Երեւան /Մեդիամաքս/. ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը /ՏՄՊՊՀ/ այսօր որոշել է 3 մլն դրամի տուգանք նշանակել «Ալեքս Գրիգ» ընկերությանը: Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, ՏՄՊՊՀ այսօրվա նիստում ներկայացվել են «Ալեքս Գրիգ» ընկերության կողմից անբարեխիղճ մրցակցության փաստեր: Հանձնաժողովի ներկայացուցիչ Վահագն Գսպոյանի խոսքերով, ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ «Ալեքս Գրիգ» ընկերության կողմից արտադրվող մի շարք օղիների ապրանքանիշերը ուկրաինական ընկերությունների կողմից արտադրվող որոշ բրենդերի գրեթե կրկնօրինակումներն են: Վահագն Գսպոյանի խոսքերով, ընկերության նման գործողությունները կարող են սպառողի մոտ շփոթություն առաջացնել, ինչն անբարեխիղճ մրցակցության դրսեւորում է եւ արգելվում է «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքով: ՏՄՊՊՀ-ն որոշում է կայացրել տուգանել «Ալեքս Գրիգ» ընկերությանը 2,5 մլն դրամով եւ վաճառքից հանել ու դադարեցնել նշված ապրանքանիշերով օղիների հետագա արտադրությունը: Հանձնաժողովն որոշել է նաեւ 500 հազ. դրամի տուգանք նշանակել «Ալեքս Գրիգ» ընկերությանը` շաքարավազի շուկայի ուսումնասիրությունների իրականացման նպատակով փաստաթղթերը հանձնաժողովին ժամանակին չներկայացնելու համար: «Ալեքս Գրիգ» ընկերության շահերը ներկայացնող Լեռնիկ Հովհաննիսյանը հայտարարել է, որ հանձնաժողովն իրավասու չէ լուծել ապրանքային նշանների նմանության հետ կապված հարցեր: Նրա խոսքերով, այդ հարցը կարող են բարձրացնել ապրանքանիշերի սեփականատերերը, այսինքն` ուկրաինական ընկերությունները, եւ այն լուծել դատարանում: Միաժամանակ, Լեռնիկ Հովհաննիսյանը հրաժարվել է պատասխանել այն հարցին, թե «Ալեքս Գրիգ» ընկերության այդ գործողությունները հանդիսանու՞մ են արդյոք անբարեխիղճ մրցակցության դրսեւորում, եւ հայտարարել է, որ ընկերությունը բողոքարկելու է հանձնաժողովի որոշումը:«Ալեքս Գրիգ»-ը գտնվում է ՀՀ Ազգային Ժողովի պատգամավոր Սամվել Ալեքսանյանի հսկողության ներքո եւ համարվում է փաստացի մոնոպոլիստ միաժամանակ մի քանի ապրանքային շուկաներում: Tweet Դիտում՝ 10207