Նյու-Յորքի նախկին քաղաքապետ Մայքլ Բլումբերգը 2014թ. վերջին կվերադառնա իր կողմից հիմնադրված համանուն Bloomberg ֆինանսական տեղեկատվական գործակալության կառավարմանը: Ինչպես հաղորդում է RBC.ru-ն, ընկերության ներկայիս գլխավոր տնօրեն Դեն Դոկտորոֆը կլքի իր պաշտոնը: Բլումբերգի խոսքերով, ինքը երբեք չի պատրաստվել Bloomberg վերադառնալ քաղաքապետի պաշտոնում անցկացրած 12 տարիներից հետո: «Սակայն որքան շատ էի ես տեղեկանում ընկերության մասին, այնքան ավելի գրավիչ ու հետաքրքիր էի այն համարում, եւ դա մեծամասամբ Դենի ջանքերի շնորհիվ», - բացատրել է նա: Դեն Դոկտորոֆի կողմից «Bloomberg»-ի ղեկավարման 7 տարիների ընթացքում ընկերության եկամուտները 2007թ. $5,4 մլրդ-ից 2014թ. հասել են $9 մլրդ-ի: Այդ ընթացքում շուկայի մասնաբաժինը տեղեկատվական հատվածում 26%-ից դարձել է 32%: Մեդիամագնատ Մայքլ Բլումբերգը ԱՄՆ-ի խոշորագույն քաղաքի ղեկը ստանձնել էր 2002թ.՝ այն ղեկավարելով ավելի քան 10 տարի՝ մինչեւ 2013թ. դեկտեմբեր: 2014թ. Forbes ամսագիրը 72-ամյա Բլումբերգի կարողությունը գնահատել էր $33,6 մլրդ: Անցյալ տարի ամսագիրը Բլումբերգին հատկացրել էր աշխարհի ամենաազդեցիկ գործարարների վարկանիշի չորրորդ հորիզոնականը: Tweet Դիտում՝ 3132