Առաջիկա տարիներին «Տավուշ տեքստիլ» ընկերությունը նախատեսում է ստեղծել 1000-1500 նոր աշխատատեղ:Օգոստոսի 10-ին Տավուշի մարզ կատարած այցի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանը եղել է «Տավուշ տեքստիլ» ընկերության Բերդի արտադրամասում: Նրան տեղեկացրել են, որ ընդհանուր առմամբ մարզում «Տավուշ տեքստիլ»-ի արտադրամասերում աշխատում է 520 մարդ, որոնց միջին աշխատավարձը կազմում է 145 հազար դրամ: Ընկերությունը նախորդ տարվա ընթացքում իրականացրել է 2 մլրդ դրամի արտահանում Ռուսաստան եւ Վրաստան: Ծրագրվում է 2018-ին արտահանման ծավալներն ավելացնել 40-50 տոկոսով: Քայլեր են իրականացվում նաեւ արտահանման ուղղություններն ընդլայնելու նպատակով: 2015 թվականից գործող ընկերությունում իրականացվել է շուրջ 10 մլն դոլարի ներդրում: Վերջերս 1 մլն դոլարի ներդրման արդյունքում ընկերության հաստոցների թիվն ավելացվել է 600-ով, ինչի արդյունքում աշխատատեղերի թիվը կավելանա 150-200-ով: Ընդհանուր առմամբ, ընկերությունը նախատեսում է առաջիկա տարիներին ստեղծել 1000-1500 նոր աշխատատեղ: Նիկոլ Փաշինյանն այցելել է նաեւ Լուսաձոր համայնքում գործող «Հիմնատավուշ» զարգացման հիմնադրամի ծրագրով ստեղծված անասնապահական ֆերմա: Այն ունի բարձր կաթնատվությամբ 200 գլուխ կով: Ստացված կաթից արտադրվում են ֆրանսիական պանրի տարբեր տեսակներ. արտադրանքի հիմնական մասն արտահանվում է ռուսական շուկա: Ընկերության ներկայացուցիչները տեղեկացրել են, որ տարեկան ֆերմայում կատարվում է 800 հազար եվրոյի ներդրում: Նիկոլ Փաշինյանը կարեւորել է Տավուշի մարզում թեթեւ արդյունաբերության եւ ֆերմերային տնտեսությունների զարգացումը՝ ընդգծելով, որ կառավարությունը պատրաստ է իր գործիքակազմերի շրջանակում աջակցել բիզնես ծրագրերի զարգացմանն ու ընդլայնմանը: Tweet Դիտում՝ 3204