ԱՀԸ 10րդ թողարկման պարտատոմսերը ցուցակվել են ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայում

15.05.2014 | 15:09 Գլխավոր էջ / Նորություններ / Արժեթղթերի շուկա /

Երեկ  ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայում  ցուցակվել է «Ազգային Հիփոթեքային Ընկերություն» ՎՎԿ ՓԲԸ-ի(ԱՀԸ) անվանական արժեկտրոնային պարտատոմսերի 10րդ թողարկումը` ընդգրկվելով հիմնական` Abond ցուցակում:

Ազգային Հիփոթեքային Ընկերության 1 մլրդ ՀՀ դրամ ընդհանուր ծավալով, 100,000 ՀՀ դրամ անվանական արժեքով, 36 ամիս մարման ժամկետով, արժեկտրոնի  10% եկամտաբերությամբ այս պարտատոմսերը շրջանառվելու են Բորսայում NMCCB2A հապավմամբ, ինչպես նաեւ  թույլատրվելու են հասցեական և ՌԵՊՈ գործարքների կնքմանը:

«Ապրիլի 23-ին  ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայում հաջողությամբ տեղաբաշխվեցին Ընկերության միջին ժամկետայնության պարտատոմսերը, այժմ դրանք ցուցակվել են ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի Abond հարթակում: Սա  վկայում է Ընկերության նկատմամբ շուկայի մասնակիցների բարձր վստահության մասին, ինչը Ընկերությունն իր հետագա գործունեության ընթացքում ավելի կամրապնդի: Ելնելով գործունեության առանձնահատկություններից` առաջիկայում նախատեսում ենք մեծացնել թողարկվող պարտատոմսերի ծավալները, ինչպես նաեւ երկարացնել դրանց մարման ժամկետները»,-նշել է  Ազգային Հիփոթեքային Ընկերության գործադիր տնօրեն Մհեր Եդիգարյանը:

«Մենք բարձր ենք գնահատում Ազգային Հիփոթեքային Ընկերության ակտիվ գործունեությունը Հայաստանի արժեթղթերի շուկայում: Ընկերության պարտատոմսերի թվով տասներորդ այս թողարկման ցուցակումը եւ ընդգրկումը բորսայական հիմնական Abond ցուցակում վկայում է այն մասին, որ Ընկերությանը հաջողվել է ձեռք բերել ներդրողների վստահությունը եւ շուկային նոր ներդրումային գործիք առաջարկել»,-ասել է ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի Գլխավոր տնօրեն Կոնստանտին Սարոյանը:

Հիշեցնենք, որ պարտատոմսերի այս թողարկումը տեղաբաշխվել է ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի տեղաբաշխման հարթակում 2014թ. ապրիլի 23-ին: Ընկերության 1 մլրդ ՀՀ դրամ ծավալով պարտատոմսերի համար ներկայացված գնման հայտերի ընդհանուր գումարը (ընդհանուր պահանջարկը) կազմել էր 2,478,193,315 ՀՀ դրամ: Պարտատոմսերն ամբողջությամբ տեղաբաշխվել են, որի արդյունքում Ընկերությունը ներգրավել է 981,365,520 ՀՀ դրամ: Տեղաբաշխված արժեթղթերի կտրման գինը կազմել է 97,625.24 ՀՀ դրամ: Միջին կշռված եկամտաբերությունը կազմել է 10.7688%, իսկ կտրման եկամտաբերությունը՝ 10.9501%:

Այս թողարկումը ԱՀԸ ՎՎԿ պարտատոմսերի թողարկումներից առաջինն է, որն ընդգրկվել է հիմնական Abond ցուցակում, ներկայումս ընկերության կորպորատիվ պարտատոմսերի եւս երեք թողարկումներ թույլատրված են առեւտրին և շրջանառվում են ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի պարտատոմսերի ազատ շուկայում:

Դիտում՝ 4158
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW