Կարեն Կարապետյանն ընտրվել է Երեւանի քաղաքապետ

17.12.2010 | 13:43 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. Երեւանի Ավագանու խորհրդի անդամներն այսօր ՀՀ մայրաքաղաքի քաղաքապետ են ընտրել Կարեն Կարապետյանին:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս գործակալությունը, մինչ Երեւանի քաղաքապետի պաշտոնում ընտրվելը Կարեն Կարապետյանը զբաղեցրել է «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ գլխավոր տնօրենի եւ վարչության նախագահի պաշտոնը:

Կարեն Կարապետյանի թեկնածությունն առաջադրվել է դեկտեմբերի 16-ին Հայաստանի Հանրապետական կուսակցության /ՀՀԿ/ խորհրդի նիստում` ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի նախագահությամբ:

Այսօր ներկայացնելով Կարեն Կարապետյանի թեկնածությունը` Ավագանու խորհրդում ՀՀԿ խմբակցության ղեկավար Դերենիկ Դումանյանն ասել է, որ նա արդյունավետ մենեջեր է, ունի բարձր մարդկային եւ բարոյական հատկանիշներ եւ բարի համբավ է վայելում հասարակության շրջանում:

Հանդես գալով Ավագանու խորհրդի անդամների առջեւ` Կարեն Կարապետյանն ասել է, որ «այսօր լավ հնարավորություն կա համատեղ ուժերով ստեղծել ժամանակակից եւ հարմարավետ քաղաք երեւանցիների համար»: Նա նշել է, որ մտադիր է սերտորեն համագործակցել մայրաքաղաքի բնակիչների հետ:

Կարեն Կարապետյանը ծնվել է 1963թ. օգոստոսի 14-ին Ստեփանակերտում: 1986թ. գերազանցությամբ ավարտել է Երեւանի պետական համալսարանի կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետը: 1989թ. դարձել է տնտեսական գիտությունների թեկնածու, իսկ 2010թ.` տնտեսական գիտությունների դոկտոր:

Կարեն Կարապետյանը «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ գլխավոր տնօրենի եւ վարչության նախագահի պաշտոնը զբաղեցրել է 2001թ.-ից: Մինչ այդ նա եղել է ՀՀ էներգետիկայի փոխնախարար եւ «Հայէներգո» ընկերության գլխավոր տնօրեն:

Կարեն Կարապետյանն ամուսնացած է, ունի երեք երեխա:

Դիտում՝ 10550
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW