IDBank-ի Վարչության նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Ռուբեն Մելիքյանը եւ «Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալության (ՀԱԱԳ) տնօրինության նախագահ, գործադիր տնօրեն Արմեն Շահնազարյանը համագործակցության հուշագիր են ստորագրել։ Բանկում նշել են, որ գործակցության նպատակն է՝ ավելացնել արտադրությունն ու խթանել արտահանումը:«Կարեւորելով հայրենական արտադրողների կողմից արտահանման խրախուսումը՝ IDBank-ը Հայաստանի արտահանողների ապահովագրական գործակալության թողարկած ապահովագրական վկայագրերով հնարավորություն է տալու արտահանողներին ստանալ առանց գրավային ապահովվածության շրջանառու միջոցների ձեռքբերման վարկեր՝ միաժամանակ օտարերկրյա գնորդին տրամադրելով տարաժամկետ վճարման հնարավորություն՝ բացառելով օտարերկրյա գնորդի չվճարման ռիսկը»,- ասված է հաղորդագրությունում:«Գործակալության ապահովագրությամբ ծածկվում են օտարերկրյա գնորդի չվճարման ինչպես առեւտրային, այնպես էլ քաղաքական ռիսկերը»,- նշել է ՀԱԱԳ գործադիր տնօրեն Արմեն Շահնազարյանը։ Նրա խոսքով՝ ընկերությունները կմիավորեն ջանքերը՝ ուղղված ՀՀ ռեզիդենտ տնտեսվարող սուբյեկտների կողմից արտադրության ավելացմանը, արտահանման խթանմանը եւ գործարար միջավայրի զարգացման առաջխաղացմանը։ IDBank-ի Կորպորատիվ բիզնեսի գծով տնօրեն, Վարչության անդամ Սերգեյ Վիրաբյանը նշել է, որ այս պայմանագրով բանկը պարզեցված ընթացակարգերով անգրավ եւ մատչելի ֆինանսական միջոցներ է տրամադրելու ՀՀ ռեզիդենտ իրավաբանական անձ եւ անհատ ձեռնարկատերերին ինչպես ապրանքի արտադրության համար անհրաժեշտ hումքի, նյութերի ձեռքբերման, փաթեթավորման, տրանսպորտային, մաքսային ծախսերի իրականացման, այնպես էլ տարաժամկետ վճարման պայմանով արտահանումներ իրականացնելու նպատակով։Նրա խոսքով՝ ՀԱԱԳ-ի հետ համաձայնագրի արդյունքում բանկը բարենպաստ պայմաններ կառաջարկի ինչպես ապրանքի արտադրության, այնպես էլ հետարտահանումային փուլերում: «IDBank-ի նոր պրոդուկտը նվազագույն ռիսկեր է պարունակելու թե՛ բանկի, թե՛ արտահանողների համար, ինչն իր հերթին կնպաստի փոքր եւ միջին բիզնեսի զարգացմանը՝ հնարավորություն տալով գրավել օտարերկրյա նորանոր շուկաներ»,- հավելել է Սերգեյ Վիրաբյանը։ Tweet Դիտում՝ 3091