Ընտրության բարձր որակ եւ ժամանակի տնտեսում. Ամերիաբանկի թվային ձեռքբերումները DigiTec 2021-ում

29.10.2021 | 17:49 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /
Այս տարի ՏՏ ոլորտի խոշորագույն միջոցառմանը՝ DigiTec Expo-ին, Ամերիաբանկն իր հաճախորդներին է ներկայացնում նախորդ երկու տարիների ընթացքում բանկի թվային օրակարգի բոլոր ձեռքբերումները։ Հաճախորդների հարմարավետության ապահովման համար ստեղծված հարթակները ներկայացվում են էկոհամակարգերի ձեւով՝ առաջարկելով ֆինանսական ոլորտի նորույթներ ինչպես ֆիզիկական, այնպես էլ իրավաբանական անձանց համար։

Banks.am-ը եղել է Ամերիաբանկի տաղավարում եւ ծանոթացել ներկայացվող հարթակների ընձեռած հնարավորություններին։

Ընտրության որակի բարձրացում

Ամերիաբանկի գնումների համար նախատեսված էկոհամակարգը ներառում է մեքենաների եւ անշարժ գույքի ձեռքբերման հարթակները։ Ամերիաբանկի հիփոթեքային եւ ավտովարկավորման վարչության ղեկավար Գեւորգ Մանուկյանի խոսքով՝ այս ծառայությունները հաճախորդների շրջանում ամենապահանջվածներից են։ Այս է վկայում նաեւ DigiTec Expo-ի շրջանակում Ամերիաբանկի տաղավարի այցելուների ակտիվությունը։



Automarket.ameriabank.am-ը ստեղծվել է մեքենա ընտրելու եւ ձեռք բերելու գործընթացը հնարավորինս դյուրացնելու համար։ Այն թույլ է տալիս մեկ հարթակում փնտրել նախընտրելի պարամետրերով մեքենան, համեմատել այն ու ստանալ համապատասխան վարկավորում։



«Հարթակում այցելուն կարող է ստուգել իր վարկունակությունը, հասկանալ՝ որքան գումար է իրեն հասանելի ու ըստ դրա էլ կատարել ընտրությունը։ Օրինակ՝ եթե կայքում ընտրել եք 10 մլն դրամ արժողությամբ մեքենա եւ ստուգել, որ Ամերիաբանկը պատրաստ է վարկավորել 9 մլն դրամի չափով, Ձեզ մնում է ունենալ 1 մլն դրամ կանխավճար ու այցելել ավտոսրահ` մեքենան վերցնելու։ Այս համակարգն ապահովում է ժամանակի հսկայական տնտեսում՝ միեւնույն ժամանակ բարձրացնելով հաճախորդի ընտրության որակը»,- մանրամասնել է Գեւորգ Մանուկյանը։

Գեւորգ Մանուկյանը


Estate.ameriabank.am-ն էլ նախատեսված է անշարժ գույքի գնման գործընթացը պարզ եւ արագ կազմակերպելու համար։ Այն միասնական հարթակ է, որտեղ ներկայացված են բանկի հետ համագործակցող կառուցապատողները։

«Հարթակի նպատակը մարդու՝ անշարժ գույքի ձեռքբերման կարիքն առավելագույնս հարմարավետ ձեւով բավարարելն է։ Պոտենցիալ գնորդը կարող է փնտրել, գտնել իր համար նախընտրելի գույքը, անհրաժեշտության դեպքում ստանալ վարկավորման նախնական հաստատում եւ ուղարկել հետաքրքրության հայտ՝ հետագա ձեռքբերման գործընթացը կազմակերպելու համար։ Առաջիկայում ընդլայնելու ենք թվային լուծումները, որպեսզի ապահովենք առանց բանկ գալու վարկավորման ամբողջական գործընթացը»,- նշել է Գեւորգ Մանուկյանը։



Նա ընդգծել է, որ հարթակում ներկայացված է անշարժ գույք ոչ միայն Երեւանի, այլ նաեւ ՀՀ մի շարք մարզերի տարածքում։

Բանկ այցելելու կարիք չկա

Արդեն երկու տարի է, ինչ Ամերիաբանկի հաճախորդներն ակտիվորեն օգտվում են առցանց հաշիվների բացման ու առցանց վարկավորման հնարավորություններից։ Դրա համար անհրաժեշտ է պարզապես մուտք գործել բանկի կայք ու լրացնել մի քանի անձնագրային տվյալներ։


 
«Բանկի լիարժեք հաճախորդ դառնալու համար եւս բանկ այցելելու կարիք չկա։ Պարզապես անհրաժեշտ է կատարել վիդեոնույնականացում, որի համար հաճախորդն ընտրում է իրեն հարմար օր ու ժամ, եւ մեր աշխատակիցները կապ են հաստատում նրա հետ։ Ունենք նաեւ հնարավորություն 5 րոպեի ընթացքում առցանց եղանակով ստանալ մինչեւ 10 մլն դրամի վարկավորում։ Բանկի չափանիշներին համապատասխանելու դեպքում էլ գումարն անմիջապես մուտքագրվում է հաճախորդի հաշվին՝ առանց ավելորդ միջնորդավճարի գանձման»,- նշում է Ամերիաբանկի Անհատական հաճախորդների բազայի կառավարման մասնագետ Անուշ Սարիբեկյանը։

Անուշ Սարիբեկյանը


Նրա խոսքով՝ սմարթ հաշվի եւ օնլայն վարկավորման հարթակները թույլ են տալիս խուսափել հերթերից ու ցանկացած պահի կատարել հաշվի բացման կամ վարկավորման գործընթաց։

«Սմարթ հաշիվ հարթակն առանձնահատուկ առաջարկ ունի նաեւ ուսանողների համար։ Այն տալիս է ուսանողների շրջանում սիրված վայրերում, սպորտային սրահներում, ըմպելիքների կետերում զեղչերի հնարավորություն։ Ֆինանսական գիտելիքները խթանելու համար էլ ներդրել ենք նաեւ խնայողության գաղափարը՝ քարտի դրական մնացորդի վրա  հաշվարկելով տարեկան 3%»,- հավելել է Անուշ Սարիբեկյանը։



Այժմ Ամերիաբանկն իր հաճախորդների համար գործարկել է նաեւ «Սեւ ուրբաթ» արշավը, որի շրջանակում մինչեւ հունվարի 31-ը հնարավոր է ձեռք բերել վարկեր 16%-ով Ամերիաբանկի միջոցով աշխատավարձը ստանալու դեպքում։

Բիզնես վարկեր՝ 5 րոպեում

Ամերիա բիզնես հարթակը նախատեսված է ՓՄՁ-ների համար եւ առաջարկում է հաճախորդների կարիքները բավարարող ինչպես ֆինանսական, այնպես էլ ոչ ֆինանսական բնույթի լուծումներ։ Այս մասին Banks.am-ի հետ զրույցում պատմել է Ամերիաբանկի ինովացիաների եւ թվայնացման դեպարտամենտի թվային նախագծերի ղեկավար Արփինե Հարությունյանը։

Արփինե Հարությունյանը

 
«Հարթակը գործում է մեկ պատուհանի սկզբունքով՝ հնարավորություն տալով առանց բանկ այցելելու բացել հաշիվ, ստանալ անվճար բիզնես քարտ՝ անվճար առաքումով, եւ անվճար օնլայն բենքինգ։ Ամերիաբանկը տեղական շուկայում առաջինն է ներկայացնում նման համակարգ՝ նախատեսված իրավաբանական անձանց համար։ Առաջարկում ենք նաեւ բիզնեսի օնլայն վարկավորման հնարավորություն, որով էլ առաջինն ենք եղել նաեւ տարածաշրջանում։ Սա հնարավոր է դարձել տարբեր տեղեկատվական բազաներին ինտեգրման միջոցով։ Հատկանշական է ԱՔՌԱ վարկային բյուրոյի միջոցով Պետական եկամուտների կոմիտեի տվյալների բազային ինտեգրումը, որի շնորհիվ կազմակերպությունների հարկային հաշվետվություններում ներկայացվող ամբողջ տեղեկատվությունը մենք ստանում ենք օնլայն ու վարկունակության հաշվարկները կատարում ինքնաշխատ եղանակով»,- մանրամասնել է նա։

Արփինե Հարությունյանն ընդգծել է, որ բիզնես հարթակի շնորհիվ բանկային գործարքներն աննախադեպ արագ են կազմակերպվում, բանկ այցելելու ու փաստաթղթերի՝ թղթային տարբերակով  ներկայացման անհրաժեշտությունն էլ դուրս է մղվում։ Այս համակարգը բանկի թիմը մշակել է հաշվի առնելով հաճախորդների կարիքները։

Մեդիամաքս

 
«Մինչեւ 10 մլն դրամ վարկավորման պարագայում հաճախորդը պատասխան է ստանում 5 րոպեի ընթացքում, իսկ ավելի խոշոր գումարի դեպքում մեր վարկային մասնագետը հաճախորդի հետ կապ է հաստատում 2 օրվա ընթացքում՝ առանց բանկ այցելելու անհրաժեշտության»,- նշում է Արփինե Հարությունյանը՝ հավելելով, որ Ամերիաբանկն այսօր առաջարկում է նաեւ ավտոմատ վերաֆինանսավորման եւ մասնակի գրավով վարկավորման հնարավորություններ։

Գայանե Ենոքյան
Լուսանկարները՝ Էլեն Գասպարյանի
Դիտում՝ 14094
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW