Կես տարի առաջ Eats.am ստարտափն իրականացրեց առաջին պատվերը՝ առաքելով սննդի արկղ՝ 5 օրվա ընթրիքի տեսակավորված, լվացված, մարինացված մթերքով ու համապատասխան բաղադրատոմսերով:Eats.am-ը Personal chef խոհարարական դպրոց-ստուդիայի նախագծերից մեկն է։ Մտահաղացման հիմքում տանը հեշտ, արագ, բայց նաեւ համեղ ընթրիք պատրաստելու գաղափարն է։Eats.am-ի տնօրեն Հասմիկ Սարգսյանը Banks.am-ին պատմել է բիզնեսի գործարկման, իրականացվող ծրագրերի ու հետագա պլանների մասին։Ամեն ինչ նախ մտքում էրՅուրաքանչյուր երկուշաբթի կամ կիրակի՝ պատվիրատուի ընտրությամբ, Eats.am-ի թիմն առաքում է 5 օրվա ընթրիքի մթերք ու բաղադրատոմս:Հասմիկ Սարգսյանը հիշում է՝ սկզբում մտածում էին առաքման փոքրիկ ծառայություն ունենալու մասին, որը կօգներ թեթեւացնել տանտիրուհիների հոգսը։ «Ուսումնասիրեցինք արտերկրի շուկան ու գտանք որոշ հետաքրքիր նախագծեր։ Սկզբում այլ պատկերացում ունեինք։ Այս ընթացքում կարողացանք լուծել մի քանի խնդիր՝ դրանցից մեկը ժամանակի խնայողությունն է, մարդը կարիք չունի նոր բաղադրատոմս գտնելու, սուպերմարկետ գնալու, հերթ կանգնելու, գնումներ կատարելու։ Eats.am-ի խոհարարական թիմը ոչ միայն տալիս է «Ի՞նչ եփել այսօր» հավերժական հարցի պատասխանը, այլեւ հավաքագրում հատընտիր, թարմ մթերք, չի մոռանում նաեւ գրպանին շահեկան լինելու մասին»,- ասում է Eats.am-ի տնօրենը։ Հասմիկ Սարգսյանը Լուսանկարը՝ Մեդիամաքս Բաղադրատոմսերը մշակում է Personal chef ստուդիայի խոհարարական թիմը՝ հոգալով, որ ընթրիքի պատրաստման համար ծախսվի մոտավորապես 20 րոպե ժամանակ։«Մեզ մոտ տնական, համեղ բաղադրատոմսեր են, մի փոքր մոդեռն շեշտադրումներով, որոնք ե՛ւ աչքին են հաճելի, ե՛ւ կյանքի ռիթմին են համընթաց։ Յուրաքանչյուր շաբաթվա սկզբին 5 օրվա ընթրիքի ճաշացանկը հասանելի է լինում մեր կայքում։ Հաճախորդը կարող է կայքի առցանց գրանցվել ու պատվիրել։ Կա երեք բաժին՝ պրեմիում, դասական եւ բուսակերային։ Չափաբաժինները ֆիքսված են երկու կամ չորս անձի համար, բայց հնարավորություն կա ընտրել նաեւ մեկ չափաբաժնով ու ինքնուրույն հավաքել արկղը»,- նշում է Հասմիկ Սարգսյանը։Երկու հոգու համար նախատեսված ընթրիքի արկղի գինը՝ նախատեսված հինգ օրվա համար, տատանվում է 19 500 դրամից (բուսակերային) 29 500 դրամի (պրեմիում) միջակայքում: Լուսանկարը՝ Մեդիամաքս Eats.am-ի առաքվող արկղերում համարակալված տոպրակներ են՝ 1-ից մինչեւ 5-ը, խոհարարները խորհուրդ են տալիս չխախտել հերթականությունը։«Մթերքը, որ ենթակա չէ երկար պահպանման, նախատեսվում է առաջին երկու օրերի համար։ Յուրաքանչյուր տոպրակին, բացի բաղադրատոմսից, կցվում է հուշում, թե ինչպես պահել կամ պատրաստել մթերքը։ Մեր թեժ գիծը հասանելի է 24 ժամ, եթե որեւէ բան հասկանալի չէ, կամ քայլեր կան, որ հաճախորդը կցանկանա ճշգրտել, ապա կարող է խոսել հենց խոհարարի հետ»,- ասում է Eats.am-ի տնօրենը։ Լուսանկարը՝ Մեդիամաքս Թիմային աշխատանքը լավագույն ներդրումն էԱնդրադառնալով բիզնեսում արված ներդրումներին՝ Հասմիկ Սարգսյանն ասում է, որ Personal chef-ի շարունակությունը լինելու հանգամանքը մի փոքր հեշտացրել է գործի սկիզբը։ Լուսանկարը՝ Մեդիամաքս «Ֆինանսական մեծ միջոցներ չեն պահանջվել, ավելի շատ՝ թիմային աշխատանք։ Ամեն շաբաթ յուրաքանչյուր բաժնի համար ունենում ենք հինգ նոր բաղադրատոմս, որոնք պետք է մշակվեն, համապատասխանեցվեն սպառողների քիմքին, օգտագործվի այնպիսի մթերք, որ չի առաջացնի ալերգիաներ, բարդություններ։ Մեր խոհարարական թիմը մթերքը պատրաստում է սիրով, զգուշությամբ, հիգիենայի կանոնները պահպանելով եւ այնպես, որ տնական համն ու պատրաստման տեխնոլոգիաները չտուժեն»,- պատմում է Հասմիկ Սարգսյանը։ Նա ընդգծում է, որ բիզնես տեսանկյունից՝ Eats.am-ը ստարտափ է՝ իր ռիսկերով եւ բացասական կողմերով, որոնք հաշվի են առնվում։ Հասմիկ Սարգսյանը Լուսանկարը՝ Մեդիամաքս Առաջին վաճառող ուժը գոհ հաճախորդն էEats.am-ում հիշում են առաջին հաճախորդին, այն մեծ ուրախությունն ու փորձը, որ բերել է այդ պատվերը։«Շղթան պատկերացնելը մի բան է, իրագործելը՝ այլ։ Առաջին վաճառող ուժը գոհ հաճախորդն է, մարդուց մարդ փոխանցվող տեղեկությունը, հենց սրա շնորհիվ էլ մեր պատվերների թիվը շարունակ է աճում»,- նկատում է Հասմիկ Սարգսյանը։Eats.am-ի սպառողները տարբեր տարիքի ու զբաղվածության մարդիկ են՝ սկսած դեռահաս աղջիկներից, մինչեւ հասուն, կայացած կանայք, որոնք զբաղված են, սակայն ուզում են տանը համեղ ու հետաքրքիր ընթրիք պատրաստել։ Լուսանկարը՝ Մեդիամաքս Ընթրիքը փչացնելու հնարավորությունը մոտ է 0-ինՄինչ տնօրենը պատմում է Eats.am-ի մասին՝ խոհարարներից ու նաեւ բաղադրատոմս «հորինողներից» մեկը՝ Աշոտ Մկրտչյանը, դասավորում է առաքման հերթական արկղը։ Աշոտ Մկրտչյանը Լուսանկարը՝ Մեդիամաքս Խոհարարը պատմում է, որ առաքվող ընթրիքների համար ընտրում են հեշտ պատրաստվող, բայց համեղ ու հագեցնող բաղադրիչներ։«Նախապես ամեն ինչ անում ենք, որ պատվիրատուն ընթրիքը փչացնելու հնարավորություն չունենա։ Ցուցումներում ամեն բան հստակ նշված է։ Կարեւոր է, որ հաճախորդը մատչելի գնով ունենում է ընթրիք, միեւնույն ժամանակ՝ սառնարանում չի լինում ավելորդ մթերք։ Արկղում լինում է ամեն ինչ, ինչ պետք է ընթրիքի համար, բացի աղից, որովհետեւ դա բոլորի տանը կա»,- ասում է Աշոտ Մկրտչյանը։Նա նշում է, որ գործունեության վեց ամիսների ընթացքում որեւէ բաղադրատոմս նույնությամբ չի կրկնվել։ Լուսանկարը՝ Մեդիամաքս «Ավելի հեշտ ու հետաքրքիր է նոր բաղադրատոմս մտածելը, քան հինը կրկնելը»,- նշել է խոհարարը։Հեռանկարների մասինEats.am-ում կարեւորում են հետադարձ կապը, հետեւում սպառողների արձագանքին՝ հետագայում նոր նախագծեր ու նոր, թեմատիկ մենյուներ կազմելու համար։ Աշոտ Մկրտչյանը Լուսանկարը՝ Մեդիամաքս «Արձագանքների հիման վրա, գուցե, որոշենք նախաճաշի մենյու ունենալ, դրա պահանջն ու արդարացված լինելը կիմանանք մեր սպառողից ու լավագույն տարբերակը կառաջարկենք։ Eats.am-ը գործում է շուրջ կես տարի, բնականաբար դեռ կաճի, «կեփվի», կփոփոխվի, որովհետեւ արձագանքներ ենք ստանում, առաքման ժամանակ խոսում ենք պատվիրատուի հետ, հարցնում, թե ինչ կցանկանա ստանալ կամ բացառել հաջորդ առաքման ժամանակ»,- ամփոփում է Հասմիկ Սարգսյանը։Անի ԽչոյանԼուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի Tweet Դիտում՝ 5852