Edutrex. միավորելով միջազգային եւ տեղական փորձը

02.06.2014 | 11:06 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /

Հայաստանում մասնագիտական զարգացմանը նպաստող ընկերությունների շարքը համալրվեց եւս մեկով. վերջերս իր գործունեության մեկնարկի մասին հայտարարեց  Edutrex (Education, Training, Experts) ընկերությունը, որը նախատեսում է խթանել օժանդակ կրթությունը եւ մասնագիտական աճը վերապատրաստման, մասնագիտական միջոցառումների եւ կրթական ծրագրերի միջոցով:

Ինչպես Banks.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է  Edutrex-ի հիմնադիր տնօրեն Արտակ Ալոյանը, ընկերության ստեղծման հիմքում ընկած է նախ եւ առաջ մասնագիտական եւ անձնական առաջընթացի, ցկյանս ուսումնառության գաղափարը: «Այս մշակույթը առավել տարածված է Արեւմուտքում, եւ մենք ցանկանում ենք այն ներմուծել նաեւ հայաստանյան գործարար միջավայր: Գլոբալիզացիայի դրական հետեւանքներից մեկն էլ այն է, որ հնարավորություն է տալիս փոխանակել միջազգային փորձը»:

Նրա փոխանցմամբ, նորաստեղծ ընկերության նպատակն է առավելապես շեշտադրել ոչ թե ընդհանուր, այլ նեղ, թիրախային թեմաներ, որոնց ուսուցումը կներառի ոչ միայն թրեյնինգներ, այլեւ քոչինգ. Edutrex-ը նախատեսում է լինել հետեւողական եւ աջակցել իր ծրագրերի մասնակիցներին նաեւ թրեյնինգի ավարտից հետո:

Բիզնես հանրությանն ուղղված Edutrex-ի երկարաժամկետ ծրագրերը նախատեսում են թրեյնինգների կազմակերպում մի շարք ուղղություններով, որոնք ներառում են նաեւ թեմաներ՝ նվիրված  բիզնես էթիկային, ժամանակի եւ սթրեսի կառավարմանը, անձնային աճի կարեւոր նախադրյաներին, որոնց թվում Արտակ Ալոյանը առանձնացնում է  հաջողությունը, երջանկությունը եւ լավատեսությունը:

«Մեր նպատակն է, որպեսզի թրեյնինգի սենյակից դուրս գալուց հետո մասնակիցը պատրաստ լինի փոփոխություններ ձեռնարկել, զգա, որ կարող է կիրառել ստացած գիտելիքները»:

Edutrex-ի հիմնադրի կարծիքով, բիզնես հանրության համար պակաս կարեւոր չէ կյանքի եւ աշխատանքի միջեւ հավասարակշռության պահպանումը, ինչը նպաստում է աշխատակցի արտադրողականության եւ արդյունավետության բարձրացմանը: Հենց այդ խնդրին է նվիրված լինելու հունիսի վերջին կազմակերպվելիք «Work-life balance» (Աշխատանք-կյանք հավասարակշռություն) սեմինարը, որը վարելու է ԱՄՆ-ից ժամանած փորձագետը:

Իսկ սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին Edutrex-ն առաջարկելու է վերապատրաստման հնարավորություն Եվրոպայում: «Թեեւ առաջարկվող թրենինգների բովանդակությունը դեռեւս քննարկման փուլում է, սակայն արդեն հստակ է, որ ծրագրերը ունենալու են համեմատաբար նեղ ուղղվածություն, հագեցած են լինելու ոչ միայն տեսական, այլեւ գործնական նյութերով, իսկ դասընթացները վարելու են իրենց ոլորտում զգալի հաջողությունների հասած եւ հայտնի փորձագետներ: Իսկ պոտենցիալ մասնակիցների համար սահմանվելու են հասանելի եւ «չվանող» գներ»,- հայտնել է մեր զրուցակիցը:

Եզրափակելով՝ Արտակ Ալոյանը նշել է, որ Հայաստանում գորոծող բոլոր ընկերություններին, որոնք առաջարկում են օժանդակ կրթության եւ մասնագիտական վերապատրաստման դասընթացներ, դիտարկում է ոչ թե որպես մրցակիցներ, այլ հնարավոր գործընկերներ:

Շուշան Մարգարյան` հատուկ Banks.am-ի համար

Դիտում՝ 3122
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW