Կայացել է կապիտալի շուկաների զարգացմանը նվիրված համաժողով

07.02.2014 | 18:06 Գլխավոր էջ / Նորություններ / Արժեթղթերի շուկա /

Ծաղկաձորում այսօր տեղի է ունեցել կապիտալի շուկաների զարգացմանը նվիրված համաժողով, որը կազմակերպել էին Վերակառուցման եւ Զարգացման Եվրոպական Բանկը (ՎԶԵԲ) եւ ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիան՝ ՀՀ Կենտրոնական բանկի աջակցությամբ:

Միջոցառմանը մասնակցում էին ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը, ՀՀ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը եւ ՎԶԵԲ-ի Տեղական արժույթի եւ կապիտալի շուկաների զարգացման գծով տնօրեն Անդրե Կուուսվեկը, ՀՀ բանկերի ղեկավարներ, կորպորատիվ պարտատոմսերի պոտենցիալ թողարկողներ, ֆոնդային բորսաների, քլիրինգային եւ հաշվարկային հաստատությունների, վարկանիշային գործակալությունների, տեղական եւ միջազգային ներդրումային կազմակերպությունների ներկայացուցիչները եւ այլն:

Համաժողովի ընթացքում քննարկվել են Հայաստանում կապիտալի կայուն շուկաների զարգացման հետ կապված մարտահրավերներն ու հնարավորությունները: Քննարկվել է համաշխարհային եւ ներքին համատեքստը՝ հաշվի առնելով շուկայի հեռանկարները, ՎԶԵԲ-ի եւ այլ դոնորների կողմից Հայաստանում կապիտալի շուկաների զարգացման օժանդակության հնարավորությունները:

«Արդյունավետ համագործակցության արդյունքում կարողացել ենք ապահովել միջազգային ֆինանսական կառույցների՝ Վերակառուցման եւ Զարգացման Եվրոպական Բանկի, ինչպես նաեւ Միջազգային ֆինանսական կորպորացիայի մուտքը Հայաստանի կապիտալի շուկա: Տեղի ունեցան այդ երկու կազմակերպությունների կողմից հայկական դրամով պարտատոմսերի առաջին տեղաբաշխումները, որի առթիվ շնորհավորում եմ բոլորիս: Մենք հավատացած ենք, որ նման տեղաբաշխումները կրելու են շարունակական բնույթ»,- նշել է ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը:

«ՎԶԵԲ-ը հիմնական ներդրող է Հայաստանի մասնավոր հատվածում եւ տեղական արժույթի եւ կապիտալի շուկաների հետագա զարգացման կողմնակից: Այս համաժողովը համընկնում է Հայաստանում ՎԶԵԲ -ի կողմից իր առաջին՝ աճուրդում հրապարակայնորեն վաճառվող տեղական արժույթով պարտատոմսերի  թողարկման հետ, որից ստացած հասույթը Բանկը ուղղելու է իր՝ տեղական դրամով ներդրումների պորտֆելին: Սա ազդանշան է, որ հայկական շուկաները բաց են միջազգային ներդրումային հանրության համար, միեւնույն ժամանակ, օգնելով համապատասխանեցնել հաշվեկշիռների արժութային եւ ժամկետային կառուցվածքները ներդրողների եւ դրամային արժույթով վարկառուների համար»,- ասել է ՎԶԵԲ-ի երեւանյան գրասենյակի ղեկավար Մարկ Դեւիսը:

«Վերջին զարգացումների եւ Հայաստանում ավելի արդյունավետ, թափանցիկ եւ գրավիչ կապիտալի շուկաներ զարգացնելու՝ շուկայի բոլոր մասնակիցների ջանքերի հետ մեկտեղ մենք նկատում ենք աճող հետաքրքրություն միջազգային ֆինանսական հանրության կողմից»,- ասել է ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի գլխավոր տնօրեն Կոնստանտին Սարոյանը:

Դիտում՝ 5252
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW