Հայաստանի կենտրոնական բանկի (ԿԲ) կանխատեսումներով, հաշվի առնելով մայիսին դիտված կարկտահարության եւ երրորդ եռամսյակից էներգակիրների սակագների բարձրացման ազդեցությունները, 12-ամսյա գնաճը Հայաստանում կուժգնանա եւ ս.թ. երրորդ եռամսյակից մինչեւ 2014թ. կեսերը կտատանվի 8% մակարդակի շուրջ, ինչը 2.5 տոկոսային կետով բարձր է նպատակային միջակայքի վերին սահմանից (4 +/-1,5 տոկոսային կետ):Ինչպես այսօր ասել է ԿԲ խորհրդի անդամ Արթուր Ստեփանյանը, 2013թ. հունիսի վերջին տարեկան գնաճը կձեւավորվի նպատակային միջակայքի վերին հատվածում (5,5%):«Մենք պահպանելու ենք դրական իրական տոկոսադրույքներ (իրական տոկոսադրույքների եւ գնաճի տարբերությունը) այնքան ժամանակ, մինչեւ համոզված լինենք, որ գնաճային սպասումները խարսխված են, եւ գնաճի երկրորդային ազդեցությունները մեղմվել են»,- ասել է Արթուր Ստեփանյանը, ինչը նշանակում է, որ գնաճը զսպելու համար ԿԲ-ն կբարձրացնի վերաֆինանսավորման տոկոսադրույքը:ԿԲ-ն կանխատեսում է նաեւ, որ էներգակիրների սակագների բարձրացումը կհանգեցնի մասնավոր սպառման նվազման, ինչն իր հերթին կբերի ՀՆԱ աճի դանդաղեցման: Մասնավորապես, ըստ ԿԲ-ի, 2013թ. տնտեսական աճը լինելու է ավելի դանդաղ, քան 2012-ին (7.2%) եւ կկազմի շուրջ 5.6%, իսկ 2014թ. առաջին եռամսյակում ՀՆԱ աճը կդանդաղի անգամ մինչեւ 3.5%: «2014թ. երրորդ եռամսյակից 12-ամսյա գնաճը կնվազի եւ կվերադառնա նպատակային միջակայք, եւ գնաճային սպասումների չեզոքացումից հետո ԿԲ-ն կիջեցնի վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ տնտեսական աճը խթանելու համար», - եզրափակել է Արթուր Ստեփանյանը: Tweet Դիտում՝ 1819