Հայաստանյան Green Lad ընկերությունը շարունակում է Երեւան քաղաքում ուղղահայաց կանաչապատում իրականացնել։ Ֆրանսիական Novintiss ընկերության հետ համագործակցության արդյունքում ստեղծվեցին Թումանյան 35 հասցեում գտնվող «Ջազզվե» սրճարանի եւ «Կամար» բիզնես կենտրոնի «Կանաչ պատերը» (Green walls): Banks.am-ը զրուցել է կազմակերպությունների ներկայացուցիչների հետ՝ համագործակցության մանրամասներին ծանոթանալու համար։ Համագործակցությունը ֆրանսիական ընկերության հետGreen Lad-ի ծրագրի ղեկավար Մարիամ Բալադյանի խոսքով՝ համագործակցության հիմքերը դրվեցին Դուբայում անցկացված Big 5 միջազգային շինարարական ցուցահանդեսում։«Երբ ծանոթացանք Novintiss ընկերության արտադրանքին, անմիջապես միտք հղացավ նույնն իրականացնել նաեւ Հայաստանում։ Սկսեցինք ուսումնասիրել շուկան, ներկա եղանք նաեւ այլ նույնաբովանդակ ցուցահանդեսների եւ հանգեցինք այն եզրակացությանը, որ Novintiss-ի առաջարկած տեխնիկական լուծումներն ամենահարմարն են»,- նշում է Մարիամ Բալադյանը։Ներկայացնելով Novintiss-ի մյուս նախագծերից մեկի՝ «Կանաչ տանիք»-ի իրականացման հեռանկարը՝ Մարիամ Բալադյանն ընդգծում է, որ Green Lad-ը նախատեսում է ֆրանսիական ընկերության տեխնոլոգիայով մուտք գործել վրացական եւ ռուսական շուկաներ։ Տեխնիկական նոր լուծումներGreen Lad-ի նախագծերից է նաեւ Մոսկովյան 28 հասցեում գտնվող «Մոն ամի» ծաղկի սրահի շենքի ուղղահայաց կանաչապատումը։ Մարիամ Բալադյանի խոսքով՝ «Ջազզվե» սրճարանի եւ «Կամար» բիզնես կենտրոնի նախագծերը, որոնք պատրաստված են ֆրանսիական տեխնոլոգիայով, էապես տարբերվում են նախորդից։ Լուսանկարը՝ Մեդիամաքս «Մենք ամեն տարի 2700 աման նոր ծաղիկ ենք տեղադրում «Մոն ամի»-ի նախագծում։ «Ջազզվե»-ի եւ «Կամար» բիզնես կենտրոնի նախագծերը շենքի ներսում են, եւ հնարավոր է պահպանել կայուն ջերմաստիճան։ Այս դեպքում բույսերն արդեն երկար կմնան»,- մանրամասնում է Green Lad-ի ծրագրի ղեկավարը։«Կամար» բիզնես կենտրոնի «Կանաչ պատը», որն աշխարհում ամենամեծերից է, ունի 20 մ բարձրություն, բաղկացած է 2 հատվածից, եւ ընդհանուր մակերեսը կազմում է 160 քմ։ «Ջազզվե» սրճարանի նախագիծը բաղկացած է 3 հատվածից եւ ընդհանուր մակերեսը կազմում է 20 քմ։ Novintiss-ի նորարարությունըNovintiss ընկերության գործադիր տնօրեն Բորիս Պելսին մեզ հետ զրույցում նշում է, որ ուղղահայաց կանաչապատում իրականացնելու համար կիրառվող տեխնոլոգիաները բազմազան են։ Ֆրանսիական ընկերության առաջարկած լուծումներից գլխավորը հողի կիրառումն է։«Շատ արտադրողներ, որպես բույսի աճող միջավայր, հողի փոխարեն կիրառում են այլ նյութեր՝ գործվածքներ, հատուկ սպունգներ եւ այլն։ Մենք պարարտացնում ենք հողը, որի շնորհիվ էլ արդեն ունենք 10 տարեկան նախագծեր»,- մանրամասնում է ֆրանսիացի մասնագետը։ Կաթիլային ոռոգման համակարգի շնորհիվ ֆրանսիական տեխնոլոգիան նաեւ ջրախնայող է։ Բորիս Պելսիի խոսքով՝ ոռոգման համակարգի խափանման դեպքում բույսերը մինչեւ երկու շաբաթ կարող են անվնաս մնալ։ Բորիս Պելսին կարեւորում է նաեւ «Կանաչ պատի» տեղադրումից հետո այն սպասարկելու անհրաժեշտությունը։ Պատվիրատուն պետք է պատրաստ լինի վճարել նաեւ հետագա խնամքի համար, քանի որ կարիք կա պարբերաբար ստուգելու համակարգի աշխատանքն ու բույսերի վիճակը։ Ծառայության արժեքըՉնայած նրան, որ ծառայությունը բավական թանկ է, Մարիամ Բալադյանը Հայաստանում ուղղահայաց կանաչապատման նկատմամբ հետաքրքրությունը դրական է գնահատում։ ««Կանաչ պատի» մեկ քմ-ի արժեքը մոտավորապես $500 է։ Իհարկե, կախված բույսերի տեսակից, տվյալ տարածքից, արժեքը կարող է աճել։ Մեկ քմ-ի վրա տեղադրվում է 32 բույս։ Կարեւոր է, որ բույսերի տարբեր տեսակները միմյանց համապատասխանեն ջրի նկատմամբ ունեցած պահանջով»,- պարզաբանում է Մարիամ Բադալյանը։ Համապատասխան միջավայրի ապահովում«Կամար» բիզնես կենտրոնի պատվիրատու ընկերության՝ Property Development Company ՓԲԸ-ի տնօրեն Արտաշես Կազախեթյանը Banks.am-ի հետ զրույցում պատմում է, որ ուղղահայաց կանաչապատման աշխատանքները սկսելիս չէին մտածում, որ այն դառնալու է տարածաշրջանի ամենաբարձր «Կանաչ պատը»։ Պարզապես անհրաժեշտ էր շքամուտքը կենդանի դարձնել, որի համար լավագույն լուծումը բույսերն էին։ Լուսանկարը՝ Մեդիամաքս 20 մետր բարձրության վրա առանց ուղղակիորեն մուտքի եւ ելքի հնարավորության բույսի խնամք կազմակերպելը հեշտ չէ։ Դրա համար ընկերությունը նաեւ հատուկ սարք է գնել Իտալիայից։ Բացի այդ, կիրառվել են լրացուցիչ բաղադրիչներ՝ բույսերի համար համապատասխան միջավայրի ապահովման նպատակով։«Անհրաժեշտ խոնավությունն ապահովելու համար յուրաքանչյուր պատի տակ կառուցել ենք փոքրիկ ջրվեժներ։ Ուղղահայաց կանաչապատման ստորին հատվածում 3,5-4 մետր բարձրությամբ պատի վրայով ջուրը գալարվելով իջնում է ներքեւ, այդտեղից գոլոշիանում եւ ստեղծում լրացուցիչ խոնավություն»,-մանրամասնում է Արտաշես Կազախեթյանը։«Կանաչ պատ»-ի տեղակայման դիրքը թույլ չի տալիս, որ արեւի ճառագայթներն ուղղակիորեն հասնեն բույսերին։ Լրացուցիչ լուսավորություն ստեղծելու համար հեղինակներն օգտագործում են ֆիտո լամպեր, որոնք ապահովում են բույսերի աճն ու հանդիսանում են առողջ միջավայր։ «Կանաչ պատ»-ի առավելությունները«Ուղղահայաց կանաչապատման ամենակարեւոր առավելությունը, իհարկե, յուրահատուկ թարմությունն ու բնական տեսքն է, որ այն տալիս է շինությանը։ Բացի այդ, «Կանաչ պատ»-ը կատարում է օդի զտում, ջերմամեկուսացում եւ նվազեցնում է աղմուկը»,- պատմում է Բորիս Պելսին։ Ֆրանսիացի մասնագետն ընդգծում է, որ շենքի արտաքին պատի ուղղահայաց կանաչապատումը կարող է ծառայել որպես արեւի ճառագայթներից պաշտպանող ծածկ՝ մեղմացնելով շոգը 8-10 աստիճանով։Ֆրանսիական տեխնոլոգիան հնարավորություն է տալիս կատարել ինչպես ներքին, այնպես էլ արտաքին կանաչապատում, սակայն վերջինիս դեպքում հայաստանյան ցուրտ ձմեռների պատճառով հեղինակները ստիպված կլինեն ամեն տարի նոր բույսեր տեղադրել։ Այնուամենայնիվ, նախագծի հեղինակները համոզված են, որ բնապահպանական մի շարք խնդիրների առկայության պայմաններում՝ ուղղահայաց կանաչապատումն առավել քան արդիական է։ Գայանե Ենոքյան Tweet Դիտում՝ 34039