2013թ. հունվար-հոկտեմբերին պետբյուջեի ծախսերը կազմել են 76.5%, եկամուտները՝ 81.6%

13.12.2013 | 15:10 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

2013թ. հունվար-հոկտեմբեր ամիսներին ՀՀ պետական բյուջեի եկամուտները կազմել են շուրջ 876.5 մլրդ դրամ, իսկ ծախսերը` 814 մլրդ դրամ, որոնք համապատասխանաբար 81.6%-ով եւ 76.5%-ով ապահովել են ՀՀ կառավարության տարեկան ծրագրի կատարումը` նախորդ տարվա 80.9%-ի եւ 76.9%-ի դիմաց:

ՀՀ ֆինանսների նախարարության հաղորդագրության համաձայն, նախորդ տարվա 10 ամիսների համեմատ արձանագրվել է պետական բյուջեի եկամուտների աճի տեմպի արագացում 16.5%-ով (123.9 մլրդ դրամ)` նախորդ տարվա 9.1%-ի (63 մլրդ դրամի) դիմաց. այն հիմնականում ապահովվել է հարկային եկամուտների աճի հաշվին: Պետական բյուջեի եկամուտների 94.4%-ը ձեւավորվել է հարկային եկամուտների եւ պետական տուրքերի, 5%-ը` այլ եկամուտների, 0.6%-ը` պաշտոնական դրամաշնորհների հաշվին: Հաշվետու ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե են մուտքագրվել շուրջ 827.3 մլրդ դրամ հարկային եկամուտներ եւ պետական տուրքեր, որոնք կազմել են տարեկան ծրագրի 81.3%-ը: 2012թ. նույն ժամանակահատվածի համեմատ նշված եկամուտներն աճել են 16.7%-ով կամ 118.4 մլրդ դրամով` նախորդ տարվա 10.4%-ի կամ 66.5 մլրդ դրամի դիմաց:

Հարկային եկամուտների աճը մեծ մասամբ պայմանավորված է ավելացված արժեքի հարկի աճով եւ 2013թ. հարկային օրենսդրության մեջ կատարված փոփոխությամբ, որի համաձայն նախկինում սահմանված եկամտահարկի եւ պարտադիր սոցիալական ապահովության վճարների փոխարեն ներդրվել է մեկ միասնական` եկամտային հարկ: Այս հարկատեսակից պետական բյուջե է մուտքագրվել 200.2 մլրդ դրամ:

Ավելացել է նաեւ ՀՀ պետական բյուջեի ծախսերի աճի տեմպը, որը կազմել է 8.4% (62.9 մլրդ դրամ)` նախորդ տարվա 4.5%-ի (32.1 մլրդ դրամի) դիմաց, ինչը հիմնականում պայմանավորված է ընթացիկ ծախսերի աճով: Դրանք հաշվետու ժամանակահատվածում կազմել են 755.5 մլրդ դրամ: Բյուջետային ելքերի համեմատ մուտքերի առավել բարձր կատարողականի արդյունքում ներքին աղբյուրներում ձեւավորված ազատ միջոցներն ավելացել են 87.9 մլրդ դրամով (տարեկան ծրագրով նախատեսված էր 43.2 մլրդ դրամ):

Պետական բյուջեի եկամուտներում, ծախսերում եւ պակասուրդի ֆինանսավորման աղբյուրներում ներառված չեն արտաքին աղբյուրներից ֆինանսավորվող նպատակային ծրագրեր իրականացնող գրասենյակներով շրջանառվող միջոցները:

Դիտում՝ 1319
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW