Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ հուլիսի 28-ին տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում քննարկվել է Կապսի ջրամբարի կառուցման նախագիծը: Ծրագրի արժեքը գնահատվում է €60 մլն եւ նախատեսվում է իրականացնել գերմանական KFW բանկի հետ համագործակցությամբ: Նիկոլ Փաշինյանը կարեւորել է ծրագրի իրականացումը եւ հանձնարարել այն կյանքի կոչելիս հաշվի առնել նաեւ Էներգետիկ հզորությունները նախատեսելու հարցը: Ծրագիրը նախատեսվում է սկսել 2021 թվականին եւ ավարտին հասցնել 3,5 տարվա ընթացքում: Այժմ քննարկվում է ջրամբարի կառուցման երկու տարբերակ: Արդյունքում՝ Կապսի ջրամբարի տարողությունը լինելու է 60 մլն խմ՝ 51 մետր երկարությամբ պատվարով: Ծրագրի շրջանակում նախատեսվում է Կապսի ջրամբարի պատվարի եւ օժանդակ կառուցվածքների կառուցում, Ախուրյան գետի (Արփի լճի ջրամբարից մինչեւ Ախուրյանի ջրամբար) հիդրոլոգիական դիտակետերի վերազինում, լրացուցիչ կայանների կառուցում եւ տվյալների կենտրոնացված բազայի ստեղծում (SCADA համակարգ)։ Հնարավորություն կստեղծվի շուրջ 2280 հեկտար հողատարածքների մեխանիկական ոռոգումը փոխարինել ինքնահոս ոռոգմամբ ՝ տարեկան խնայելով 1.3 մլն կվտ/ժամ էլեկտրաէներգիա: Ջրամբարի կառուցմամբ հնարավոր կլինի նաեւ ոռոգելի տարածքներն ընդլայնել 7000 հեկտարով՝ Թալինի տարածաշրջանում: Tweet Դիտում՝ 2747