Executive MBA-ի շրջանավարտների պողպատե խառնվածքը եւ երկար սպասված վկայականները
27.11.2023 | 17:03
Գլխավոր էջ /
Նորություններ /
Հոդվածներ /

Լուսանկարը՝ Մեդիամաքս















Banks.am-ը ներկա է գտնվել ավարտական վկայականների հանձնման արարողությանն ու ներկայացնում է դրա հետաքրքրական դրվագները:
Շեֆիլդի համալսարանի Executive MBA ծրագիրը Երեւանում մեկնարկել է 2016 թվականին։ 2021 թվականից այն ներկայացվում է ավելի ընդլայնված՝ համաեվրոպական տարբերակով, հայաստանյան դիմորդներին առաջարկելով միաժամանակ ստանալ բրիտանական Յորքի համալսարանի եւ ֆրանսիական Ստրասբուրգի համալսարանի MBA բիզնես կրթություն եւ դիպլոմներ՝ ապրելով եւ աշխատելով Երեւանում։
Ծրագրի մեկնարկից ի վեր՝ համալսարանը Հայաստանում ունեցել է ավելի քան 200 ուսանողներ, սակայն հատկապես 2019 եւ 2020 թվականներին կրթությունը մեկնարկած ուսանողների անցած ճանապարհն առանձնահատուկ էր:
Covid-19-ի եւ Հայաստանում պատերազմական բարդ իրավիճակներով պայմանավորված՝ կրթական գործընթացը լի էր դժվարություններով: Թեեւ ծրագրի տեւողությունը 2 տարի է, այս խմբերի ուսանողների համար այն ավելի երկար տեւեց, քանի որ դասերի՝ նախապես սահմանված ժամանակացույցով իրականացումը դարձել էր անհնար:
Այդուհանդերձ, 2023 թվականի նոյեմբերի 23-ին Երեւանի «Մարիոթ» հյուրանոցում տեղի ունեցած միջոցառման ընթացքում նրանք բոլորը վերջապես պարգեւատրվեցին այդքան սպասված ավարտական վկայականներով:
Համաեվրոպական Executive MBA-ի հայաստանյան եւ վրաստանյան ծրագրերի տնօրեն Լիլիթ Շահզադեյանը հիշում է, թե որքան բարդ էր կրթական գործընթացի կազմակերպումը ամբողջական կարանտինի պայմաններում:
«Executive MBA ծրագրի առանձնահատկություններից է այն, որ դասախոսներն իրենք են ժամանում Երեւան ամիսը մեկ անգամ՝ ուսանողներին հնարավորություն տալով մնալ իրենց ընտանիքների հետ եւ չկտրվել աշխատանքից: Համավարակի պայմաններում դա անհնար դարձավ, քանի որ ճանապարհորդել անկարելի էր»,-նշել է նա Banks.am-ի հետ զրույցում:
Միեւնույն ժամանակ ուսանողները չէին ցանկանում դասերն առցանց անցկացնել, ինչը կարելի է հասկանալ. խրթին ուսումնական նյութն առցանց սովորելը դասն ունկնդրելով տան ոչ ակադեմիական միջավայրից, հեշտ խնդիր չէ:
«Բոլորը հուսով էին, որ շուտով ամեն ինչ կկարգավորվի ու կրթական ծրագիրը կանցնի իր բնականոն հունին, սակայն հետագայում ստիպված էինք նորից հետաձգել դասերը ցավալի 44-օրյա պատերազմի բերումով»,-ասել է Լիլիթ Շահզադեյանը:
Նա հրաշալի հիշում է ուսանողների երջանիկ դեմքերը, երբ նրանք վերջապես առցանց դասավանդումից անցան դեմ առ դեմ հանդիպումներին:
«Հետզհետե ուսանողները կարողացան ընդունել փոփոխված աշխարհի նոր իրողությունները: Նրանք անցան երկար ճանապարհ՝ լեցուն տարատեսակ հույզերով՝ վախեր, անհանգստություններ, դասերին մասնակցելու ուրախություն ու ճանապարհորդությունների բերկրանք: Իրենց թեկնածուականների վրա ինը ամիս քրտնաջան աշխատանքից հետո նրանք վերջապես այստեղ են՝ որպես Շեֆիլդի համալսարանի Executive MBA-ի երջանիկ շրջանավարտներ»,- հավելել է Լիլիթ Շահզադեյանը:
Միջոցառման ընթացքում ուսանողներին բարեմաղթանքներ է հղել նաեւ Executive MBA ծրագրի ակադեմիական տնօրեն պրոֆեսոր Լեսլի Սզամոսին: Նրա խոսքով՝ ուսանողների անցած այս ամբողջ ճանապարհը կարելի է մեկ բառով նկարագրել՝ դիմադրություն: Շնորհավորելով շրջանավարտներին ավարտականի առթիվ, նա ընդգծել է նրանցից յուրաքանչյուրի հաստատակամության դերը՝ գնալու մինչեւ վերջ:
«Երբ մենք ձեզ հետ նոր էինք մեկնարկում ծրագիրը, ասում էինք, որ բարդ ճանապարհ է սպասվում, եւ կարող են լինել ժամանակներ, երբ մենք հարցականի տակ կդնենք՝ կավարտե՞ք ծրագիրը, թե՞ ոչ, ինչ բնական է: Այնուհետեւ սկսվեց համավարակը, հետո պատերազմը, եւ այլ բարդացնող գործոններ, իսկ վերջում մենք տեսանք անհատների մի խմբի, որը ջանք չի խնայում առաջադրված խնդիրը հաջողությամբ ավարտին հասցնելու համար»,- իր ելույթում նշել է պրոֆեսորը:
Նրա խոսքով՝ դիպլոմների հանձնմամբ ամեն ինչ ոչ թե ավարտվում է, այլ միայն նոր է սկսվում, քանի որ համալսարանը շարունակելու է աջակցել իր շրջանավարտներին նրանց հետագա ճանապարհի ընթացքում:
«Այս երկրում զարգացման հնարավորությունները հսկայական են, եւ հրաշալի է տեսնել ձեզ՝ որպես այդ զարգացումն իրականություն դարձնող հաջորդ խմբի»,- հավելել է նա:
Շրջանավարտներին շնորհավորելու էր եկել նաեւ Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպան Ջոն Գալագերը, որն իր ելույթում մի հետաքրքրական զուգադիպություն է ընդգծել. Շեֆիլդ քաղաքը հայտնի է իր պողպատով, ինչն էլ հրաշալիորեն բնութագրում է համալսարանի շրջանավարտների պողպատե խառնվածքը՝ պատրաստ դիմակայելու ճանապարհի բարդություններին ու հաղթահարելու խոչընդոտները:
«Ձեր անցած ճանապարհը ցույց է տալիս, որ դուք ունակ եք հաղթահարելու տարատեսակ մարտահրավերներ, որոնց կհանդիպեք ձեր ապագա կարիերայի ընթացքում: Ես հույս ունեմ, որ ձեր փորձառությունը Շեֆիլդի համալսարանի հետ մշտապես դրական հայացքով կհիշեք՝ չնայած բոլոր դժվարություններին: Ես անհամբերությամբ սպասում եմ տեսնելու ձեր ներդրումը Հայաստանի շարունակական զարգացման գործում՝ կերտելու ավելի ուժեղ պետություն, եւ վստահ եմ, որ յուրաքանչյուրդ ձեր դերը կունենաք»,- նշել է դեսպան Ջոն Գալագերը:
Շրջանավարտները իրենց շնորհակալական խոսքն են ուղղել դասախոսական կազմին եւ համալսարանի անձնակազմին՝ բարդ, բայց կարեւոր ճանապարհին իրենց սատար կանգնելու համար:
Նրանցից Տաթեւիկ Մսրյանն իր ելույթում նշել է, որ երբ իր շրջապատում հարցնում են, թե ինչ է տվել նրան Շեֆիլդի համալսարանը, նա ուրախությամբ պատասխանում է՝ ստացված գիտելիքը ոչ թե պարզապես տեսական էր, այլ ամբողջապես գործնական:
«Ուսման այս երկու տարիների ընթացքում մենք սովորել ենք, թե ինչպես ունենալ ռազմավարական մտածողություն, լինել նորարար ու ստեղծագործ, եւ որ ամենակարեւորն է՝ մենք ձեռք ենք բերել առաջնորդության հմտություններ: Զարգացրել ենք նաեւ մեր վերլուծական եւ թիմային աշխատանքի կարողությունները: Ինձ համար շատ կարեւոր է նաեւ այն, որ այս ծրագրի շնորհիվ ձեռք եմ բերել ընկերներ ամբողջ կյանքի համար»,- նշել է նա:
Տաթեւիկ Մսրյանը հույս է հայտնել, որ իրենց ձեռք բերած բոլոր հմտությունները կծառայեցնեն աշխարհն ավելի լավը դարձնելուն. «Ինչպես մեր սիրելի պրոֆեսոր Սզամոսին է մշտապես ասում՝ առաջ դեպի հաջորդ մարտահրավերը»:
Ծրագրի մեկ այլ շրջանավարտ՝ Հայկ Մկրտչյանը հիշում է, թե որքան բարդություններ են ստիպված եղել հաղթահարել վերջին տարիներին իրար հաջորդած աղետների բերումով:
«Մեր անցած ճանապարհը շատ ավելի բարդ ստացվեց, քան մենք կարող էինք պատկերացնել, այդուհանդերձ, մենք շարունակում էինք սովորել: 4 տարի է, ինչ մենք սպասում էինք ավարտական վկայականները ստանալու այս միջոցառմանը, եւ ես հուսով եմ, որ բոլորս միասին կկարողանանք Հայաստան բերել դրական փոփոխությունների քամին»,- նշել է նա:
Executive MBA համաեվրոպական ծրագրի հետ կապված հարցերով կարող եք զանգահարել +37493 909 349 համարով կամ գրել aghukasyan@york.citycollege.eu էլեկտրոնային հասցեին:
Գայանե Ենոքյան
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: