«Այգ-1» արեւային կայանի կառուցման նախապատրաստական աշխատանքներն ընթացքի մեջ են

19.05.2022 | 14:50 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /
Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (ԱՆԻՖ) եւ Աբու Դաբիի «Մասդար» ընկերության համատեղ ծրագրի` Արագածոտնի մարզի Թալին եւ Դաշտադեմ համայնքների վարչական տարածքում կառուցվող «Այգ-1» ֆոտովոլտային 200 մՎտ հզորությամբ կայանի կառուցման նախապատրաստական աշխատանքներն ընթացքի մեջ են:

Ներկայում ընթանում են շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման (ՇՄԱԳ) աշխատանքները։ Դրանք իրականացվում են միջազգային չափանիշներով` ներգրավելով տեղական եւ արտերկրյա մասնագետների խմբեր։ Կայանի աշխատանքները համակարգող «Ի էյ Էներջի Ըդվայզորի» կազմակերպությունը տարածքում տեղադրել է միջազգային չափանիշներին համապատասխան արեւային եւ կլիմայական պայմանների մոնիտորինգի համար մետեո կայան` համալրված տարբեր տեսակի չափիչ սարքերով եւ տվիչներով։

Banks.am-ը ներկայացնում է տարածքում իրականացվող աշխատանքների ընթացքը:

Վերականգնվող էներգետիկայի ոլորտի ընդլայնումը Հայաստանում

Հայկ Թադեւոսյան, ԱՆԻՖ բիզնեսի զարգացման գծով տնօրեն

Այս ծրագիրը մեր երկրի համար ներդրումային տեսանկյունից կարեւոր ռազմավարական նշանակություն ունի, ինչպես նաեւ՝ ՀՀ ընդհանուր էներգետիկ հաշվեկշռում վերականգնվող էներգիայի մասնաբաժնի ավելացման, էներգետիկ անվտանգության եւ անկախության նպատակի բարձրացման տեսանկյունից։

Հայկ Թադեւոսյանը


Ծրագրով ՀՀ կառավարությունը վերահաստատում է իր հանձնառությունը՝ ընդլայնել վերականգնվող էներգետիկայի ոլորտը Հայաստանում, որի համաձայն՝ նախատեսվում է կառուցել մինչեւ 1000 մեգավատ հզորության արեւային կայաններ, նպատակ ունենալով մինչեւ 2030 թվականը արեւային էլեկտրակայանների արտադրած էներգիայի տեսակարար կշիռը ընդհանուրի մեջ հասցնել առնվազն 15 տոկոսի։

Ներկայում Թալինի վարչական տարածքում տեղադրված մետեո կայանի միջոցով տեղանքի հետազոտություններն իրականացնելուց, պարամետրերը հավաքելուց հետո կսկսենք երկրորդի տեղանքի մասով դիտարկումներ անել։ Կայանը հավաքվում է բոլոր տեխնիկական տվյալները, որոնք անհրաժեշտ են ճիշտ նախագծելու եւ կայանը ճիշտ դիրքավորելու, կառուցելու համար։ Նախագծման աշխատանքները, կարծում եմ, մոտ ապագայում կսկսենք՝ ունենալով տեխնիկական տվյալները։

Մետեո կայանը


Նաեւ հնագիտական աշխատանքներ են իրականացվում, որպեսզի բացառենք պատմամշակութային որոշակի օբյեկտների վնասումը։
«Այգ-1» կայանը պլանավորում է շահագործման հանձնել 2025 թվականին։ Սա դեռ ճանապարհի սկիզբն է, քանի որ «Մասդար»-ի մեր գործընկերներն արդեն հետաքրքրություն են հայտնել եւ մեկ համանման հզորության էլեկտրական կայան Հայաստանում հիմնելու։ Այդ ուղղությամբ եւս ունենք նախնական պայմանավորվածություններ։

Հայկ Թադեւոսյանը


Մենք կարեւորում ենք համագործակցությունը «Մասդար» ընկերության հետ, քանի որ ընկերությունն ունի մեծ փորձառություն վերականգնվող էներգետիկայի, կանաչ տեխնոլոգիաների ոլորտում, ներկայացված է աշխարհի ավելի քան 30 երկրում, այդ թվում՝ Մեծ Բրիտանիայում, ԱՄՆ-ում, Ավստրալիայում, Իսպանիայում, Հնդկաստանում, եւ իր տեխնոլոգիաներով նպաստում է նաեւ գլոբալ մարտահրավերների լուծմանը։

Ուսումնասիրությունների ողջ արդյունքը՝ առաջիկայում

Միքայել Թեւոսյան, «Ի էյ Էներջի Ըդվայզորի եւ Գեոդիզայն» ընկերությունների ներկայացուցիչ

Միջազգային գործընկեր կազմակերպությունների հետ համատեղ, «Ի էյ Էներջի Ըդվայզորի եւ Գեոդիզայն» ընկերությունների կողմից իրականացվել է տարածքի գեոդեզիական քարտեզագրման աշխատանքներ, ճարտարագիտա-երկրաբանական հետազոտություններ, էլեկտրաէներգետիկական համակարգի վրա ազդեցության գնահատում եւ համակարգին միացման հնարավորությունների ուսումնասիրություն:

Միքայել Թեւոսյանը


Բացի տարածքի պատմահնագիտական ուսումնասիրություններից՝ մեկ կամ երկու շաբաթվա ընթացքում կմեկնարկեն կենսաբազմազանության դաշտային ուսումնասիրությունները, ինչպես նաեւ սոցիալական ազդեցության գնահատման համար անհրաժեշտ դաշտային աշխատանքները։ Իրականացվել է ՇՄԱԳ փորձաքննության ընթացակարգի առաջին փուլով նախատեսված առաջին հանրային քննարկումը, որի արդյունքում հավաքագրել ենք տեղի բնակչության մտահոգող բոլոր հարցերը եւ առավելագույնս փորձել ենք դրանց լուծում տալ:
Ակնկալում ենք, որ առաջիկա ամիսներին ունենալ ուսումնասիրությունների ամբողջ արդյունքները, որից հետո հնարավոր կլինի ամբողջությամբ անցնել նախագծային փուլ:



Ներգրավված են տեղական եւ միջազգային փորձագետների հետ համատեղ պատմահնագիտական ուսումնասիրությունների շրջանակում իրականացվում են դաշտային հետազոտական մանրակրկիտ աշխատանքներ։ Տարածքի լազերային սկանավորման միջոցով մշակվել եւ պատրաստվել է ողջ տարածքի թվային քարտեզը: Հաշվետվության համար դիտարկվում են տեղական օրենսդրությամբ սահմանված պահանջները, ինչպես նաեւ միջազգային ֆինանսական կազմակերպությունների կողմից կիրառվող համապատասխան ստանդարտները։

Նախագծման ընթացքում դիտարկվելու են բոլոր հնարավոր միջոցառումները եւ ներգրավված կազմակերպությունների համապատասխան փորձը՝ շրջակա միջավայրի վրա ազդեցությունը նվազագույնի հասցնելու համար:

Պատմամշակութային հուշարձանները կպահպանվեն

Բորիս Գասպարյան, Հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի գիտաշխատող

ՇՄԱԳ աշխատանքները ներառում են բոլոր հնարավոր բնապահպանական եւ սոցիալական ազդեցությունների գնահատում, մեղմման միջոցառումների մշակում, մասնավորապես՝ կենսաբազմազանության, պատմահնագիտական արժեք ներկայացնող տարածքների վրա ազդեցություն եւ այլն։

Բորիս Գասպարյանը


Աշխատում է հնագետների, քարտեզագիրների թիմ, որի նպատակն է քարտեզագրել եւ համարակալել, որակել ու դասակարգել այս տարածքում եւ դրա անմիջական հարեւանությամբ գտնվող հնագիտական միավորները կամ հնավայրերը: Պետք է փնտրել լուծումներ, թե ինչպես կկարողանանք արեւային կայան կառուցելու եւ ժառանգությունը պահպանելու երկու իրար հակառակ միտված գործընթացները բերել ներդաշնակության, չվնասել ժառանգությունն ու ունենալ այդ կայանները։



Շուտով աշխատանքները կավարտվեն եւ կունենանք հստակ գնահատական, թե քանի հուշարձան է եղել, քանիսն ենք փորձելու համադրել արեւային պանելների հետ եւ նաեւ կլինեն պատմամշակութային կարեւոր արժեք ունեցող տարածքներ, որ կխնդրենք ձեռք չտալ։ Ապագայում կփորձենք դա համադրել զբոսաշրջության զարգացման հետ, որպեսզի այն ընկերությունը, որը զբաղվում է արեւային էներգիայի արտադրությամբ, մի քիչ էլ մեզ հետ համատեղ զբաղվի զբոսաշրջությամբ եւ կարողանանք տարածքն ինչ-որ ձեւով օգտագործել նաեւ համայնքի զարգացման համար։ Ամբողջական գույքագրումից հետո մեր առաջարկները կներկայացնենք ԿԳՄՍ նախարարությանը:

Բորիս Գասպարյանը


Միջազգային ծրագրերն իրենց հետ բերեցին այս մշակույթը։ Այն իսկապես խնամք է տանում պատմամշակութային ժառանգության պահպանության համար, ցավոք, Հայաստանում երկար ժամանակ բարձիթողի վիճակ է եղել։ Թող սա լինի օրինակ մյուս նման նախագծերի համար։ Ցանկալի կլիներ, որ ամեն շինարարական նախագիծ Հայաստանում հաշվի առներ այդ գործոնը եւ փորձենք փրկել պատմամշակութային ժառանգությունը։



Երկրին պետք են կայաններ, ճանապարհներ, ոչ մի հնագետ դրան դեմ չէ, բայց պետք չէ դա անել ժառանգության հաշվին, կարող են հայտնաբերվել այնպիսի գտածոներ, որոնք ավելի կարեւոր են, քան որեւէ գործարանը, որը հնարավոր է փոփոխել, կրկին նախագծել։ Ծրագրի ընթացքը գնահատում եմ բավական լավ, փորձենք գույքագրումը ավարտել, հետո անցնենք վերլուծական մասին։

«Այգ-1» ֆոտովոլտային էլեկտրակայանի կառուցման ծրագրի ընդհանուր ներդրումային արժեքը $174 մլն է, իսկ արտադրվող էներգիայի սակագինը մեկ կիլովատ/ժամի (կՎտժ) համար` $0,0290: Ծրագրի իրականացման համար ստեղծված «Մասդար Արմենիա» համատեղ ընկերության բաժնետոմսերի 85%-ը պատկանում է «Մասդար» ընկերությանը, 15 տոկոսը՝ ԱՆԻՖ-ին:

Մասնակցելով պոտենցիալ հաջող եւ ռազմավարական բիզնես ծրագրերին՝ ԱՆԻՖ-ն աջակցում է տնտեսության դիվերսիֆիկացիային, պետական միջոցները տնտեսության տարբեր ճյուղերում ներդնելով՝ ստեղծում հավելյալ արժեք, ինչպես նաեւ նպաստում է ներքին, արտաքին ներդրողների եւ Հայաստանի պետության՝ որպես հուսալի գործընկերոջ հանդեպ վստահության ամրապնդմանը:

Արփի Ջիլավյան

Լուսանկարները՝ Էլեն Գասպարյանի
Դիտում՝ 39580
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW