«Տնտեսագիտությունն ընտանիքի մասին է, որը ցանկանում է ավելի շատ երեխաներ ունենալ, բայց քիչ գումար ունի նրանց հետագա կրթության համար: Տնտեսագիտությունն այս խնդիրն ու դրա լուծման փնտրտուքն է», - ասում է տնտեսագիտության պրոֆեսոր Ռենդալ Ֆայլերն, ով հանրահայտ «Common Sense Economics» գրքի համահեղինակն է: Գրքի նպատակն է՝ հանրամատչելի լեզվով բացատրել մարդկանց հիմնական տնտեսագիտական հասկացությունները: Համեհեղինակի խոսքով՝ սա գիրք է ավագ դպրոցի աշակերտներից մինչեւ մեր տատիկ-պապիկների տարիքի ընթերցողների համար: Լուսանկարը՝ Մեդիամաքս Հայաստանի ամերիկյան համալսարանում (ՀԱՀ) Ռենդալ Ֆայլերը մասնակցել է գրքի հայերեն թարգմանության շնորհանդեսին: «Տնտեսակետ. Անձնական բարեկեցթյան եւ երկրի բարգավաճման բանաձեւը». այս անվանումն է ստացել գրքի հայերեն թարգմանությունը, որն արդեն հասանելի է ինչպես առցանց, այնպես էլ՝ մի շարք ուսումնական հաստատությունների գրադարաններում: «Այս գիրքն ու դրա հետագա թարգմանությունը բազմաթիվ լեզուներով բավականին խոշոր նախագիծ է: Այսօր արված կամ դեռ ընթացքում մոտ 10 թարգմանություն ունենք: Ուրախ եմ տեսնել հայերեն արդեն հրատարակված տարբերակը», - Banks.am-ին ասել է պրոֆեսոր Ռենդալ Ֆայլերը: Ռենդալ Ֆայլերը Լուսանկարը՝ Մեդիամաքս Նա ընդգծել է՝ «Տնտեսակետ»-ը ոչ այնքան մասնագիտությամբ տնտեսագետների, որքան հասարակության բոլոր ներկայացուցիչների համար է. «Հասարակությունները կշահեն ու ավելի բարեկեցիկ կլինեն, եթե քաղաքացիները պատկերացում ունենան տնտեսագիտության մասին: Գիրքն այնպես է շարադրված, որ յուրաքանչյուրը՝ 14, թե 17 տարեկան, կարող է հասկանալ այն: «Տնտեսակետ»-ը կարող է օգտակար լինել ինչպես բարձր դասարանի աշակերտների, այնպես էլ բոլոր ֆակուլտետների ուսանողների, լրագրողների, ավագ սերնդի համար: Ահա, թե ինչու ենք ցանկանում, որ գիրքը հնարավորինս շատ լեզուներով թարգմանվի: Գրքի միջոցով մարդիկ կարող են հեշտությամբ հասկանալ հասկացությունները, որոնց հանդիպում են ամենօրյա կյանքում ու որոնք ազդում են իրենց կյանքի վրա»: Պրոֆեսոր Ֆայլերը նկատել է՝ հայերն առօրյա կյանքում շատ են օգտագործում ֆիզիկան ու չլինելով ֆիզիկոսներ՝ գրեթե բոլորը գիտեն դրա հիմնական հասկացություններն ու օրենքները: Ռենդալ Ֆայլերը Լուսանկարը՝ Մեդիամաքս «Նույն կերպ, նրանք ամեն օր առնչվում են տնտեսագիտությանը, բայց չեն հասկանում այն: Երազանքս է, որ համալսարանի ուսանողը, որը կարդացել է այս գիրքը, ընտանեկան ընթրիքի շուրջ քննարկի այն ու, օրինակ, իր տատիկին ասի՝ «այսպիսի մի գիրք կա, եթե ուզում ես ավելին իմանալ ու հասկանալ, խորհուրդ եմ տալիս կարդալ»»: Ամերիկյան համալսարանի դասախոս Գուրգեն Ասլանյանը պատմել է, որ Ռենդել Ֆայլերը Հայաստանի հետ հարաբերությունների «երկար պատմություն» ունի: Շատ է ճամփորդել տարածաշրջանի տարբեր երկրներում ու հիմա էլ պատրաստվում է որոշ ժամանակ այստեղ մնալ: Գուրգեն Ասլանյանը Լուսանկարը՝ Մեդիամաքս «Գրքի համահեղինակի հետ եկանք եզրակացության, որ հատկապես մեր տարածաշրջանում խնդիր կա՝ տնտեսագիտությունը, ֆինանսական գրագիտությունը մի փոքր կաղում է: Մենք կարիք ունեինք տնտեսագիտությունը բերել մարդկանց տուն, քանի որ այն ամենօրյա կյանքի մաս է: Այս գրքում տնտեսագիտական հիմնական հասկացությունները նկարագրված են մատչելի լեզվով: Թարգմանության ընթացքում որոշ չափով խմբագրել ենք այն ու օրինակներն ավելի հասկանալի դարձրել հայ ընթերցողի համար», - ասել է Գուրգեն Ասլանյանը: Լուսանկարը՝ Մեդիամաքս Նրա խոսքով՝ հատկապես բարդ է եղել վերնագրի ընտրությունը, քանի որ բառացի թարգմանությունը չէր փոխանցում այն, ինչ գրքում է: «Որոշեցինք, որ մեզ նոր բառ է պետք ու հորինեցինք «տնտեսակետ»-ը՝ տնտեսագիտական տեսակետ: Մտավախություն ունեինք, որ կարող է լավ չընդունվել, մարդիկ ասեն՝ չկա նման բառ, բայց դեռեւս արձագանքները միայն դրական են»: Քրիստինե Արշակյանը Լուսանկարը՝ Մեդիամաքս Գրքի թարգմանիչներից Քրիստինե Արշակյանը նշել է, որ աշխատանքի ընթացքում մարտահրավերները շատ էին. «Պետք էր նոր բառապաշար: Պետք էր տնտեսագիտական տերմինները հայերեն թարգմանել այնպես, որ մատչելի լինեն ոչ մասնագետ հայ ընթերցողի համար: Նաեւ կարեւոր էր հաշվի առնել, որ գիրքը նախատեսված է տարբեր տարիքի ընթերցողների համար: Աշխատանքի ընթացքում թիմով բազմաթիվ քննարկումներ ու նույնիսկ՝ վիճաբանություններ ենք ունեցել: Հուսով եմ՝ թարգմանությունը ստացվել է եւ ընթերցանությունը հաճելի կլինի»: Յանա ՇախրամանյանԼուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի Tweet Դիտում՝ 50290