«Այլ կերպ» ու «Մի շնչով»` սեղանի հայալեզու այս խաղերն այսօր ներկայացնելու ենք ոչ միայն որպես խաղ, այլեւ հաջողված բիզնես նախագծեր: Ամեն ինչ սկսվեց նրանից, երբ երեք գործընկերուհիներ՝ Սոֆյա Խաչատրյանը, Անահիտ Հակոբյանը եւ Էլինա Մելիքյանը, ազատ ժամանակը փորձելով լրացնել սեղանի խաղերով, հասկացան, որ հայալեզու խաղեր չկան: Խաղից դեպի բիզնես անցած ճանապարհի ու հետագա ծրագրերի մասին Banks.am-ը զրուցել է Սոֆյա Խաչատրյանի եւ Անահիտ Հակոբյանի հետ: Անահիտ Հակոբյանը, Էլինա Մելիքյանը, Սոֆյա Խաչատրյանը-Ինչպե՞ս ծնվեց հայալեզու ինտելեկտուալ խաղեր ստեղծելու գաղափարը:Անահիտ - Մեր ընկերական հավաքույթներին սեղանի խաղերն անպակաս են լինում: Հայալեզու սեղանի խաղերի բացակայության պատճառով միշտ անգլերեն կամ ռուսերեն էինք խաղում եւ նեղսրտում, որ չունենք «մերը»: Որոշեցինք ինքներս լրացնել այդ բացը եւ ստեղծել հայկական սեղանի խաղ, որը կապված կլինի հայերենի, հայկական մշակույթի եւ հայ իրականության հետ: Սկսեցինք «Այլ կերպ»-ից: -Ինչո՞ւ հենց «Այլ կերպ»:Սոֆյա- Սա քարտի վրա գրված բառն այլ կերպով բացատրելու վրա հիմնված խաղ է: Շատ երկար մտածեցինք անվան շուրջ, շատ ծիծաղելի անուններ էինք քննարկում, բայց երբ բառախաղի ընթացքում հնչեց «այլ կերպ» արտահայտությանը, հասկացանք, որ դա այն է, ինչ փնտրում էինք: -Ի՞նչ խնդիր է լուծում խաղը. ժամանցից, հայերեն լեզվի տարածումից բացի բացի՝ ի՞նչ նպատակ ունեիք Ձեր առջեւ դրված:Սոֆյա -Մեր առաջնային նպատակը գրագետ հայերենի տարածումն էր, հետո նաեւ՝ մտքի զարգացումն ու ճկունության խթանումը: Խաղը նաեւ վերադարձնում է դեմ հանդիման շփվելու մշակույթը. կարելի է մի քանի ժամով կտրվել վիրտուալ միջավայրից ամեն տեսակ էլեկտրոնային սարքերից եւ հաղորդակցվել խաղի միջոցով՝ տեսնել միմյանց իրական էմոցիաները, լսել ձայները, որսալ միմյանց միտքը առանց «երկու կետ-փակագիծ», «կետ-ստորակետ-փակագիծ» եւ այլ նշանների:Անահիտ - Հասկացանք, որ գրական հայերենը տարբեր պատճառներով չի գործածվում մեր առօրյա բառապաշարում: Խաղում հատուկ ավելացրել ենք այնպիսի բարդ բառեր, որոնք դուրս են մղվել մեր խոսակցականից, սակայն շատ գեղեցիկ են: Այսպիսով կարող ենք ասել, որ խաղը նաեւ ուսուցողական բնույթ է կրում:-Ի՞նչ աղբյուրներից եք օգտվել խաղաքարտերը կազմելիս: Անահիտ- Բավական մեծ աշխատանք ենք տարել բառերի ընտրության հարցում: Հիմնականում օգտվել ենք բառարաններից, մինչխորհրդային հայ գրականությունից, ընդգրկել ենք նաեւ ոսկեղենիկ հայերենի մեր իմացած բառեր՝ փորձելով խաղի շնորհիվ վերականգնել դրանց առօրյա գործածությունը:Որքան էլ վստահ լինեինք մեր գիտելիքների վրա, կարեւորել ենք նաեւ համապատասխան մասնագետների կարծիքը: Բառերի ամբողջական ցանկը դիտարկվել է ՀՀ ԿԳՆ Լեզվի տեսչության եւ ՀՀ Կրթության ազգային ինստիտուտի կողմից եւ որակվել որպես հայերենի իմացությունն ու գործածությունը խթանող ժամանցային օժանդակ նյութ:- Խաղի դիզայնի վրա աշխատելիս՝ ի՞նչ շեշտադրումներ եք ունեցել:Սոֆյա – Նախքան առաջին էսքիզներն անելը հստակ գիտեինք, որ այն պետք է լինի պարզ, բայց խոսուն: Որպես ինտելեկտուալ խաղ՝ փորձել ենք դիզայնի միջոցով շեշտել խաղի ուսուցողական բնույթը՝ պահելով խաղաքարտի պարզությունը: Դիզայնի հիմնական էլեմենտը բառերի հայելային էֆեկտն է: Ոչ պակաս կարեւոր էր խաղաքարտի որակը, չափը, որպեսզի այն հաճելի լինի աչքին եւ հարմար՝ ձեռքի մեջ երկար պահելու համար: - Նախքան մեկնարկը՝ մարկետինգային ուսումնասիրություններ կատարե՞լ եք շուկայում:Սոֆյա – Նախ փորձեցինք հասկանալ, թե հայալեզու ի՞նչ խաղեր կան մեր շուկայում: Պարզվեց՝ երիտասարդների, եւ ավելի հասուն տարիքի մարդկանց համար նախատեսված հայալեզու ժամանցային խաղեր չկան: Իսկ մանկահասակ երեխաների եւ պատանիների համար նախատեսված սեղանի խաղերը մեզ համար ցանկալի որակական սանդղակից հեռու էին: Հենց այս բացն էլ օգտագործեցինք հայկական արտադրանքի շուկա մտնելու համար: Որոշ ժամանակ անց մեր որդեգրած չափանիշները հիմք դարձան նաեւ շուկայի այլ մասնակիցների համար, որպեսզի հանդես գան նմանատիպ արտադրանքով:-Որքա՞ն ժամանակ պահանջվեց գաղափարից պատրաստի արտադրանք ունենալու համար: Ի՞նչ դժվարությունների հանդիպեցիք այդ ճանապարհին:Սոֆյա -Մոտ 8 ամիս: 2014թ. ապրիլին որոշեցինք խաղ ստեղծել, սկսեցինք աշխատել բովանդակության վրա, նոյեմբերին գրանցեցինք մեր կազմակերպությունը, իսկ դեկտեմբերին խաղն արդեն պատրաստ էր: Ամենամեծ դժվարությունը կապված է եղել տպագրության հետ. որակն ու ձեւը, որը մենք էինք պահանջում, դժվարանում էին ապահովել, գուցե, որովհետեւ նման առաջադրանք կատարելու նախադեպ չունեին կամ մեզ նման չափից ավելի պահանջկոտ հաճախորդներ չէին ունեցել: Երեք տպարան փոխելուց հետո ելքը գտանք՝ քարտերը մի տպարանում ենք տպում, տուփերը՝ մեկ այլ՝ առաջնորդվելով «ում մոտ ինչը լավ կստացվի» սկզբունքով: - Որքա՞ն ներդրում պահանջեց այս նախագիծն ու որքանո՞վ արդարացրեց Ձեր սպասումը:Անահիտ - Ամեն ինչ արել ենք մեր ուժերով ու միջոցներով: Հիմնական գումարը ծախսել ենք տպարանների, ավազե ժամացույցների վրա եւ շատ փոքր միջոցներ ներդրել գովազդի մեջ: «Այլ կերպ»-ի համար ներդրել ենք 2,5 մլն դրամ՝ չհաշված մեր մտավոր ու ֆիզիկական ռեսուրսները (ծիծաղում են – խմբ.): Ստացած եկամուտը հետագայում ներդրել ենք վերարտադրության, ինչպես նաեւ «Այլ կերպ»-ի հավելվածի եւ «Մի շնչով»-ի ստեղծման վրա, ինչը շատ ավելի մեծ ներդրում է պահանջել: Սկզբում մտածում էինք՝ գոնե այսպես ասած 0-ով դուրս գանք, բայց հաճելիորեն զարմացանք, երբ եկամուտը գերազանցեց ներդրումը եւ աղբյուր դարձավ նոր նախագծերի համար: Դրանցից մեկը՝ մանկական խաղը, պատրաստ կլինի հուլիսին:Սոֆյա – Եթե «Այլ կերպ»-ի ստեղծումը դիտարկենք որպես մեկանգամյա ներդրում, ապա այն կարող ենք եկամտաբեր համարել, սակայն մենք մտադիր չենք սահմանափակվել երկու-երեք խաղով. մտածում ենք ավելի հեռուն գնալու մասին: Շարունակելու ենք ստացված եկամուտը ներդնել նոր գաղափարների իրագործման մեջ եւ եթե հաջողվի, շարունակական գործող լիարժեք բիզնեսի վերածվել:-Մանկական խաղը թողարկելուց բացի, մոտ ապագայում ի՞նչ նոր ծրագրեր ունեք:Սոֆյա – Մտածում ենք մեր ժամանցային ակումբը բացենք, որտեղ կլինեն նաեւ մեր խաղերը, բայց սա դեռ զուտ գաղափարի տեսքով է, որը երկար պետք է քննարկենք՝ ցանկալի արդյունքի հանելու համար:Մեկ այլ գաղափար է միջազգային շուկա դուրս գալը, փորձում ենք համագործակցության եզրեր գտնել հնարավոր գործընկերների հետ:- Ի՞նչ դժվարություններ ու առավելություններ ունի բիզնեսը կնոջ համար:Սոֆյա –Բիզնեսում կնոջ համար ավելի շատ դրական կողմեր կան. կնոջն այստեղ ավելի շատ են ընդառաջում ու զիջումների գնում: Վատ կողմերից մեկն այն է, որ սկզբում լուրջ չեն վերաբերվում, բայց դա բավական կարճ է տեւում:Անահիտ – Համաձայն չենք այն կարծիքի հետ, թե Հայաստանում բիզնես սկսելը դժվար է. տարբեր կառույցներում մեզ շատ լավ են վերաբերվել ու փորձել են աջակցել: Իհարկե, սկզբում եղել են դեպքեր, երբ մեզ անլուրջ են վերաբերվել, բայց, ինչպես Սոֆյան նշեց, րոպեներ անց հասկացել են, որ մենք բավական լուրջ եւ իրատեսական գործ ենք սկսել: - Ինչո՞վ էր պայմանավորված Ձեր նախագծի արագ տարածումն ու մեծ մասսայականություն վայելելը: Սոֆյա –Մենք վստահ էինք, որ ունենք որակյալ ու հետաքրքիր պրոդուկտ, ինչը մեզ թույլ էր տալիս այն վստահորեն ներկայացնել հանրությանը: Սկզբում խաղը նվիրեցինք մի քանի փաբերի, դպրոցների ու հետաքրքիր մարդկանց: Կարճ ժամանակ անց խաղերը ոչ միայն տարածում գտան, այլեւ զգալիորեն մեծացավ պահանջարկը: Մեր դեպքում լավագույն գովազդը մարդկանց գոհունակությունն էր, որը գործի դրեց շղթայական ռեակցիայի սկզբունքը: Իսկ այդ ամենի հիմքում անշուշտ լավորակ արտադրանքն է: «Այլ կերպ»-ից հետո, երբ մարդիկ գրեթե անգիր էին արել 301 խաղաքարտերը, թողարկեցինք «Այլ կերպ»-ի հավելվածը, հետո կազմեցինք «Մի շնչով»-ը, որը շատ ավելի ինտելեկտուալ գիտելիքներ պահանջող ու հետաքրքիր խաղ է:Այսօր «Այլ կերպ»-ը, նրա հավելվածն ու «Մի շնչով»-ը վաճառվում են երեւանյան գրեթե բոլոր գրախանութներում, սուպերմարկետներում եւ օնլայն խանութներում:-Ի՞նչ խորհուրդ կտաք երիտասարդներին, որոնք ունեն հետաքրքիր գաղափարներ, սակայն չգիտեն դրանք գործի դնելու մեխանիզմները: Սոֆյա - Հաջողության հասնելու համար պետք է գտնել լավ գործընկերներ, որոնք կաջակցեն գաղափարը որակյալ արտադրանքի վերածելու հարցում:Ունենալ բավականաչափ վստահություն սեփական նախաձեռնության նկատմամբ, նույնիսկ եթե ամենահարազատ մարդիկ հոռետես են այդ հարցում: Անահիտ – Հաջողելու եւ որակյալ արտադրանք ստանալու համար ցանկացած գաղափար նախ պետք է լինի լավ քննարկված ու մտածված: Արագ ինչ-որ բան անելու եւ եկամուտ ստանալու ցանկությունը ազդելու է որակի վրա, ինչն էլ, իր հերթին, ազդելու է պահանջարկի վրա:Հղումներ ՝ https://www.facebook.com/aylkerphttp://www.aylkerp.am/ Զրուցեց Սիրանուշ Եղիազարյանը Tweet Դիտում՝ 17973