Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հանդիպման է հրավիրել տեքստիլի ոլորտում գործունեություն ծավալող ընկերությունների ներկայացուցիչներին՝ ճգնաժամի պայմաններում ոլորտում առկա խնդիրները քննարկելու համար:«Պետք է քննարկենք այն հնարավոր աջակցության գործիքակազմը, որը կնպաստի ոլորտի՝ ճգնաժամից դուրս գալուն ու զարգացման ուղու վրա վերադառնալուն»,- նշել է Նիկոլ Փաշինյանը:Էկոնոմիայի նախարար Տիգրան Խաչատրյանը զեկուցել է, որ տեքստիլի ոլորտի հայկական արտադրանքի 90 տոկոսն արտահանվում է արտերկիր եւ նույնիսկ ճգնաժամի պայմաններում պահանջարկի նվազում չի արձանագրվել: 2020թ. առաջին եռամսյակում տեքստիլի բնագավառում արձանագրվել է 22 տոկոսի աճ, իսկ երկրորդ եռամսյակում՝ 15 տոկոսի նվազում, ինչը հիմնականում պայմանավորված է եղել կորոնավիրուսի պայմաններում աշխատանքային ռեժիմի կրճատմամբ, աշխատակիցների գործունեության սահմանափակմամբ: Ընկերությունների ներկայացուցիչները որպես խնդիր ներկայացրել են լոգիստիկ անբարենպաստ պայմաններում արտադրանքի արտահանման ծավալների կրճատումը, ինչը թույլ չի տալիս ներգրավվել նոր աշխատակիցների եւ պատրաստել անհրաժեշտ որակավորմամբ կադրեր: Քննարկվել են աշխատատեղերի պահպանման, կադրերի պատրաստման, տեխնիկական վերազինման ուղղությամբ կառավարության կողմից օժանդակության հնարավորություններն ու մեխանիզմները: Անդրադարձ է կատարվել նաեւ արտահանման եւ ներմուծման ընթացակարգերի պարզեցման հետ կապված հարցերի: Վարչապետը հանձնարարել է առաջիկա մեկ շաբաթում մասնավոր հատվածի հետ շարունակել քննարկումները եւ դրանց արդյունքներով ներկայացնել օժանդակության գործիքակազմերին վերաբերող որոշման նախագիծ: Tweet Դիտում՝ 1316