Մնացել են հաշված ժամեր, երբ 2016թ. իր բոլոր ձեռքբերումներով եւ կորուստներով պատմություն կդառնա` զիջելով իր դիրքերը 2017-ին` լի նոր ծրագրերով եւ ակնկալիքներով:Բանկային տարին ամփոփելու եւ հաջորդ տարվա ծրագրերի մասին պատմելու խնդրանքով Banks.am-ը դիմել է ՀՀ առեւտրային բոլոր բանկերի ղեկավարներին: Նյութում ներկայացված են այն բանկերը, որոնք պատասխանել են հարցմանը:Բանկերի ղեկավարները պատասխանել են երկու հիմնական հարցի՝ 1. Որո՞նք են 2016թ. բանկի ամենացայտուն ձեռքբերումն ու մարտահրավերը (խնդիր, խոչընդոտ): 2. Ո՞րն է լինելու 2017թ. բանկի նորամուծությունը, ի՞նչ ակնկալիքներ ունեք գալիք տարուց:Ներսես Կարամանուկյան, Անելիք Բանկի վարչության նախագահ Անելիք Բանկի համար 2016-ի ամենակարեւոր մարտահրավերն ու ձեռքբերումը եղավ բանկի կանոնադրական կապիտալի համալրումը: 2016թ. նոյեմբերին բանկն ավարտել է լրացուցիչ բաժնետոմսերի թողարկման եւ տեղաբաշխման գործընթացը, ինչի շնորհիվ ավելացրել է կանոնադրական կապիտալը 21,8 մլրդ դրամով: Բանկի նոր բաժնետեր Վարդան Դիլանյանը ստանձնել է նաեւ խորհրդի նախագահի պաշտոնը: Այսպիսով, լինելով հայաստանյան շուկայում ամենահին ու ճանաչված բանկերից մեկը եւ մշտապես փնտրելով զարգանալու ուղիներ, այժմ բանկը նոր էջ է բացում իր պատմության մեջ:Անելիք Բանկը մեծ սպասելիքներ ունի 2017-ից: Մեր ռազմավարությունն է ամրացնել բանկի դիրքերը հայկական ֆինանսական համակարգում` շեշտը դնելով կատարելագործված պրոդուկտների եւ ծառայությունների, սպասարկման բարձր որակի ու նորարար տեխնոլոգիաների ներդրման վրա: Նոր բաժնետերերի բազմամյա փորձն ու գիտելիքը ֆինանսների ու բարձր տեխնոլոգիաների ոլորտում ուղղորդելու է բանկն այս ճանապարհին: Մեր ուշադրության կիզակետում են լինելու եւ ֆիզիկական, եւ իրավաբանական հաճախորդների համար նախագծված պրոդուկտներն ու ծառայությունները` կատարելագործված եւ հարմար:Աշոտ Օսիպյան, Արարատբանկի գործադիր տնօրեն2016թ. լի էր մարտահրավերներով, մասնավորապես` աշխարհաքաղաքական անկայունությունն ու բացասական զարգացումները, ՀՀ-ի համար ծանր տնտեսական տարին` իրենից ածանցվող բոլոր բացասական հետեւանքներով, բանկային համակարգում վարկային պորտֆելի վատթարացումն ու բանկերի միջեւ «կոշտ» մրցակցությունը: Բանկերի համար առկա էր նաեւ ամենակարեւոր մարտահրավերը` 2017թ. հունվարի 1-ից ՀՀ ԿԲ կողմից սահմանված նորմատիվային կապիտալի նվազագույն չափի` 30 մլրդ դրամի ապահովումը: Նշված մարտահրավերների պայմաններում Արարատբանկը համալրեց իր կապիտալը 8,5 մլրդ դրամով` ապահովելով ԿԲ կողմից սահմանված նորմատիվային կապիտալի պահանջը, ավելացրեց իր մասնաճյուղային ցանցը 4 նոր մասնաճյուղով` հասցնելով այդ թիվը 55-ի, իրականացրեց կորպորատիվ արժեկտրոնային պարտատոմսերի երեք նոր թողարկումներ $2 մլն եւ 400 մլն դրամ ընդհանուր անվանական արժեքով, եւ ներկայում` որպես պահպանվող բանկ, գտնվում է Զարգացման Հայկական Բանկի հետ միացման գործընթացում: Բանկը 2017թ. կվերանայի իր ռազմավարությունն ու զարգացման ուղղությունները` առանձնացնելով գործունեության երեք ուղղություններ` ավանդական բանկային ծառայություններ, ներդրումային բանկային ծառայություններ եւ հեռահար սպասարկման բանկային ծառայություններ: Գեւորգ Մաչանյան, Արմսվիսբանկի գործադիր տնօրեն Ընդհանուր բանկային համակարգի, այդ թվում` Արմսվիսբանկի տեսանկյունից 2016թ. հիմնական մարտահրավերը հանդիսացել է ՀՀ ԿԲ որոշմամբ սահմանված պահանջի կատարումը, այն է՝ առեւտրային բանկերի նորմատիվային կապիտալի նվազագույն մեծության ավելացումը մինչեւ 30 մլրդ դրամ: Սակայն այդ ուղղությամբ ձեռնարկված ակտիվ աշխատանքների արդյունքում դեռեւս 2016թ. մարտին Արմսվիսբանկի ընդհանուր նորմատիվային կապիտալը համալրվեց 8 մլրդ դրամով, եւ նոյեմբերի վերջի դրությամբ արդեն նշված ցուցանիշը կազմել է 34,4 մլրդ դրամ: Ինչ վերաբերում է ձեռքբերումներին, ապա, չնայած համակարգում առկա բավական սուր մրցակցությանը, բանկն այս տարի նույնպես իր արդյունավետ գործունեության արդյունքում գրանցեց ֆինանսական ցուցանիշների աճ: 2016թ. ֆինանսական տարին բանկը կամփոփի ավելի քան 3 մլրդ դրամ զուտ շահույթով, որը շուրջ 25%-ով գերազանցում է 2016թ. համար նախատեսված զուտ շահույթի ցուցանիշը: Արմսվիսբանկն իր գործունեության ընթացքում մշտապես հանդես է եկել նորամուծություններով: Բացի գործող պրոդուկտների գծով պարբերաբար իրականացվող բարելավումներից` 2017թ. բանկը նախատեսում է նաեւ իր հաճախորդների համար ներդնել քարտային պրոդուկտներ՝ առաջնորդվելով մինչ օրս իր կողմից որդեգրած փրայվիթ բանկային տեխնոլոգիաներին համահունչ քաղաքականությամբ:Ելնելով բանկի հաճախորդների հետ առաջիկայում իրականացվելիք պրոյեկտներից եւ պլաններից՝ 2017թ. ակնկալում ենք հաճախորդների թվաքանակի, ինչպես նաեւ ակտիվների ծավալների ավելացում՝ արդյունքում ապահովելով հիմնական ֆինանսական ցուցանիշների կայուն աճ:Փոլ Էդգար, Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանի գլխավոր գործադիր տնօրեն 2016թ. հաջողել ենք երկու բնագավառում՝ կորպորատիվ հաճախորդներին ուղղված թեմատիկ միջոցառումների ու անհատներին ուղղված նպատակային առաջարկների, ինչպես նաեւ չափազանց կարեւոր՝ մեր բիզնեսի ապառիսկայնացման գործընթացների իրականացման ոլորտում: Առաջինի դեպքում մենք փորձում ենք աջակցել գործարարության զարգացմանն ու տնտեսության բարգավաճմանը, օգնել մարդկանց իրականացնել իրենց նպատակներն ու ձգտումները: Դե իսկ ապառիսկայնացումը ֆինանսաբանկային ոլորտում աշխատելու իրավունքի անհրաժեշտ մաս է կազմում:Մեր մարտահրավերն այն է, որ մի կողմից՝ մենք ձգտում ենք մեր հաճախորդներին որակյալ սպասարկում տրամադրել, մյուս կողմից՝ հասարակության առջեւ պարտավորություն ունենք չներգրավվել որեւէ ապօրինի գործունեության մեջ՝ հետեւելով փողերի «լվացման» եւ ահաբեկչական խմբավորումների ֆինանսավորման կանխարգելման վերաբերյալ Հայաստանի օրենսդրությանը: Ուստի, մենք պետք է բավարարենք օրենսդրության պահանջներն ու պաշտպանենք ե՛ւ հաճախորդին, ե՛ւ հասարակությունը: Սա կարեւոր է առաջին հերթին հենց հաճախորդների, ինչպես նաեւ երկրի տնտեսական անվտանգությունն ապահովելու համար: Նախ փորձելու ենք աճեցնել մեր բիզնեսը: Շարունակելու ենք փնտրել տնտեսությունը զարգացնելու նոր հնարավորություններ՝ օգնելով մեր հաճախորդներին ընդլայնել իրենց բիզնեսը, դիտարկել նոր հնարավորություններ, ոլորտներ ու միջազգային շուկաներ՝ կամուրջ հանդիսանալով հայաստանյան բիզնեսների եւ այն երկրների միջեւ, որտեղ գործում է Էյչ-Էս-Բի-Սին:2017թ. ցանկանում ենք սպասարկման ոլորտում լինել առաջատար եւ հաճախորդներին տրամադրել իրենց կարիքներին համապատասխան լավագույն ծառայությունները՝ շեշտը դնելով տեխնոլոգիական զարգացման վրա: Հաշվի առնելով այն փաստը, որ Կենտրոնական բանկը փորձում է զարգացնել կապիտալի շուկան, նախատեսում ենք Հայաստանում նույնպես ներկայացնել Էյչ-Էս-Բի-Սիի ներդրումային ծառայություններն ու լուծումները, որը մենք կոչում ենք կարողությունների կառավարում կամ հարստության կառավարում: Գառնիկ Թադեւոսյան, Ինեկոբանկի գործադիր տնօրենի ժ/պ 2016թ. Ինեկոբանկի համար լի էր բազում ձեռքբերումներով, որոնցից ամենագլխավորը, թերեւս, Պրոկրեդիտ Բանկի ձեռքբերումն էր: Այս գործարքն աննախադեպ էր ՀՀ բանկային համակարգում, քանի որ բանկերի խոշորացման գործընթացի մեկնարկը տրվեց հենց այս գործարքով: Արդյունքում, Ինեկոբանկն ամրապնդեց առաջատարի իր դիրքերը ՓՄՁ շուկայում եւ ընդլայնեց իր ներկայությունը թե՛ Երեւանում եւ թե՛ մարզերում: 2016թ. կարեւոր ձեռքբերումներից կարելի է համարել նաեւ Ինեկոբանկի InecoMobile հավելվածի առաջխաղացումը, որն իր օգտագործողների քանակով առաջինն է Mobile banking-ի հավելվածների շրջանում: 2016թ. գլխավոր մարտահրավերներից կարելի է համարել ակտիվների որակի պահպանումը: ՀՀ տնտեսության վիճակից ելնելով` շատ ընկերություններ այս տարի բախվեցին դժվարությունների հետ, եւ բանկը բավական մեծ ժամանակ հատկացրեց իր ակտիվների որակի պահպանման ուղղությամբ տարվող աշխատանքներին: Մեկ այլ կարեւոր մարտահրավեր էր հաճախորդների ֆինանսական գրագիտության բարձրացումը: Մասնավորապես, կանխիկ դրամի փոխարեն բանկային հաշիվների եւ քարտերի օգտագործման հարցը շարունակում է մնալ մեր ուշադրության կենտրոնում, եւ բանկն իր առաջնային նպատակներից է համարում բարձրացնել հաճախորդների ֆինանսական գրագիտությունն ու խթանել անկանխիկ գործարքներ անելու մշակույթի զարգացումը:Ինեկոբանկն իր գործունեության ամբողջ ընթացքում աչքի է ընկել նորարարություններով, որոնցից ամենահայտնին «Ապառիկը տեղում» համակարգի ներդրումն է շուկայում: Հաջորդ տարի բանկը պատրաստվում է ընդլայնել թվային ուղիներով ծառայությունների մատուցումը: Ակնկալում ենք տնտեսության կայուն աճ, ինչի արդյունքում հանրապետությունում կձեւավորվի ավելի դրական եւ խոստումնալից բիզնես միջավայր:Արթուր Հակոբյան, Կոնվերս Բանկի գործադիր տնօրեն2016թ. ինչպես ամբողջ բանկային համակարգի, այնպես էլ Կոնվերս Բանկի համար բեկումնային տարի էր: Մի կողմից՝ բանկերի ուշադրության կենտրոնում ԿԲ՝ բանկերի նորմատիվային կապիտալի համալրման պահանջն էր, մյուս կողմից՝ ցածր տնտեսական աճի պայմաններում զարգացման շարունակականության ապահովումը, բանկի առջեւ դրված ծրագրերի իրագործումը: Այս մարտահրավերները վերաբերում էին նաեւ Կոնվերս Բանկին, որոնք կարողացանք հաղթահարել: Համալրեցինք կապիտալը սահմանված նվազագույնը գերազանցող չափով, ինչպես նաեւ ունեցանք վարկային պորտֆելի առաջընթաց աճ՝ միաժամանակ բարելավելով որակը:Հարկ է նշել, որ արձանագրված արդյունքների հետ մեկտեղ` 2016թ. կարեւոր ձեռքբերում էր բանկի կառավարման համակարգի բարեփոխումը, կորպորատիվ կառավարման նոր սկզբունքների ներդրումը, որոշումների կայացման համակարգի բարելավումը, ինչը թույլ է տալիս մեզ ավելի արդյունավետ եւ ճկուն գործել փոխվող արտաքին միջավայրի պայմաններում: Երրորդ ձեռքբերումը բանկի ծառայություններն ու առաջարկվող պրոդուկտներն են: Մեզ հաջողվեց կատարելագործել մեր տեխնոլոգիաները, դրանք դարձնել ավելի մրցունակ, ինչը դրսեւորվեց նոր հաճախորդների ներհոսքով, գործող հաճախորդների լոյալության բարձրացմամբ: 2017թ. հիմնական մարտահրավերն է լինելու բանկը զարգացնել որպես, առաջին հերթին, բնակչության, փոքր եւ միջին բիզնեսի համար հասանելի ֆինանսական կառույց եւ գործընկեր: Այս նպատակի համար մենք մտադիր ենք ներդնել նոր տեխնոլոգիաներ, բարելավել մեր գործող եւ պոտենցիալ հաճախորդների հետ հաղորդակցումը, մշտապես բարելավել առաջարկվող պրոդուկտները եւ սպասարկման որակը: 2017թ. բանկի ուշադրության կենտրոնում կլինեն տնտեսության ոլորտներում նախաձեռնվող ծրագրերն ու արդեն սկսել ենք վերլուծական աշխատանքներ տարբեր ոլորտներում ներդրումային հնարավորությունների բացահայտման, մրցունակ, հավելյալ արդյունք ստեղծող ծրագրերի մշակման նպատակով:Մենք վստահ ենք, որ բանկի առջեւ դրված խնդիրների իրագործումն անհնար է առանց հաճախորդների վստահության, եւ ակնկալում ենք, որ մեր առաջարկները 2017թ. եւս կհետաքրքրեն նրանց՝ ստեղծելով փոխշահավետ համագործակցության նորանոր հնարավորություններ:Արամայիս Գալստյան, Հայէկոնոմբանկի գործադիր տնօրենՀայէկոնոմբանկի` 2016թ. կարեւորագույն ձեռքբերումը ՀՀ Կենտրոնական բանկի կողմից սահմանված նորմատիվային ընդհանուր կապիտալի նվազագույն՝ 30 մլրդ դրամ սահմանաչափի ապահովումն էր, որն իրագործվեց բաժնետոմսերի թողարկումների եւ ԲՏԱ Բանկը Հայէկոնոմբանկին միացնելու արդյունքում: Բաժնետոմսերի 12-րդ եւ 13-րդ թողարկումների արդյունքում ընդհանուր կապիտալն ավելացավ ավելի քան 6,1 մլրդ դրամով, իսկ բանկերի միացման արդյունքում` շուրջ 5,3 մլրդ դրամով, իսկ մասնաճյուղերի քանակն ավելացավ 6-ով: Որպես մարտահրավեր` կարելի է առանձնացնել բանկերի միավորման եւ խոշորացման արդյունքում բանկային համակարգում մրցակցության խորացումը:2017թ. Հայէկոնոմբանկը նախատեսում է իրականացնել բազմաթիվ եւ բազմաբնույթ նորամուծություններ՝ ուղղված հաճախորդների սպասարկման առավել բարձր մակարդակի ապահովմանն ու զարգացող շուկային համահունչ պահանջմունքների լիարժեք բավարարմանը: Նորամուծություններից կարող եմ առանձնացնել «Ապագայի բանկ» նախագիծը՝ առանց սպասարկող անձնակազմի` հաճախորդների շուրջօրյա ավտոմատ սպասարկում իրականացնող մասնաճյուղերի գործարկումը: 2017թ. ակնկալում ենք տնտեսության աշխուժացում, տնտեսվարող սուբյեկտների շրջանառության ծավալների աճ, արտահանման, ներմուծման ծավալների եւ դրամական փոխանցումների ավելացում, որոնք դրականորեն կանդրադառնան բանկի գործունեության եւ զարգացման հեռանկարների վրա:Սեյեդ Ղոլամրեզա Մուսավի, Մելլաթ Բանկի գործադիր տնօրենԲանկերը գնալով սկսում են գիտակցել, որ գերազանցության հասնել`չի նշանակում միայն շատ գումար վաստակել: 2016թ. մեր բանկն արեց ամեն ինչ` լրացուցիչ բաժնետոմսեր հաջող տեղաբաշխման միջոցով համալրելու կապիտալը: Մելլաթ Բանկը հասցրեց իր կապիտալը 32,1 մլրդ դրամի:2017թ. Մելլաթ Բանկը նպատակ ունի զարգացնել իր ծառայությունները հայաստանյան շուկայում, բացել նոր մասնաճյուղեր: Հուսով եմ` գալիք տարին հաջող տարի կլինի Մելլաթ Բանկի եւ մեր հաճախորդների համար:Վարդան Աթայան, Յունիբանկի վարչության նախագահ2016թ. Յունիբանկի համար հոբելյանական էր. բանկը նշեց իր հիմնադրման 15-ամյակը: Լինելով բաց բաժնետիրական ընկերություն եւ ունենալով մեծ թվով անհատ բաժնետերեր` Յունիբանկը շարունակել է ժողովրդական բանկ դառնալու իր ռազմավարությունը` ներգրավելով հասարակությանը բանկի կառավարմանը եւ այդպիսով դարձնելով այն ավելի արդյունավետ եւ թափանցիկ:Յունիբանկի բաժնետոմսերը 2016թ. ցուցակվեցին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա»-ի A ցուցակում, որը հնարավոր եղավ հանրությանը պատկանող բաժնետոմսերի չափաբաժնի մեծացման շնորհիվ: Դա վկայում է բանկի նկատմամբ հասարակության վստահության բարձր մակարդակի, բանկի թափանցիկ եւ արդյունավետ աշխատանքի մասին: Ընթացիկ տարում բանկն էապես համալրեց իր ընդհանուր կապիտալը` հասցնելով այն մոտ 35,2 մլրդ դրամի (ըստ ՀՀՄՍ-ի): Այժմ Յունիբանկի ծառայություններից օգտվում է ավելի քան 322 հազ. հաճախորդ, իսկ 3,5 հազ. ՓՄՁ-ներ ընտրել են բանկը՝ որպես ֆինանսական գործընկեր: Բանկին վստահվել է ավելի քան 24 հազ. ավանդ, իսկ մանրածախ վարկերի քանակը գերազանցում է 191 հազ.-ը:Moody’s միջազգային գործակալությունն այս տարի բարելավել է Յունիբանկի վարկանիշի կանխատեսումը` դարձնելով այն «պոզիտիվ»:2017թ. Յունիբանկի գործունեությունը կտարվի շուկայական փոփոխություններին, տնտեսության զարգացման ուղղություններին համահունչ: Բանկի վերլուծաբաններն իրականացնում են տնտեսական միջավայրի խորը վերլուծություն, ուսումնասիրվում են բոլոր ճյուղերն ու հնարավոր արտաքին եւ ներքին ազդեցությունները, ինչի հիման վրա էլ կազմվում է հետագա զարգացման ծրագիրը: Բանկը 2017-ին շեշտը կդնի ինովացիոն տեխնոլոգիաների եւ աշխատանքի արդյունավետության բարձրացման վրա, փոփոխությունների կենթարկվի սպասարկման մոտեցումը, ավելի կզարգանա մոբայլ բանկինգը: Յունիբանկը Հայաստանի ամենաինովացիոն բանկերից մեկն է, որը մշտապես ակտիվ ներդրումներ է կատարում ՏՏ ոլորտում` բիզնեսի զարգացում եւ անընդհատ աճ ապահովելու, ինչպես նաեւ հաճախորդների որակյալ սպասարկում կազմակերպելու նպատակով: Յունիբանկում արդեն իսկ ներդրված է «Պրոտոբեյզ լաբարատորիզ» ընկերության կողմից մշակված նոր ProtoCRM համակարգը, որի շնորհիվ սպառողական վարկի վերաբերյալ պատասխանը հաճախորդին տրվում է հաշված րոպեների ընթացքում: Բանկն ավարտել է նաեւ «Տվյալների մշակման ժամանակակից կենտրոն»-ի ստեղծման աշխատանքները: Յունիբանկի համար 2017թ. կարեւոր իրադարձություններից կլինի իր սովորական անվանական բաժնետոմսերի սեփականատերերին բաժնետոմսերի տեսքով միջանկյալ շահութաբաժինների վճարումը` 2016թ. հունվար-սեպտեմբեր ժամանակահատվածի համար: Նման որոշում կայացվեց` ելնելով Յունիբանկի արձանագրած բարձր ցուցանիշներից, կայուն ֆինանսական վիճակից եւ զարգացման ռազմավարությունից: Յունիբանկը կշարունակի նաեւ մասնաճյուղային ցանցի ընդլայնումն ու նոր աշխատատեղերի ստեղծումը: Հետեւելով սոցիալական պատասխանատվության սկզբունքներին` բանկն ակտիվ աջակցություն կտրամադրի հովանավորչական, բարեգործական եւ սոցիալական ծրագրերին, որոնք ուղղված են ֆինանսական գրագիտության բարձրացմանը, կրթության, արվեստի, սպորտի ոլորտների աջակցմանը:Էմիլ Սողոմոնյան, Պրոմեթեյ Բանկի վարչության նախագահ2016թ. զարգացումներն ակնհայտորեն բացահայտեցին մի նոր իրողություն. հարյուրամյակներ շարունակ զուտ բանկային ոլորտ համարվող շուկա են ներխուժում եւ բավական հաջող գործունեություն ծավալում նաեւ ոչ բանկ ֆինանսական ընկերությունները: Շուկա են մտնում տեխնոլոգիական հսկաները՝ գործարկելով սեփական վճարային համակարգերը՝ Apple Pay, Android Pay եւ Samsung Pay: Բանկերը, իրենց բնույթով լինելով ավելի պահպանողական, պետք է աչալուրջ գտնվեն, շատ ավելի մեծ ուշադրություն դարձնեն նոր տեխնոլոգիաների ներդրմանն ու զարգացմանը, որպեսզի չկորցնեն իրենց մրցակցային առավելությունները համաշխարհային շուկա մուտք գործող ավելի ճկուն եւ նորարար, «ոչ ավանդական» ֆինանսական ծառայություններ մատուցողների հետ մեկնարկած կոշտ մրցակցությունում:Այդ իսկ նպատակով 2016թ. նախաձեռնեցինք Prometey Mobile բջջային հավելվածի ակտիվ գովազդային արշավը: Երգչուհի Իվետա Մուկուչյանի մասնակցությամբ հոլովակը մեծ հետաքրքրություն առաջացրեց հասարակության շրջանում՝ բանկի ֆեյսբուքյան պաշտոնական էջում արձանագրելով ավելի քան 1,5 մլն դիտում: Արդյունքում, մեզ հաջողվեց ներգրավել ժամանակակից ու առաջադեմ հայացքներ ունեցող բազմաթիվ նոր հաճախորդների` ապահովելով բջջային հավելվածի ներբեռնման եւ հավելվածով կատարվող գործառնությունների քանակի շոշափելի աճ: 2017թ. բանկերի համար լինելու է բեկումնային տարի` աշխարհընկալման փոփոխման առումով: Պրոմեթեյ Բանկը քայլեր է ձեռնարկում նորագույն տեխնոլոգիաների կիրառման ոլորտում շուկայում առաջատար դիրքեր գրավելու ուղղությամբ: Մենք 2017թ. հաճախորդներին ներկայանալու ենք բացարձակապես նորովի՝ նոր ոճ, նոր ծառայություններ, տեխնոլոգիական նոր լուծումներ եւ սպասարկման նոր մշակույթ: Տարեսկզբին նախատեսում ենք հայաստանյան բանկերից առաջինն իրականացնել էլեկտրոնային փողի թողարկում եւ բջջային դրամապանակների սպասարկում: Նախատեսում ենք նաեւ հաճախորդների online սպասարկման գրասենյակի՝ «online մասնաճյուղի» գործարկում:Պատրաստեց Սիրանուշ Սիմոնյանը Tweet Դիտում՝ 18847