Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալությունը (ՀԱԱԳ) եւ Բիբլոս Բանկ Արմենիան այսօր ստորագրել են համագործակցության համաձայնագիր՝ ապահովագրության միջոցով նախաարտահանման եւ հետարտահանման ֆինանսավորման հնարավորություններ ստեղծելու վերաբերյալ։ ՀԱԱԳ-ում նշել են, որ համագործակցությունը կառաջարկի արդյունավետ լուծումներ արտահանող ընկերություններին՝ անկախ նրանից, թե արտահանողը փոքր կազմակերպություն է, թե խոշոր ձեռնարկություն: Բիբլոս Բանկ Արմենիան հնարավորություն կունենա արտահանողին տրամադրել արտահանման ֆինանսավորում, որը կապահովագրվի ՀԱԱԳ-ի կողմից: Գործընկերության համաձայնագիրը հնարավորություն է տալիս միավորել ջանքերը ՀՀ ռեզիդենտ տնտեսվարող սուբյեկտների արտահանման եւ արտադրման ծավալները մեծացնելու եւ համատեղ ֆինանսական ծառայություններ ներկայացնելու գործում։ «Ուրախ ենք, որ այս համագործակցության շնորհիվ մեր հաճախորդները հնարավորություն կունենան ընդլայնել հայկական ապրանքների արտահանման ծավալները»,- ասել է Բիբլոս Բանկ Արմենիայի գլխավոր գործադիր տնօրեն Հայկ Ստեփանյանը:Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալության գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Խաչատրյանն էլ հավելել է.«Վստահ եմ, որ «Բիբլոս Բանկ Արմենիա» ՓԲԸ-ի հետ համագործակցությունը թույլ կտա էլ ավելի մեծացնել ՀԱԱԳ ծառայությունների պահանջարկը, ինչը կնպաստի արտահանողների մրցունակության բարձրացմանը եւ արտահանման հնարավորությունների ընդլայնմանը»: Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալությունը եւ Բիբլոս Բանկ Արմենիան վերահսկվում են ՀՀ Կենտրոնական բանկի կողմից: Tweet Դիտում՝ 3148