Տնտեսագիտական համալսարանի «Ամբերդ» հետազոտական կենտրոնը տոնել է իր 10-ամյա հոբելյանը։ Այդ առիթով նոյեմբերի 10-ին համալսարանում կազմակերպվել էր «ՀՀ տնտեսության ներառական զարգացման ուրվագծեր» կլոր սեղան-քննարկումը, որին մասնակցում էին պետական կառավարման մարմինների, Կենտրոնական բանկի ներկայացուցիչներ, Ազգային ժողովի պատգամավորներ, պաշտոնյաներ, բուհի ակադեմիական կազմի անդամներ, հյուրեր։ ՀՊՏՀ ռեկտոր Դիանա Գալոյանն ասել է, որ «մեկ տասնամյակ առաջ մի քանի իդեալիստ էնտուզիաստներ, այս գաղափարով տոգորված, որոշեցին, որ ՀՊՏՀ-ն պետք է ունենա իր հետազոտական ուղեղային կենտրոնը, եւ անցած տասնամյակում «Ամբերդը» իր ուրույն տեղը նվաճեց տնտեսագիտական մտքի գիտահետազոտական միջավայրում»։Ռեկտորն ասել է, որ «Ամբերդը» կարողացել է վերաճել ուղեղային այնպիսի կենտրոնի, որն առաջատարներից մեկն է ոչ միայն հանրապետությունում, այլեւ տարածաշրջանում եւ արդեն մի քանի տարի հաստատուն կերպով իր դիրքերն է ամրապնդում ուղեղային կենտրոնների համաշխարհային վարկանիշերում։ «Այս նշանակալի ձեռքբերումների հիմքում մի ողջ թիմի հետեւողական աշխատանք է, գիտության եւ կրթության նվիրյալների ջանքերը»,- նշել է Դիանա Գալոյանը։ Tweet Դիտում՝ 2463