ՀՀ վարչապետը հանձնարարել է շտապ լուծել թոշակների վճարման խնդիրը

27.01.2011 | 12:19 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր անդրադարձել է 2011թ. հունվար ամսին կենսաթոշակների վճարման խնդրին:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, այսօր կառավարության նիստում Տիգրան Սարգսյանն ասել է, որ ՀՀ Վերահսկիչ պալատը արձանագրել է հերթերի եւ թոշակառուների ցուցակների հետ կապված խնդիրներ: Նրա խոսքերով, կենսաթոշակ չեն ստացել շուրջ 400 հազար թոշակառուներ:

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արթուր Գրիգորյանն ասել է, որ կենսաթոշակների տրամադրման նոր համակարգի համաձայն, բացի «Հայփոստ» ընկերության  սպասարկման 90 կետերից, կենսաթոշակներ են տրամադրելու նաեւ 11 առեւտրային բանկեր ու 4 վճարահաշվարկային ընկերություններ, որոնց հետ կնքվել են համապատասխան պայմանագրեր:

Նախարարն ասել է, որ նոր կարգը կոչված է կրճատել հերթերը, եւ «փետրվարին մենք կարող ենք արձանագրել լուրջ փոփոխություններ այդ ուղղությամբ»:

Արթուր Գրիգորյանը նշել է, որ նոր կարգը նախատեսում է կենսաթոշակառուների սպասարկման որակի բարելավում, կոռուպցիոն ռիսկերի նվազեցում, դաշտի ազատականացում:

Վարչապետը նախարարությանը հանձնարարել է օպերատիվ կերպով լուծել ՀՀ թոշակառուներին հուզող խնդիրները: «Մենք դատարկ տեղը հնարավորություններ ենք ստեղծում քննադատության եւ սոցիալական լարվածության համար: Անհրաժեշտ է շտապ լուծել այդ խնդիրները, որպեսզի այլեւս չհարուցենք մեր թոշակառուների դժգոհությունը: Մեր նպատակն է ապահովել կենսաթոշակների անխափան տրամադրումը եւ ապահովել այնպիսի համակարգ, որպեսզի թոշակառուները կարողանան ինքնուրույն ընտրել կենսաթոշակ ստանալու վայրն ու եղանակը»,- ասել է Տիգրան Սարգսյանը:

Դիտում՝ 6389
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW