Հայկական «5900 BC» ապրանքանիշի նորաձեւ հագուստի հավաքածուները ներկայացված են օգոստոսի 27-31-ը Մոսկվայում անցկացվող Bee-Buyer միջազգային գործարար հարթակում:Ինչպես հայտնել են ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարությունում, «5900 BC»-ն օգոստոսի 30-ից սեպտեմբերի 2-ը մասնակցում է նաեւ Մոսկվայի Expocentre կենտրոնում անցկացվող CPM նորաձեւության միջազգային ցուցահանդեսին, որտեղ ներկայացված են 1000 հավաքածուներ՝ 27 մասնակից երկրներից։ ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպության (ՄԱԱԶԿ) «Հայաստանի արտահանման ուղղվածություն ունեցող ճյուղերի մրցունակության բարձրացում արդիականացման եւ շուկան մատչելի դարձնելու միջոցով» ծրագրի շրջանակում ստեղծված «5900 BC» բրենդն այս միջոցառմանը մասնակցում է 5-րդ անգամ՝ ներկայանալով իր 6-րդ՝ գարուն/ամառ 2018 հավաքածուով:«Ապրանքանիշն առաջին անգամ ներկայանում է նորաձեւ կոշիկների հավաքածուով։ Հագուստի նորաստեղծ գարուն-ամառ 2018 հավաքածուն երեք օր շարունակ կներկայացվի նաեւ ցուցահանդեսի շրջանակում կազմակերպվող նորաձեւության ցուցադրությունների ընթացքում։ Ցուցահանդեսին մասնակցում են նաեւ Հայաստանի հագուստի եւ կոշկեղենի արտադրության ոլորտը ներկայացնող ծրագրի 16 շահառու ընկերություններ»,- ասված է հաղորդագրությունում:Ռուսաստանում ՀՀ առեւտրային ներկայացուցիչ Կարեն Ասոյանի խոսքով` ցուցահանդեսին Հայաստանի շուրջ 16 արտադրողների մասնակցությունը վկայում է կառավարության եւ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության մշակած ծրագրերի արդյունավետության մասին: «Ես կարող եմ մեծ պարծանքով նշել, որ, 2017թ. առաջին կիսամյակի տվյալներով, պատրաստի հագուստի ներմուծումը ՌԴ շուկա աճել է ոչ թե մի քանի տոկոսով, այլ մի քանի տասնյակ անգամ: Եվ տեսնելով այս հետաքրքրությունը՝ կարող եմ ասել, որ մեր արտահանման ծավալների աճի դինամիկան հաջողությամբ կշարունակվի: Հույս ունենք, որ տարեվերջին մենք կտեսնենք հայաստանյան թեթեւ արդյունաբերության արտադրանքի՝ ռուսաստանյան շուկա ներմուծման ավելի զգալի աճ»,- նշել է նա: Tweet Դիտում՝ 3880