերի թողարկման հարթակ: Enfuce-ի միջոցով հաճախորդները կարող են շուկա դուրս բերել վերջնական սպառողների համար նախատեսված ժամանակակից եւ բազմաֆունկցիոնալ քարտային եւ վճարային լուծումներ աննախադեպ արագությամբ՝ շաբաթների, այլ ոչ թե ամիսների ընթացքում:Օրերս ստարտափը հայտարարեց €45 մլն ծավալով հերթական ներդրումային փուլի մասին: Նոր կապիտալը կօգտագործվի միջազգային աճի հետագա արագացման, ինչպես նաեւ ընկերության առաջատար տեխնոլոգիական հարթակի զարգացման համար:Enfuce-ն իր հարթակում ունի ավելի քան 13 միլիոն ակտիվ քարտապան, որոնց համար ստարտափը մշակում է տարեկան մոտ €1 միլիարդի գործարքներ: Ընկերությունը վերջերս ընդլայնել է իր աշխարհագրական ներկայությունը Գերմանիայում եւ Ֆրանսիայում:«Ֆինտեխ» բաժնի գործընկեր` Tweet Դիտում՝ 15839