Երեւան /Մեդիամաքս/. ԿԲ խորհուրդն իր այսօրվա նիստում է իջեցրեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով` սահմանելով այն 7.25%: Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ-ը` վկայակոչելով ԿԲ մամլո ծառայությունը, 2009 թ. ապրիլին մարտի նկատմամբ արձանագրվել է 3.2% գնաճ, որի պարագայում 12-ամսյա գնաճը նախորդ ամսվա նկատմամբ աճել է 2.1 տոկոսային կետով` կազմելով 3.1%: ԿԲ խորհուրդը փաստեց, որ գնաճի ընթացիկ զարգացումները հիմնականում համահունչ են կանխատեսվող ժամանակահատվածի համար նախանշված ուղղություններին: Ինչպես եւ սպասվում էր, գնաճի տեմպը երկրորդ եռամսյակից սկսել է արագանալ, այդուհանդերձ կանխատեսվող հորիզոնում այն չի գերազանցի նպատակային թիրախի վերին սահմանը: Ընդ որում, գնաճի հետագա վարքագիծը հիմնականում կպայմանավորվի մոտակա ամիսների ընթացքում հիմնական կոմունալ ծառայությունների սակագների` ապրիլին տեղի ունեցած բարձրացման երկրորդային ազդեցությունների արտահայտմամբ եւ մարտի սկզբին դրամի արժեզրկման հետևանքով սկսված ներմուծվող ապրանքների գների ճշգրտման գործընթացի շարունակմամբ: Միաժամանակ, կանխատեսվող հորիզոնում հավասարակշիռ մակարդակից ցածր ՀՆԱ-ն և արտաքին գնանկումային միջավայրը կզսպեն վերոնշյալ գործոնների ազդեցությունը գների ընդհանուր մակարդակի վրա: Ձեւավորված եւ սպասվող մակրոմիջավայրի ներկա պայմաններում ԿԲ խորհուրդը նպատակահարմար է գտնում շարունակել գների կայունության և տնտեսության խթանման խնդիրների արդյունավետ համադրումից բխող ընդլայնողական դրամավարկային քաղաքականության իրականացումը` տոկոսադրույքների աստիճանական նվազեցման եւ ծավալային ընդլայնման համակցման միջոցով: Tweet Դիտում՝ 9758