Նախարար. 2017թ. ապրանքների արտահանման գծով 25.2% աճ է արձանագրվել

21.02.2018 | 15:54 Գլխավոր էջ / Նորություններ /
#Սերժ Սարգսյան #Սուրեն Կարայան
Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Սուրեն Կարայանն այսօր հայտարարել է, որ 2017 թ-ին ապրանքների արտահանման գծով արձանագրվել է 25.2% աճ:

Այս մասին նա ասել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ աշխատանքային հանդիպման ժամանակ:  

2017թ. արդյունաբերությունն արձանագրել է 12.6 % աճ, ինչին առավելապես նպաստել է մշակող արդյունաբերության 15.7% աճը: Վերջինիս տեմպը կրկնակի արագ է նախորդ` 2016թ. արդյունքից: Անցած տարի ավելացել է նաեւ արդյունաբերական արտադրանքի արտահանումն իրացման նկատմամբ:
 
Նախարարը զեկուցել է, որ արտաքին շուկաներ մուտքը հայրենական արտադրողների եւ գործարարների համար դյուրացնելու նպատակով, աշխատանքներ են իրականացվել թիրախային շուկաների վերաբերյալ տեղեկատվական հասանելիության ապահովման, ինչպես նաեւ վաճառքի առցանց համակարգերի գործարկման միջոցով:

Սուրեն Կարայանը տեղեկացրել է, որ ավարտվել են Իրանի եւ Չինաստանի հետ համաձայնագրերի շուրջ բանակցային փուլերը: Սերբիայի, Իսրայելի, Հնդկաստանի, Եգիպտոսի եւ Սինգապուրի հետ համաձայնագրերը բանակցային տարբեր փուլերում են: Կարեւորվել է նաեւ Եվրոպական միության GSP+ արտոնյալ առեւտրային ռեժիմի ներքո «Գրանցված արտահանողների համակարգ» (REX) ինքնահավաստագրման էլեկտրոնային համակարգի ներդրումը: Նախարարի հավաստմամբ՝ այս տարվա հունվարին արդեն սկսվել է արտահանողների գրանցումը:

Նախարարի խոսքով՝ 2017թ. զբոսաշրջության բնագավառում արձանագրված միտումները, մասնավորապես, արձանագրված 18.7% աճը, թույլ են տալիս մեծ հավակնություններ ձեւավորել առաջիկայի համար։

Ոլորտի արդյունքներին նպաստել են իրականացված մարքեթինգային միջոցառումները: Այդ նպատակով դյուրացվել է սահմանային անցման գործընթացը Չինաստանի, ԱՄԷ, Քաթարի, Ճապոնիայի, Հնդկաստանի եւ ՌԴ քաղաքացիների համար:

2017թ. երկրի գործարար միջավայրի բարելավմանն ուղղված 47 միջոցառում է իրականացվել, իսկ այս տարի կիրականացվի նման 43 միջոցառում:

Սուրեն Կարայանը նշել է, որ անցյալ տարեվերջին ստեղծված Մեղրիի ազատ տնտեսական գոտու առաջին փուլի մեկնարկից հետո աշխատանքներ են տարվում երկրորդ՝ ընդլայնման փուլի իրականացման ուղղությամբ, որոնք ավարտին կհասցվեն ընթացիկ տարում:

Ներդրումային ծրագրերի շրջանակում ներմուծվող ապրանքների մաքսային եւ հարկային մարմինների կողմից հաշվարկվող ԱԱՀ վճարման ժամկետների հետաձգման գործիքի ներքո, հավանության են արժանացել 27 ներդրումային ծրագրեր 220 մլրդ ՀՀ դրամ ներդրումներով։

2018թ. իրականացվող աշխատանքների շարքում նախարարն առանձնացրել է պղնձաձուլարանի կառուցման տեխնիկատնտեսական հիմնավորման աշխատանքներին մասնակցությունը, տեքստիլ արտադրանքի արտահանման շուկաներ մուտքի ապահովման նպատակով ՄԱԱԶԿ-ի հետ ուսուցման եւ ծառայությունների կենտրոնի ստեղծումը, դեղագործական ոլորտում պատշաճ արտադրական գործունեության (GMP) չափանիշների ներդրմանն աջակցությունը եւ այլն:
Դիտում՝ 1735
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW