«Ֆինքա» ՈՒՎԿ-ի անվանական արժեկտրոնային պարտատոմսերը (FNCAB1) նախօրեին ցուցակվել են «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» ֆոնդային բորսայում եւ ընդգրկվել պարտատոմսերի երկրորդային (Bbond) ցուցակում: «Ցուցակման գործընթացը հնարավորություն է տալիս սկսելու պարտատոմսերի շրջանառությունը բորսայում: Ցուցակման պահից թույլատրվել են նշված պարտատոմսերով հասցեական առեւտուրն ու ռեպո գործարքների կնքումը»,- ասված է հաղորդագրությունում:Ցուցակված պարտատոմսերը ներառում են 160 հազ. հատ անվանական արժեկտրոնային պարտատոմս` $25 անվանական արժեքով, արժեկտրոնի 7,5% տոկոսադրույքով եւ 24 ամիս շրջանառության ժամկետով: «2017թ. փետրվարին «Ֆինքա»-ն հաջողությամբ ավարտել է 7,5% տարեկան եկամտաբերությամբ $4 մլն անվանական արժեքով դոլարային արժեկտրոնային պարտատոմսերի թողարկումը` տեղաբաշխելով ամբողջ ծավալը եւ ներգրավվելով $4 003 869,33 միջոցներ: Պարտատոմսերի երաշխավորված տեղաբաշխումն իրականացրել էր Արարատբանկը: Այժմ բանկին շնորհվել է «Ֆինքա»-ի պարտատոմսերի շուկա ստեղծողի կարգավիճակ, որի համաձայն` բանկը կապահովի պարտատոմսերի անընդհատ երկկողմանի գնանշումներ՝ երաշխավորելով երկրորդային շուկայում պարտատոմսերի իրացվելիությունն ու ներդրողների համար ստեղծելով ցանկացած պահին դրանք վաճառելու կամ գնելու հնարավորություն»,- նշել է «Ֆինքա» ՈՒՎԿ-ի ֆինանսական տնօրեն Անուշ Պետրոսյանը: Tweet Դիտում՝ 6697