Այսօր Երեւանում մեկնարկել է Եվրասիական ֆոնդային բորսաների միության (ԵՖԲՄ) 24-րդ տարեկան վեհաժողովը:Եռօրյա միջոցառումը մեկ հարկի տակ է հավաքել ԵՖԲՄ անդամ բորսաների ղեկավարների եւ ավելի քան 20 երկրներից ժամանած հյուրերի։ Այն հանդիսանում է առաջին հանդիպումը ԵՖԲՄ-ի գլխավոր գրասենյակը Ստամբուլից Երեւան տեղափոխելուց հետո։ ԵՖԲՄ խորհրդի նախագահ Մոհամեդ Ֆարիդն ասել է, որ նման հանդիպումները լավ հնարավորություն են ստեղծում ոչ միայն տեսակետների փոխանակման, այլեւ տարածաշրջանի բոլոր ֆոնդային բորսաների բարեփոխումների օրակարգը մշակելու համար։«Ֆոնդային բորսաների դերը միայն առեւտրի կազմակերպումը չէ։ Դրանք ցանկացած տնտեսության մեջ շատ մեծ կարեւորությունն ունեն, մասնավորապես՝ կապիտալի ձեւավորման հարցում։ Ֆոնդային բորսաներն օգնում են ձեռնարկություններին հայթայթել անհրաժեշտ ֆինանսավորում, ինչպես նաեւ մշակել կառավարման ուղղությամբ ճիշտ ռազմավարություն»,- ասել է ԵՖԲՄ խորհրդի նախագահը: Նա ընդգծել է, որ վեհաժողովի շրջանակում ակտիվորեն կքննարկվի առաջիկա տարիների ֆեդերացիայի զարգացման ուղիները, ռազմավարությունը եւ բյուջեն։ԵՖԲՄ գլխավոր քարտուղար Կոնստանտին Սարոյանն էլ ասել է, որ ֆեդերացիան փորձում է նոր ռազմավարություն ձեւավորել՝ կարեւորելով միասնական մարկետինգային ներկայացուցչական գործառույթների իրականացումը։«Այս նոր մոտեցումները հնարավորություն կտան բարձրացնել անդամ երկրների շուկաների տեսանելիությունը եւ համապատասխանաբար ավելի հասկանալի ու մատչելի դառնալ հատկապես օտարերկրյա ներդրողների համար»,- ասել է Կոնստանտին Սարոյանը։ Նա նշել է, որ ԵՖԲՄ-ի գլխամասի տեղափոխությունը Հայաստան արդեն իսկ տվել է դրական արդյունքներ։ «Հայաստանը բորսաների հաճախորդների համար ավելի տեսանելի եւ հասկանալի է դառնում։ Սա նշանակում է, որ մենք պետք է կարողանանք որակյալ ծառայություն ապահովել՝ Հայաստանի իրական արժեքն աշխարհի բորսաներին ցույց տալու համար»,- ասել է նա։ ԵՖԲՄ գլխավոր քարտուղարը տեղեկացրել է նաեւ, որ հաջորդ վեհաժողովը ծրագրվում է կազմակերպել հաջորդ տարի Եգիպտոսում։ Tweet Դիտում՝ 5170