Վարչապետի հրամանով աշխատանքից կազատվի Գնումների աջակցման կենտրոնի ղեկավարությունը

20.09.2012 | 03:43 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան: Մեդիամաքս: ՀՀ կառավարության այսօրվա նիստում վարչապետ Տիգրան Սարգսյանը հանձնարարել է կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Սարգսյանին պատրաստել եւ ներկայացնել Գնումների աջակցման կենտրոնի ղեկավարությանն աշխատանքից ազատելու հրամանը:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանն այսօր ներկայացրել է գնումների իրականացման գործընթացի ուսումնասիրությունները:

“Որպես գնումների ոլորտը կարգավորող նախարար` կարող եմ ասել, որ ոլորտի բազմաթիվ բացթողումներ պայմանավորված չեն կանոնակարգերով, խնդիրն իրականում վարչարարության եւ ձեւավորված նորմերի մեջ է: Ներդրվել է համակարգ, որն ունի բացասական հետեւանքներ”,- ասել է նա:

Վարչապետի այն հարցին, թե ինչ է պետք ձեռնարկել, Վաչե Գաբրիելյանն առաջարկել է փոխել կենտրոնի ղեկավար Հակոբ Բեգլարյանին եւ նրա տեղակալին:

Ֆինանսների նախարարը նաեւ տեղեկացրել է, որ անցած տարի դեղորայքի գնման մրցույթի ընդհանուր արժողությունը եղել է 2.5 մլրդ դրամ, սակայն ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ նոր մրցույթ հայտարարելուց եւ անցկացնելուց հետո տնտեսվել է 0.5 մլրդ դրամ:

Մեդիամաքս-ը հիշեցնում է, որ սեպտեմբերի 15-ին կառավարությունում հրավիրած խորհրդակցության ժամանակ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը դժգոհություն էր հայտնել գնումների գործընթացի կազմակերպման առնչությամբ եւ պահանջել շտապ շտկել իրավիճակը:

 

Դիտում՝ 5399

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW