Հայաստանի ֆոնդային բորսայում թույլատրվել է ՀՀ եվրապարտատոմսերով (ծածկագիր՝ XS2010028939, բորսայական հապավում՝ EUBDB5) $586,5 մլն ընդհանուր ծավալով առեւտուրը, որոնք տեղաբաշխվել են այս տարվա փետրվարին։ Թողարկողը Հայաստանի Հանրապետությունն է՝ ի դեմս ՀՀ ֆինանսների նախարարության։ Պարտատոմսերն ունեն 10 տարվա մարման ժամկետ եւ 3.6% արժեկտրոնային եկամտաբերություն, որն ավելի ցածր է, քան նախորդ թողարկման պարտատոմսերի դեպքում: Եվրապարտատոմսերի վերջնահաշվարկը եւ ենթապահառությունը իրականացնում է Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիան: Վերջինիս գործընկեր «Clearstream Banking Luxemburg»-ի հետ համագործակցության շնորհիվ եվրապարտատոմսերը հասանելի են դարձել Հայաստանի ներդրողների համար։ ՀՀ եվրապարտատոմսերը բորսայական առեւտրին առաջին անգամ թույլատրվել են 2014 թվականին, երկրորդը՝ 2019 թվականին: Եվրապարտատոմսեր ձեռք բերելու համար անհրաժեշտ է դիմել Հայաստանի ֆոնդային բորսայի գործընկեր կազմակերպություններին։ Tweet Դիտում՝ 3739