«Իդրամ»-ը հնարավոր է համարում PayPal-ի վերադարձը ՀՀ շուկա

17.03.2016 | 10:47 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /

Այս օրերին Change.org կայքում ընթանում է ակտիվ ստորագրահավաք՝ ուղղված Հայաստանում PayPal վճարային համակարգի ամբողջական գործարկմանը:

Այս կապակցությամբ Banks.am-ը փորձել է որոշ հարցերի պատասխաններ ստանալ «Իդրամ» ընկերությունից, որի միջոցով ոչ վաղ անցյալում Հայաստանում հնարավոր էր օգտվել PayPal համակարգից:

Banks.am-ի զրուցակիցը «Իդրամ» ընկերության հասարակայնության հետ կապերի պատասխանատու Տաթեւ Մադաթյանն է:

- Ներկայում ի՞նչ փուլում է «Իդրամ»-ի համագործակցությունը PayPal-ի հետ:

-«Իդրամ»-ը PayPal-ի հետ միջնորդավորված կարճատեւ համագործակցություն է ունեցել շուրջ երկու տարի առաջ: Համագործակցությունը հնարավոր դարձավ ամերիկյան գործընկեր կազմակերպության միջոցով: Փոխանցումներն իրականացվում էին ինչպես «Իդրամ»-ից PayPal, այնպես էլ՝ PayPal-ից «Իդրամ»:

Համագործակցությունը դադարեցվեց, քանի որ մեզ հետ համագործակցող միջնորդ կազմակերպությունը բարձրացրեց միջնորդավճարները, ինչի արդյունքում ծառայությունը դարձավ ոչ մրցունակ եւ անհարմարավետ:

- Ձեր կարծիքով՝ ի՞նչն է խոչընդոտում PayPal-ի լիարժեք գործարկմանը Հայաստանում:

-Միջնորդավորված համագործակցության շրջանում պարզ դարձավ, որ Հայաստանը ուղիղ համագործակցության տեսանկյունից PayPal-ի համար առաջնային հետաքրքրություն ներկայացնող շուկաների ցանկում չէ՝ պայմանավորված տնտեսության ծավալներով: Նման խոշոր կազմակերպությունը որեւէ շուկա մտնելուց առաջ մանրամասն ուսումնասիրում է իր հնարավոր ձեռքբերումներն ու ռիսկերը. առնվազն երկու տարի առաջ հայաստանյան շուկան առանձնապես գրավիչ չէր այս չափանիշներով:

Այս պահին առավել հավանական է, որ PayPal-ի հետ համագործակցող որեւէ արտասահմանյան կազմակերպության երաշխավորությամբ հնարավոր դառնա Հայաստանի եւ PayPal-ի համագործակցությունը: Այս դեպքում միջնորդ կազմակերպությունն է իր վրա վերցնում գործարքների համար պատասխանատվությունը, եւ PayPal-ին լայն առումով այլեւս չի անհանգստացնի նոր շուկայի ռիսկայնությունը կամ փոքրությունը:

- Որքանո՞վ եք հավանական համարում PayPal-ի վերադարձը ՀՀ շուկա եւ ակնկալո՞ւմ եք արդյոք նրա հետ ուղիղ համագործակցություն:
 
- Հաշվի առնելով վերջին երկու տարում «Իդրամ»-ի օգտատերերի քանակի աճի հսկայական տեմպերը՝ այսօր առավել մեծ է հավանականությունը արտասահմանյան գործընկեր կազմակերպության միջոցով երկրորդ անգամ Հայաստան բերելու այս ծառայությունը, քանի որ ավելի մեծ թվով օգտատերերի անունից ենք հանդես գալիս այս անգամ, եւ հուսով ենք, որ կունենանք հաջողություններ առաջիկայում:

Ինչ վերաբերում է «Իդրամ»-ի՝ PayPal-ի հետ ուղիղ համագործակցության հավանականությանը, այն դեռեւս մեծ չէ, չնայած որ բանակցելու փորձեր արվել եւ արվում են:

Ուրախալի է տեսնել այս օրերին համացանցում կազմակերպվող ստորագրահավաքը, որը եւս վկայում է, որ Հայաստանում PayPal-ի ծառայությունների մեծ պահանջարկ կա, հատկապես՝ դեպի Հայաստան փոխանցումների մասով:

Հուսանք՝ շուտով հնարավորություն կստեղծվի Հայաստանում եւս լիարժեքորեն օգտվել PayPal-ի ծառայություններից:
 
Տաթեւ Մադաթյանի հետ զրուցել է Սիրանուշ Սիմոնյանը

Դիտում՝ 11776
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW