Նոր Porsche Taycan. Կատարելագործված՝ գրեթե բոլոր առումներով

07.02.2024 | 17:06 Գլխավոր էջ / Նորություններ /
#Porsche Taycan #Style Porsche
Porsche-ն թարմացրել է Taycan մոդելային շարքը: Նոր տարբերակներն ավելի հզոր են, ունեն ընթացքի ավելի մեծ պաշար, ինչպես նաեւ բարելավվել են արագացման ցուցանիշներն ու լիցքավորման տեւողությունը:

Իր հերթին, Style Porsche-ն կատարելագործել է դիզայնը՝ ավելի տարբերվող դարձնելով Turbo մոդելները: Բոլոր Taycan մոդելների ստանդարտ համալրումն ընդլայնվել է․ այն նաեւ ներառում է Porsche Driver Experience-ի նոր սերունդը՝ բարելավված կառավարման հայեցակարգով եւ դիսփլեյով:  

Շտուտգարտ. Թափքի բոլոր երեք տեսակները, այդ թվում՝ Taycan սպորտային սեդանը, բազմաֆունկցիոնալ Taycan Cross Turismo-ն, որը հասանելի է արտաճանապարհային փաթեթով, եւ, իհարկե, սպորտային, միաժամանակ՝ նաեւ պրակտիկ, Taycan Sport Turismo-ն կներառեն բազում մոդիֆիկացիաներ: Նոր տարբերակները կժամանեն Porsche Կենտրոններ 2024 թվականի գարնանը:


Սերիական արտադրության անցնելու ճանապարհին մշակող ինժեներները եւ փորձարկող վարորդները աշխարհով մեկ քողարկված թեստային ավտոմեքենաներով անցել են 3,6 միլիոն կիլոմետր ճանապարհ Porsche-ի առաջին ամբողջովին էլեկտրական ավտոմեքենայի կատարելագործումը շարունակելու համար: Սպորտային ավտոմեքենաներ արտադրողը թողարկել է Taycan մոդելի գրեթե 150,000 նմուշ: Ներկայում Taycan-ի համար ամենակարեւոր առանձին շուկաներն են ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան, Գերմանիան եւ Չինաստանը:

«2019-ի վերջին, երբ թողարկվեց Taycan-ը, մենք սկիզբը դրեցինք էլեկտրական շարժունակության (e-mobility) նոր դարաշրջանին: Այն անմիջապես փոխեց խաղի կանոնները եւ դարձավ նորարարության առաջնամարտիկը էլեկտրական ավտոմեքենաների սեգմենտում: Ներկայացնելով նոր, բարելավված Taycan-ը մենք շարունակում ենք այս հաջողության պատմությունը: Մոդելային շարքը նոր բարձունքների է հասել կատարողականության, բացառիկ վարման դինամիկայի եւ վարելուց ստացված հաճույքի տեսանկյունից»,- նշել է մոդելային շարքի գծով փոխտնօրեն Քեւին Գիկը:

Կատարողականության ավելի բարձր մակարդակ

Բոլոր նորացված մոդելներն ավելի արագ են թափ հավաքում, քան իրենց նախորդները: Ներկայացնենք երկու օրինակ. Taycan եւ Taycan Turbo S սպորտային սեդանները 0-ից 100 կմ/ժ արագություն են զարգացնում համապատասխանաբար 4.8 եւ 2.4 վայրկյանում: Այսպիսով, նախորդ մոդելների հետ համեմատ արագացման ժամանակը կրճատվել է 0.6 եւ 0.4 վայրկյանով:

Sport Chrono փաթեթի նոր push-to-pass ֆունկցիայի շնորհիվ կոճակի մեկ հպումով հզորությունը կարելի է ավելացնել մինչեւ 70 կՎտ (կախված մոդելից): Արագացման բարձր ցուցանիշները հիմնականում համակարգի ավելի բարձր արդյունավետության արդյունք են: Օրինակ, ստանդարտ Taycan-ը արտադրում է 60 կՎտ-ով ավելի շատ հզորություն, քան նախկինում: Launch Control-ով Taycan Turbo S-ի համար այս ցուցանիշը կազմում է հավելյալ 140 կՎտ: Ամենաթոփ մոդելի համակարգի հզորությունն ավելացել է մինչեւ 700 կՎտ/ 952 ձ.ու.:


Նախորդ մոդելի համեմատ 35%-ով ավելի մեծ ընթացքի պաշար

Կախված թափքի եւ շարժիչի տեսակից, ընթացքի պաշարը (WLTP) հասնում է մինչեւ 678 կմ, ինչը 175 կմ-ով կամ 35%-ով ավելի է, քան նախորդ մոդելների պարագայում: Երկար ուղեւորությունների ժամանակ նորացված Taycan-ով ոչ միայն ավելի քիչ կանգառներ անհրաժեշտ կլինեն լիցքավորման համար, այլ դրանք կլինեն ավելի կարճատեւ. 800 վոլտ հզորությամբ հաստատուն հոսանքով լիցքավորման կայաններում այն կարելի է լիցքավորել մինչեւ 320 կՎտ հզորությամբ: Դա 50 կՎտ-ով ավելին է, քան նախկինում: Նոր մարտկոցի արագ լիցքավորման պատուհանը զգալիորեն ընդլայնվել է: Սա նշանակում է, որ 300 կՎտ-ից բարձր լիցքավորման հզորությունը կարող է պահպանվել ավելի քան հինգ րոպե, նաեւ լիցքավորման մեծ հզորության կարելի է հասնել նույնիսկ ցածր ջերմաստիճանների պարագայում:

Կախված անհատի մեքենա վարելու ոճից, ի թիվս այլ հանգամանքների, սա կարող է կրկնակի նվազեցնել 10-ից 80 տոկոս լիցքավորելու համար պահանջվող ժամանակը նախորդ մոդելների համեմատ:

Taycan-ի առաջին սերնդի պարագայում 10-ից 80 տոկոս լիցքավորման ժամանակը կազմում էր 37 րոպե՝ 15°C պայմաններում: Նորացված Taycan-ի պարագայում, չնայած մարտկոցի ավելի մեծ ունակությանը, այդ ցուցանիշը նույն պայմաններում կազմում է 18 րոպե: Performance Battery Plus մարտկոցի համախառն ունակությունն այժմ կազմում է 105 կՎտ՝ նախկին 93 կՎտ-ի փոխարեն:

Նոր ակտիվ հենասարք

Բոլոր նորացված Taycan մոդելների ստանդարտ համալրման կազմում առկա է ադապտիվ պնեւմատիկ կախոցը: Նոր Porsche Active Ride հենասարքը հասանելի է պատվերով՝ որպես լիաքարշակ համակարգով տարբերակների համար: Այս համակարգն ապահովում է աննախադեպ դինամիկա եւ հարմարավետություն:

Հենասարքը մշտապես կայուն է պահում Taycan-ի թափքը, նույնիսկ դինամիկ արգելակման, շրջադարձերի եւ արագացման մանեւրների ժամանակ: Համակարգը գրեթե ամբողջությամբ չեզոքացնում է ցնցումները, ինչի արդյունքում ապահովվում է սահուն ընթացք: Դինամիկ վարման իրավիճակներում Porsche Active Ride համակարգն ապահովում է նաեւ գերազանց կցորդում ճանապարհածածկի հետ՝ շնորհիվ անիվների վրա բեռնվածքի հավասարաչափ բաշխման: Ճիշտ ռեժիմը ակտիվացնելու պարագայում հենասարքը կարող է կոմպենսացնել ճոճը եւ կողաթեքումը, որպեսզի նվազեցնի արագացման ուժերի ազդեցությունը ուղեւորների վրա:


Արդյունավետության բարձրացմանն ուղղված լայնածավալ միջոցառումներ

Կատարողականության եւ արդյունավետության մակարդակի միաժամանակյա բարձրացումը կախված է մի շարք գործոններից, որոնք են՝ հետեւի սռնու վրա տեղակայված շարժիչով առաջադեմ փոխհաղորդակ՝ 80 կՎտ ավել հզորությամբ, քան նախորդ բոլոր մոդելներինը, փոփոխված իմպուլսային ինվերտոր՝ օպտիմալացված ծրագրային ապահովմամբ, ավելի հզոր մարտկոցներ, մոդիֆիկացված ջերմակարգավորիչ, նոր սերնդի ջերմային պոմպ եւ ռեկուպերացիայի ու լիաքարշակ համակարգի վերափոխված ռազմավարություն:

Ռեկուպերացիայի առավելագույն հզորությունը բարձր արագությունների ընթացքում արգելակելիս աճել է ավելի քան 30 տոկոսով՝ 290 կՎտ-ից հասնելով 400 կՎտ-ի: Մոդելի բոլոր տարբերակների ստանդարտ համալրման կազմում են աերոդինամիկայի տեսանկյունից օպտիմալացված անիվները եւ գլորման ցածր դիմադրությամբ անվադողերը: Նոր 21 դյույմանոց անիվներն ու անվադողերը հատուկ մշակված են հենց այս նպատակի համար:

Զգալիորեն բարելավված սարքավորում՝ ավելի պակաս քաշով

Չնայած մոդելների քաշը նվազել է 15 կիլոգրամով` ստանդարտ համալրման շրջանակն ավելի լայն է, քան նախկինում․ թույլ լուսավորություն, հետեւի տեսարանի տեսախցիկով ParkAssist համակարգ, էլեկտրական ծալվող արտաքին հայելիներ՝ շրջապատի լուսավորությամբ, տաքացվող առջեւի նստատեղեր, Porsche Intelligent Range Manager (PIRM), ջերմային պոմպ՝ սառեցման նոր համակարգով, սմարթֆոնի լիցքավորիչ-տակդիր, էլեկտրական լիցքավորման միակցիչներ վարորդի եւ առջեւի ուղեւորի կողմում, Drive Mode վարելու ռեժիմների փոխարկիչ եւ Power Steering Plus – այս ամենը ներառված է մոդելների ստանդարտ համալրման մեջ:

Taycan բազային մոդելներն այժմ նաեւ համալրված են ադապտիվ պնեւմատիկ կախոցով եւ դռնաշեմերի ալյումինե պաշտպանիչ ներդիրներով: Ի լրումն արդիականացված սարքավորման՝ բարելավված համալրման կազմում է նաեւ ավելի մեծ ունակությամբ մարտկոցը՝ ավելի թեթեւ քաշով:   


Էլ ավելի գրավիչ դիզայն

Ավտոմեքենայի առջեւի եւ հետեւի նոր դիզայնի, ինչպես նաեւ նոր, գլխավոր լուսարձակների եւ հետեւի լույսերի շնորհիվ Style Porsche-ի մասնագետներն էլ ավելի են կատարելագործել Taycan-ի պարզ եւ լակոնիկ արտաքին տեսքը: Նոր առջեւի թեւերը եւ ավելի հարթ լուսարձակներն էլ ավելի են ընդգծում Taycan-ի լայնությունը:
Նոր լուսարձակները սարքավորված են մանրամասնված օպտիկայով հագեցված բարձր կետայնությամբ HD մատրիցային տեխնոլոգիայով եւ այժմ գիշերային ժամերին արտացոլում են ապրանքանիշին բնորոշ՝ Porsche ապրանքանշանի չորս կետանոց գրաֆիկան։

Ի թիվս այլ ուշագրավ հատկությունների՝ Turbonote-ի շեշտված գույնը Turbo եւ Turbo S մոդելներն առանձնացնում է այլ տարբերակներից ինչպես արտաքինից, այնպես էլ ներսից:

Կառավարման եւ պատկերման թարմացված հայեցակարգ

Սարքերի վահանակը, կենտրոնական դիսփլեյը եւ ուղեւորի համար նախատեսված օպցիոնալ ցուցասարքն ունեն օպտիմալացված ինտերֆեյս՝ հավելյալ ֆունկցիաներով: Ղեկանվի վրայի ռեժիմների փոխարկիչն այժմ ներառված է ստանդարտ համալրման մեջ: Sport Chrono փաթեթով եւ Performance Battery Plus-ով համալրված Taycan-ներում փոխարկիչի վրա առկա է հատուկ push-to-pass կոճակը:

Ղեկանվի hետեւի ձախ կողմում գտնվող կառավարման լծակն օգտագործելը վարորդի համար առավել ինտուիտիվ է դարձնում օժանդակող համակարգերի կառավարումը: Apple CarPlay-ն ավելի խորն է ինտեգրված ավտոմեքենայի ցուցասարքերում եւ ֆունկցիաներում: Նոր In-Car Video ֆունկցիան թույլ է տալիս տեսանյութեր հեռարձակել կենտրոնական, ինչպես նաեւ ուղեւորի համար նախատեսված դիսփլեյների վրա:
Դիտում՝ 1966
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW