Երեւան /Մեդիամաքս/. Հայկական երկաթուղու ներկա վիճակը եւ զարգացման հեռանկարներն այսօր Երեւանում քննարկել են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը եւ “Ռուսական երկաթուղիներ” ընկերության նախագահ Վլադիմիր Յակունինը: Ինչպես ՄԵԴԻԱՄՍՔՍ-ին հայտնել են ՀՀ նախագահի մամլո ծառայությունում, ՌԵ ղեկավարը Սերժ Սարգսյանին տեղեկացրել է, որ այսօր այցելել է երկաթուղային տրանսպորտի կարիքների համար նախատեսված արտադրանքի ցուցահանդես, որը կազմակերպել էին “Հարավկովկասյան երկաթգիծի” ղեկավարությունը եւ հայ գործարարները: Վլադիմիր Յակունինն ընդգծել է, որ ներկայացված արտադրանքն արդեն իսկ օգտագործվում է “Հարավկովկասյան երկաթգծում”, ինչպես նաեւ Ռուսաստանում, քանի որ գին-որակ հարաբերակցությունը միանգամայն գրավիչ է: Բացի այդ, ՌԵ ղեկավարի խոսքերով, իրենց հիմնական սկզբունքն է ցանկացած աշխատանքում նախապատվությունը տալ տեղական արտադրողին: Զրուցակիցները քննարկել են նաեւ կոնցեսիոն պայմանագրով կողմերի ստանձնած պարտավորությունների կատարման ընթացքը: Նրանք, մասնավորապես, անդրադարձել են երկաթուղու արդիականացման, շարժակազմերի, ռելսերի նորոգման, տեխնիկական վերազինման, գնացքների արագության ավելացման, ինչպես նաեւ ամենաօպտիմալ երթուղով կարճ ժամանակահատվածում եւ նվազագույն ծախսերով բեռնափոխադրումների կազմակերպման համակարգ ձեւավորելու հետ կապված ծրագրերին: Վլադիմիր Յակունինինը ասել է, որ վերջին շրջանում ՀԵ կողմից իրականացված աշխատանքն ընդհանուր առմամբ գոհացնում է իրեն, լուրջ քայլեր են ձեռնարկվել կառավարման արդյունավետությունը բարձրացնելու տեսանկյունից: “Ռուսական երկաթուղիներ”ընկերության նախագահը վստահեցրել է, որ ստանձնած ներդրումային պարտավորությունները լիովին կկատարվեն: Tweet Դիտում՝ 11900