ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը մասնակցել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) աջակցությամբ կազմակերպված «Երթեւեկության ցածր ինտենսիվություն ունեցող ճանապարհներ եւ տեխնոլոգիական փոփոխություններ» թեմայով առցանց աշխատաժողովին։ Ինչպես նշել են նախարարությունում, աշխատաժողովը կազմակերպվել է ԱԶԲ տեխնիկական աջակցության ծրագրի շրջանակում Հայաստանի կառավարությանը 2020-2040թթ. տրանսպորտի եւ առեւտրի խթանման ռազմավարությանը եւ տրանսպորտի գլխավոր պլանի կազմմանն օժանդակելու նպատակով: Քրիստինե Ղալեչյանը նկատել է‚ որ ճանապարհների պահպանման եւ սպասարկման ոլորտում բարեփոխումների իրականացումն անխուսափելի է եւ հիմնական թիրախներից մեկն է։ Ըստ փոխնախարարի՝ նպատակն է ունենալ տարածաշրջանում մրցակցային‚ անվտանգ ճանապարհային ցանց։ Եվ ճանապարհների սպասարկման տեխնիկական պահանջների բարձրացումը‚ նորարար մեթոդների‚ տեխնոլոգիաների կիրառումը‚ ժամանակակից տեխնիկայի օգտագործումը պետք է լինեն այն պարտադիր պայմանները‚ որոնք կապահովեն առկա խնդիրների կարգավորումը։ Խոսելով ճանապարհային ակտիվների կառավարման համակարգի մասին՝ ԱԶԲ փորձագետները նշել են‚ որ ՀՀ ՏԿԵՆ Ճանապարհային դեպարտամենտի կողմից բավականին մեծ քայլեր են ձեռնարկվել համակարգի զարգացման ուղղությամբ։ Ընթացակարգերի եւ գործիքների համադրությամբ մշակվում են ճանապարհային ցանցի շահագործման, սպասարկման եւ բարելավման արդյունավետ եղանակներ‚ հավաքագրվում եւ թարմացվում են ճանապարհների մասին տվյալները։ Եվ այդ ամենը կօգնի պլանավորել պահպանման աշխատանքներն ավելի ծախսարդյունավետ տարբերակով։ Քննարկվել է նաեւ ճանապարհաշինության ոլորտում նոր տեխնոլոգիաների կիրառման հարցը։ Ընդգծվել է‚ որ փորձարկումներ պետք է արվեն‚ ուսումնասիրվեն տարբեր ուղեցույցներ՝ հասկանալու համար‚ թե որ տեխնոլոգիան առավել արդյունավետ կաշխատի հայաստանյան պայմաններում։ Եվ դա պետք է լինի շարունակական գործընթաց։ Քրիստինե Ղալեչյանը նշել է‚ որ բարձրացված հարցերն ու առաջարկները ծրագրում է քննարկել նաեւ մասնագիտական միությունների‚ ասոցիացիաների‚ կրթական հաստատությունների հետ՝ դրանց վերաբերյալ մասնագետների ավելի լայն շրջանակի կարծիքն ունենալու համար։ Tweet Դիտում՝ 880