“Հայէկոնոմբանկը” շահաբաժին կվճարի
Եկամտաբերությունը` 12 տոկոս

16.06.2007 | 16:55 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /

“Հայոց աշխարհ” (Երեւան), 16.06.07.

Հինգերորդ տարին անընդմեջ “Հայէկոնոմբանկը” շահաբաժին կվճարի իր բաժնետերերին: Անցած տարվա գործունեության արդյունքներով` շահաբաժինների եկամտաբերությունը կկազմի 12 տոկոս, նախորդ տարվա 11¬ի փոխարեն: Հայաստանի բանկային համակարգում “Հայէկոնոմբանկը” այն միակ բաց բաժնետիրական բանկն է, որն ունի 1430 բաժանորդ: Երեկ կայացավ բանկի հերթական տարեկան ժողովը:

Ներկայացնելով անցած տարվա գործունեության արդյունքները, բանկի վարչության նախագահ ԴԱՎԻԹ ՍՈՒՔԻԱՍՅԱՆԸ, նշեց, որ 2006¬ը եղել է հաջողակ տարի բանկի համար: “Մուդիզ” միջազգային վարկանիշային ընկերության կողմից Հայաստանի բանկերից “Հայէկոնոմբանկն” առաջինն է ստացել վարկանիշ: Բանկի կայուն առաջընթացը, թափանցիկ գործելաոճը, միտվածությունը կորպորատիվ կառավարման արժեքներին, Դ.Սուքիասյանի կարծիքով, մեծ վստահություն է առաջացնում թե՞ տեղական, թե՞ արտասահմանյան հաճախորդների շրջանում, “ինչը վկայում է բանկի հուսալի գործընկերոջ համբավի մասին”:

Ըստ “Հայէկոնոմբանկի” վարչության նախագահի, բոլոր հիմնական ցուցանիշների գծով առկա է կայուն աճի միտում, որ շարունակում է դրսեւորվել նաեւ այս տարվա ընթացքում: Բանկը հաջողությամբ շարունակել է համագործակցել արտաքին ֆինանսական կառույցների հետ: Մասնավորապես անցած տարվա վերջին Վերակառուցման եւ զարգացման Եվրաբանկի հետ կնքվել է պայմանագիր, որի շրջանակներում հատկացված 2 մլն դոլարը նախատեսվել է ուղղել հիպոթեկային շուկայի վարկավորմանը.

- Սա ՎԶԷԲ¬ի կողմից Հայաստանում իրականացվող առաջին հիպոթեկային ծրագիրն է:
Անցած տարվա գործունեության արդյունքներով, “Հայէկոնոմբանկը” երկրորդ տարին անընդմեջ Կենտրոնական բանկի եւ ֆինանսների ու էկոնոմիկայի նախարարության կողմից ճանաչվել է ներքին պետական պարտքի կառավարման ոլորտում կառավարության լավագույն գործընկերը: Ավելացել է բանկի մասնակցությունը պետական պարտատոմսերի շուկայում: Այդ միտումները շարունակել են խորանալ նաեւ այս տարվա ընթացքում.

- Գրանցվել է պարտատոմսերի մեծ աճ: Նախորդ տարվա 21 տոկոսի փոխարեն անցած վեց ամիսներին արժեթղթերի ոլորտում մեր պորտֆելը կրկնապատկվել է:
Այս հանգամանքը Դ.Սուքիասյանը պայմանավորում է ցպահանջ միջոցների առկայությամբ եւ առաջին հերթին պարտատոմսերի բարձր իրացվելիությամբ` ցանկացած պահի դրանք կարելի է վաճառել:

- Բանկի համար տարին արդյունավետ է եղել պլաստիկ քարտերով ծառայությունների իրականացման եւ ընդլայնման ոլորտում: Տարվա ընթացքում տրվել է ավելի քան 13 հազար քարտ: Ընդհանուր առմամբ դրանց թիվը տարեվերջին հասել է 41 հազարի: Դրա շնորհիվ ՙՀայէկոնոմբանկը՚ զբաղեցնում է ԱՐՔԱ պլաստիկ քարտերի շուկայի գրեթե կեսը,¬ նշեց Դ.Սուքիասյանը:

Արդյունավետ գործունեության շնորհիվ ստացվել է ավելի քան 1,5 մլրդ դրամի շահույթ, նախորդ տարվա 1,2 միլիարդի դիմաց: Բանկի շահութաբերության մակարդակը բարձր է նաեւ այս տարվա անցած ժամանակաշրջանի արդյունքներով: Արդեն իսկ հաջողվել է ստանալ 700 մլն դոլարի շահույթ, որը 40 տոկոսով ավել է նախորդ տարվա նույն պահի ցուցանիշից:

Բանկի շահութաբերության մակարդակի ավելացումը հնարավորություն է տվել մեծացնել նաեւ շահաբաժիների եկամտաբերությունը. վերջին երկու տարվա ընթացքում 10¬ից հասել է 12 տոկոսի: Հինգ տարվա արդյունքներով 1 բաժնետոմսի դիմաց տրվող շահաբաժինը կրկնապատկվել է:

Խոսելով ՙՀայէկոնոմբանկի՚ անցած տարվա գործունեության արդյունքների մասին` Կենտրոնական բանկի նախագահ ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆԸ եւս 2006 թվականը հաջողված տարի համարեց բանկի համար: Գրեթե բոլոր ցուցանիշների գծով առկա է 27¬28 տոկոսանոց աճ. դրանք ունեն կայուն բնույթ: Այդ են վկայում նաեւ 2007թ. ցուցանիշները:

Տ.Սարգսյանի կարծիքով, սակայն չպետք է բավարարվել ձեռքբերածով, որովհետեւ.
-2007 թվականին բանկային համակարգում մրցակցությունը խորանալու է: Ստացել ենք հայտեր 5 բանկերից, որոնք մտադիր են ներդրումներ կատարել եւ գործունեություն իրականացնել Հայաստանում:

ԿԲ նախագահը խուսափեց կոնկրետ անուներ նշել` նպատակահարմար համարելով, որ ճիշտ կլինի այդ մասին հայտարարեն նման ցանկություն հայտնած ֆինանսական ընկերությունները: Այնուհանդերձ, Տ.Սարգսյանի կարծիքով, դրանք "լուրջ բանկեր են", որոնց մրցակցությանը հնարավոր է դիմանալ միայն բարձր մակարդակի մենեջմենթի շնորհիվ: Նկատի ունենալով այս հանգամանքը, նա ինչպես "Հայէկոնոմբանկին", այնպես էլ մյուս բանկերին կոչ արեց մեծ ուշադրություն հատկացնել կադրերի վերապատրաստմանը: Քանզի.

- Մեր տվյալներով, բավարար չեն այն գումարները, որոնք բանկերը ծախսում են կադրերի վերապատրաստման նպատակով:

ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆ

Դիտում՝ 6314
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW