«Ոչ թալանին» համակարգող խումբը որոշել է չմասնակցել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ում անցկացվելիք միջազգային աուդիտի վերահսկողությանը:Այս մասին Մեդիամաքսին հայտնել է «Ոչ թալանին» համակարգող խմբի անդամներից Սոֆյա Հովսեփյանը՝ նշելով, որ որոշումը կայացնելուց առաջ դրա նպատակահարմարության վերաբերյալ քննարկումներ են ունեցել տարբեր մասնագետների՝ միջազգային աուդիտորական ընկերությունների ներկայացուցիչների եւ իրավաբանների հետ:«Քննարկումների արդյունքում հասկացանք, որ մեր ներկայությունն այդ վերահսկող խմբում չի ապահովի աուդիտի գործընթացի թափանցիկությունը: Տրամաբանական է, որ աուդիտն իրականացնող մասնագետներն աշխատում են բավական լուրջ թվերի հետ, եւ ոչ մի միջազգային աուդիտոր թույլ չի տա մեզ ներկա լինել ամբողջ գործընթացին: Մենք ստիպված ենք լինելու սպասել, թե երբ աուդիտորները դուրս կգան սենյակից եւ մեզ ինչ-որ արդյունք կներկայացնեն, ինչը հավասարազոր է այդ պատերից դուրս աուդիտի արդյունքները հանրությանը ներկայացնելուն: Արդյունքում, սակայն, տպավորություն կստեղծվի, թե մենք վերահսկել ենք գործընթացն ու տեսել, որ ամեն ինչ «նորմալ» է»,- ասել է Սոֆյա Հովսեփյանը: Նրա խոսքով՝ ակտիվիստներին՝ աուդիտի վերահսկող խմբի անդամ դառնալու պետության առաջարկությունը «միանշանակ ձեւական քայլ է»:Սոֆյա Հովսեփյանն ընդգծել է, որ «Ոչ թալանին»-ը դեմ է նաեւ ՀԷՑ-ում միջազգային աուդիտ անցկացնելու գաղափարին:«Տարիներ շարունակ ՀԷՑ-ում իրականացված աուդիտի արդյունքները վկայել են ընկերության ոչ արդյունավետ աշխատանքի մասին, սակայն, կառավարությունը որեւէ քայլ չի ձեռնարկել դա կանխելու համար, բացի էլեկտրաէներգիայի սակագինը բարձրացնելուց: Մենք արդեն ունենք նախորդ տարիներին իրականացված աուդիտի արդյունքները: Նախատեսվող աուդիտի համար եւս լրացուցիչ գումար է ծախսելու: Այս աուդիտով ընդամենն ուզում են հստակեցնել, թե թանկացումն օբյեկտիվ է»,- ասել է համակարգող խմբի անդամը:ՀԷՑ-ում անցկացվելիք աուդիտի գործընթացին չմասնակցելու իր որոշման մասին «Ոչ թալանին»-ը պաշտոնապես կհայտարարի հաջորդ շաբաթ նախատեսված ասուլիսի ընթացքում՝ խոսելով նաեւ հետագա քայլերի ու պահանջների մասին:Իսկ մինչ այդ՝ հուլիսի 14-ին, համակարգող խումբը երթով կշարժվի դեպի ՀՀ գլխավոր դատախազություն՝ պահանջելով պատժել հունիսի 23-ին ցուցարարների նկատմամբ բռնի ուժ կիրառած ոստիկաններին:Հիշեցնենք, որ ՀՀ նախագահը կոչ էր արել բողոքի ձայն բարձրացրած երիտասարդներին «չվախենալ նոր պատասխանատվություն ստանձնելուց եւ քայլերի մշակման իրական գործընթացին մասնակից դառնալուց՝ դրանով իսկ հասարակության մեջ նվազեցնելով կասկածամտությունը»: Սոֆյա Հովսեփյանն ընդգծել է, որ այս հայտարարությունից բացի, «Ոչ թալանին»-ը աուդիտի վերահսկողությանը մասնակցելու վերաբերյալ պետության կողմից մինչ օրս որեւէ պաշտոնական առաջարկ չի ստացել:Սիրանուշ Եղիազարյան Tweet Դիտում՝ 38377