Յունիբանկի պարտատոմսերն ընդգրկվել են բորսայի Abond հարթակում

28.06.2016 | 15:52 Գլխավոր էջ / Նորություններ / Արժեթղթերի շուկա /

Յունիբանկի անվանական արժեկտրոնային պարտատոմսերը (UNIBB1) հունիսի 24-ին ցուցակվել են «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» ֆոնդային բորսայում եւ ընդգրկվել պարտատոմսերի հիմնական (Abond) ցուցակում:

Ինչպես հայտնել են բանկում, գործընթացը հնարավորություն է տալիս սկսելու պարտատոմսերի շրջանառությունը բորսայում եւ իրականացնելու հասցեական եւ ռեպո գործարքներ:

«Այս տարվա հունիսին Յունիբանկը հաջողությամբ ավարտել է 8% տարեկան եկամտաբերությամբ դոլարային անվանական արժեկտրոնային պարտատոմսերի թողարկումը` տեղաբաշխելով ամբողջ ծավալը»,- նշել են բանկում:

Բանկի թողարկած պարտատոմսերի շրջանառության ժամկետը կազմում է 24 ամիս, արժեկտրոնային եկամտի վճարումն իրականացվում է եռամսյակային պարբերականությամբ: Թողարկման ծավալը կազմել է $5 մլն, իսկ պարտատոմսերի մարումն իրականացվելու է 2018թ. ապրիլի 8-ին:

Յունիբանկը շարունակում է բաժնետոմսերի՝ որպես երկարաժամկետ ներդրումային գործիքների երրորդ թողարկումը:

Նախատեսվում է տեղաբաշխել սովորական դասի մոտ 12,2 մլն բաժնետոմս, որոնց ընդհանուր արժեքը տեղաբաշխման գնով կկազմի 2,8 մլրդ դրամ: Մեկ բաժնետոմսի անվանական արժեքը կազմում է 100 դրամ, տեղաբաշխման գինը` 230 դրամ: Բաժնետոմսերի նվազագույն փաթեթը, որը կարելի է ձեռքբերել, կազմում է 1 մլն դրամ:

Ինչպես տեղեկացրել են բանկում, բաժնետեր հաճախորդներին տրամադրվում են մի շարք առավելություններ, այդ թվում` հատուկ տոկոսադրույքներ ավանդների համար` մինչեւ 8,2% տարեկան՝ դոլարի եւ մինչեւ 15,5% տարեկան՝  դրամի դեպքում, արտահերթ սպասարկում, անվճար Visa Infinite քարտ, օնլայն բանկինգ, դեպոզիտար պահատուփ, շուրջօրյա կոնսյերժ ծառայություն, Priority Pass եւ այլն:

«Ներդրումային գործիքներ առաջարկելով հասարակությանը` բանկը ստեղծում է խնայողությունների շահավետ եւ երկարաժամկետ ներդրման լրացուցիչ հնարավորություն: Ներդրողների զգալի հետաքրքրությունը բանկի պարտատոմսերի եւ բաժնետոմնսերի նկատմամբ փաստում է բանկի գործունեության հանդեպ բնակչության բարձր վստահության եւ Յունիբանկի արդյունավետ եւ հեռանկարային ռազմավարության մասին»,- նշել են բանկում՝ հայտարարելով, որ 2020թ. Յունիբանկը նախատեսում է ապահովել մոտ 5 մլրդ դրամի շահույթ:

Դիտում՝ 5087
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW