Սան Պաուլոյում ընթացող ֆուտբոլի աշխարհի առաջնության (ԱԱ) կապակցությամբ Գրանթ Թորնթոն Ինթերնեշնլը անդրադարձել է գործարարների ունեցած սպասումներին: Ինչպես վկայում են հետազոտության արդյունքները, մրցաշարի վերաբերյալ Բրազիլայի գործարարների ունեցած խանդավառությունը վերջին երկու տարիներին սկսել է մարել: Եվ չնայած քչերն են կանխատեսել ներդրումների աճ Բրազիլիայում ֆուտբոլի առաջնությունը հյուրընկալելու արդյունքում, այնուամենայնիվ, նրանք հույս ունեն, որ ենթակառուցվածքների բարելավումը եւ զբոսաշրջիկների հոսքը երկարատեւ ժառանգություն կթողնեն Բրազիլիային:Միջազգային գործարար զեկույցի 2014թ. առաջին եռամսյակի տվյալներով, բրազիլացի գործարարների ընդամենը 33%-ն է կարծում, որ աշխարհի գավաթի հյուրընկալումը կնպաստի իրենց երկրի տնտեսական աճի տեմպին՝ շոշափելի անկում ի համեմատ 2012թ. առաջին եռամսյակի 80% ցուցանիշի: Նմանապես, գործարարների միայն 11%-ն է նախատեսել լրացուցիչ ներդրումներ անել մրցաշարի հետ կապված` ի համեմատ 2012թ. 23%-ի: Հարցված ընկերությունների միայն 19%-ն է ակնկալում եկամուտների աճ եւ 52%-ը կարծում են, որ աճը կլինի հատկապես զբոսաշրջության ոլորտում:«Աշխարհի գավաթի շուրջ գործարարների ունեցած խանդավառությունը, անխոս, նվազել է, քանի որ Բրազիլիայում տնտեսական իրավիճակը վերջին երկու տարում վատթարացել է: Ի սկզբանե, գործարար համայնքում հույս կար, որ ենթակառուցվածքային այն ներդրումները, որոնք անհրաժեշտ են երկրում 600,000 այցելուներ հյուրըկալելու համար (չհաշված նրանց, ովքեր ժամանելու են 2016թ. Օլմպիական խաղերին) խթան կհանդիսանան երկարաժամկետ տնտեսական աճի համար: Սա պետք է որ բարձրացներ միջազգային հետաքրքրությունը Բրազիլիայի հանդեպ, սակայն դրա փոխարեն միջազգային ԶԼՄ-ների ուշադրության կենտրոնում հայտնվեցին մարզադաշտի շինարարության ուշացումները, ինչպես նաեւ կառավարության եւ ՖԻՖԱ-ի դեմ հասարակական բողոքները»,- նշել է Գրանթ Թորնթոն Բրազիլիայի բաժնետեր Մադլեն Բլանքենշթեյնը:Գործարարների գրեթե մեկ երրորդը կարծում է, որ մարզադաշտերի շինարարությունը խախտել է իրենց քաղաքի առօրյա կյանքի ռիթմը, եւ միայն 40%-ն է հավատում, որ մարզադաշտը մրցաշարի ավարտից հետո եւս արդյունավետ կերպով կշահագործվի:Banks.am-ի անդրադարձին՝ նվիրված ֆուտբոլի ԱԱ-ի տնտեսական բաղադրիչին, կարող եք ծանոթանալ այստեղ: Tweet Դիտում՝ 3848