ՀՀ Ազգային ժողովի ԲՀԿ, ՀԱԿ, ՀՅԴ եւ «Ժառանգություն» խմբակցությունները իշխանություններից պահանջում են «դադարեցնել Սահմանադրական դատարանի 2014թ. ապրիլի 2-ի որոշման ոչ իրավաչափ մեկնաբանությունները եւ դրանց հիման վրա դրսեւորվող վարքագիծը»:«Պահանջում ենք ենթաօրենսդրական ակտերում արագընթաց կարգով իրականացնել փոփոխություններ՝ 1974թ. հունվարի 1-ին եւ դրանից հետո ծնված աշխատակիցների հայեցողությունից անկախ նրանց սեփականության իրավունքի սահմանափակումը բացառելու, ինչպես նաեւ 2014թ. հունվարի 1-ից հետո աշխատակիցների կամքից անկախ պահված կուտակային վճարները աշխատակիցներին հետ վերադարձնելու լիարժեք հնարավորություն ապահովելու համար: Իշխանություններից պահանջում ենք հանդես գալ պարզաբանող հայտարարություններով, միաժամանակ գործատուներին հնարավորություն տալով համապատասխան փոփոխություններ կատարել ներկայացված հաշվետվություններում»,- ասված է չորս խմբակցությունների այսօր տարածած հայտարարության մեջ: Քաղաքական ուժերը կոչ են արել գործատուներին՝ առանց աշխատողների համաձայնության նրանց աշխատավարձից պարտադիր կուտակային վճարի պահում եւ փոխանցում չկատարել: «Մենք վերահաստատում ենք մեր հանձնառությունը` շարունակել սերունդների արժանապատիվ կենսապայմանների ապահովմանն ուղղված առաջարկությունների ներկայացման հարցում եւ առաջիկա օրերին հանդես կգանք օրենսդրական նախաձեռնությամբ` օրենքի պարտադիր բաղադրիչի գործողությունը դադարեցնելու եւ քաղաքացիների ու գործատուների խախտված իրավունքները վերականգնելու համար»,- նշված է հայտարարության մեջ: Tweet Դիտում՝ 3885