Երեւան: Մեդիամաքս: Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆն այսօր հայտարարել է, որ Հայաստանի անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը (ԵՏՄ) լավ հեռանկարներ է ստեղծում Հայաստանի եւ Իրանի միջեւ առեւտրատնտեսական համագործակցության զարգացման համար: Այս մասին Իրանի ԱԳ նախարարն ասել է Երեւանում՝ իր հայաստանցի գործընկեր Էդվարդ Նալբանդյանի հետ համատեղ ասուլիսում՝ պատասխանելով Մեդիամաքս-ի թղթակցի հարցին: Մոհամադ Ջավադ Զարիֆը հիշեցրել է, որ Հայաստանը, Իրանը եւ Ռուսաստանն արդեն համագործակցում են հեռահաղորդակցության ոլորտում, եւ կան բոլոր նախապայմաններ համագործակցություն զարգացնելու նաեւ այլ ոլորտներում: «Այս իմաստով Հայաստանի անդամակցությունը ԵՏՄ-ին ստեղծում է լավ հնարավորություններ»,- ասել է իրանցի նախարարը:Էդվարդ Նալբանդյանը նկատել է, որ հայկական կողմն ուսումնասիրում է բոլոր հնարավորությունները, որ ԵՏՄ-ին անդամակցությունը դրական անդրադառնա նաեւ հարեւան երկրների հետ տնտեսական համագործակցության վրա: Մոհամադ Ջավադ Զարիֆը վերահաստատել է, որ պաշտոնական Երեւանը եւ Թեհրանը «լուրջ քաղաքական կամք ունեն»՝ իրականացնելու տնտեսության, էներգետիկայի, հաղորդակցության ոլորտում համատեղ ծրագրերը, մասնավորապես՝ Իրան-Հայաստան երկաթուղու եւ Մեղրիի ՀԷԿ-ի կառուցումը: «Այդ ծրագրերն իրականացնելու համար քաղաքական կամք գոյություն ունի: Կային որոշակի ֆինանսական խնդիրներ, որոնց մեծ մասն արդեն լուծվել է»,- ասել է Իրանի ԱԳ նախարարը: Tweet Դիտում՝ 5438