Հայաստանի ֆոնդային բորսան (AMX) ամփոփել է 2025 թվականի հոկտեմբեր ամսվա շուկայական տվյալները։ Ամսվա ընթացքում պահպանվել է դինամիկ առեւտրային միջավայրը՝ ընդգծելով ներդրողների աճող վստահությունը եւ շուկայական ակտիվությունը։Հոկտեմբերին Հայաստանի ֆոնդային բորսայի պետական պարտատոմսերի առաջնային տեղաբաշխման հարթակում տեղաբաշխվել է շուրջ 31 մլրդ ՀՀ դրամի պարտատոմս, իսկ երկրորդային շուկայում իրականացվել է 104 գործարք՝ ավելի քան 26․4 մլրդ ՀՀ դրամ ծավալով։Կորպորատիվ պարտատոմսերի շուկայում գրանցվել է առեւտրի ծավալի 120% աճ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ՝ կազմելով մոտ 14.5 մլրդ ՀՀ դրամ։ Հաշվետու ժամանակահատվածում կնքվել է 986 գործարք՝ հոկտեմբերի վերջի դրությամբ բորսայում շրջանառվող 164 կորպորատիվ պարտատոմսերով։ Այս կայուն աճը արտացոլում է կորպորատիվ պարտատոմսերի նկատմամբ առողջ պահանջարկը։Բաժնետոմսերի շուկայում առեւտրի ծավալը կազմել է մոտ 90 մլն ՀՀ դրամ, իսկ շուկայի կապիտալիզացիան՝ մոտ 462 մլրդ ՀՀ դրամ։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշի համեմատ առեւտրի ծավալը աճել է 7 %-ով, իսկ շուկայի կապիտալիզացիան՝ 36.48%-ով։ Բաժնետոմսերով կնքվել է 153 գործարք։Ռեպո գործարքների ընդհանուր ծավալը կազմել է ավելի քան 4 մլրդ ՀՀ դրամ: Հոկտեմբերին կնքվել է 39 ռեպո գործարք։ Հոկտեմբերին ՀՖԲ արտարժույթի շուկայում իրականացվել է ԱՄՆ դոլարի փոխանակում շուրջ 536 մլն ՀՀ դրամ ծավալով՝ 6 գործարքով։ Ամսվա ընթացքում դոլարի նկատմամբ պահանջարկի փոխարժեքը ձեւավորվել է 382.75– 383 դրամ միջակայքում, առաջարկը՝ 383-383.95 դրամի միջակայքում։ Կնքված գործարքների միջին գինը կազմել է 382.93 դրամ։Ամսական տվյալների համեմատական գրաֆիկները կարող եք տեսնել AMX-ի պաշտոնական կայքում: Tweet Դիտում՝ 4384