Ամերիաբանկն այսօր ամփոփել է «Ես ազատ եմ» թեմայով լուսանկարների եւ տեսանյութերի մրցույթը` պարգեւատրելով լավագույններին:«Մրցույթը կարելի է հաջողված համարել: Չէինք սպասում, որ դրան կմասնակցի 2100 հոգի: Նախնական ընտրության արդյունքում առանձնացվել էին 1300-ից ավելի լուսանկարներ եւ 100-ից ավելի տեսանյութեր: www.esazatem.am կայքը, որը ստեղծվել էր մրցույթի համար, ավելի քան 25 հազար այցելու է ունեցել մրցույթի անցկացման ողջ ընթացքում»,- նշել է Ամերիաբանկի զարգացման գծով տնօրեն Տիգրան Ջրբաշյանը, հավելելով, որ լուսանկարների ու տեսանյութերի այս բազմազանության մեջ շատ դժվար էր ընտրություն կատարել: Մրցույթի մասնակիցներին առաջարկվել էր մեկ ամսվա ընթացքում հատուկ այդ նպատակով ստեղծված www.esazatem.am կայքում բեռնել ազատության վերաբերյալ իրենց լուսանկարներն ու տեսանյութերն եւ վերբեռնել դրանք բանկի ֆեյսբուքյան էջում: Բոլոր լուսանկարները եւ տեսանյութերը անցել են առաջնային դիտարկում, որի ժամանակ ստուգվել է դրանց համապատասխանությունը մրցույթի պայմաններին: Սրան հաջորդել են Ամերիաբանկի ֆեյսբուքյան պաշտոնական էջում շաբաթական թողարկումները: Տեսանյութերը հրապարակվել են նաեւ YouTube-ում բանկի պաշտոնական էջում: Առաջին տեղը գրաված լուսանկարի եւ տեսանյութի հեղինակները Ամերիաբանկի կողմից ստացել են հնարավորություն մեկ շաբաթով ուղեւորվել իրենց նախընտրած ցանկացած եվրոպական քաղաք (ուղեւորության արժեքը` մինչեւ 1 մլն 200 հազար դրամ)։ Երկրորդ տեղը գրաված լուսանկարի եւ տեսանյութի հեղինակները ստացել են հնարավորություն ձեռք բերել իրենց նախընտրած թվային սարքավորումը` մինչեւ 600 հազար դրամ արժողությամբ։Երրորդ տեղը գրաված լուսանկարի եւ տեսանյութի հեղինակներին Ամերիաբանկը նվիրել է Visa Gift նվեր քարտ 150 հազար դրամ մրցանակային ֆոնդով, ինչը հնարավորություն կընձեռի ազատ տնօրինել շահած գումարը։Այսպիսով, «Ես ազատ եմ» լուսանկարների մրցույթում առաջին տեղը գրավել է Միքայել Համբարձումյանը, երկրորդ տեղը` Սարգիս Վիրաբյանը, իսկ երրորդ տեղում է Դավիթ Սաֆարյանը: «Ես ազատ եմ» տեսանյութերի մրցույթում առաջին հորիզոնականը զբաղեցրել է Արթուր Գեւորգյանը, երկրորդը` Օվսաննա Հովսեփյանը, իսկ երրորդ մրցանակին արժանացել է Արմեն Սարգսյանը: Tweet Դիտում՝ 1746