Երեւան /Մեդիամաքս/. “ԱՐԱՐԱՏԲԱՆԿ”-ը մտադիր է 2010թ. իրականացնել մասնաճյուղերի թվի ագրեսիվ ավելացման ծրագիր: Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ-ը, այդ մասին այսօր լրագրողներին հայտնել է բանկի վարչության նախագահ Աշոտ Օսիպյանը: Նրա խոսքերով, 2009 թվականը բանկը հաջող է ավարտել` արձանագրելով բոլոր ցուցանիշների աճ, եւ այդ տեմպը նախատեսում է պահպանել նաեւ 2010 թվականին: Բանկի շահույթը տարվա արդյունքներով կազմել է 580 մլն դրամ: Աշոտ Օսիպյանը ներկայացրել է բանկի 2009թ. որոշ ցուցանիշները: Այսպես, 2009թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ բանկի ակտիվները 2008թ. համեմատ աճել են 39.5%-ով` կազմելով 41.3 մլրդ դրամ: Միաժամանակ, հաշվետու ժամանակահատվածում վարկային ներդրումները կազմել են ավելի քան 16 մլրդ դրամ (աճը` 33%), պարտավորությունները` 33.4 մլրդ դրամ (աճը` 51.6%), ընդհանուր կապիտալը` 7.8 մլրդ դրամ (աճը`4%): 2009թ. ընթացքում բանկի հաճախորդների թիվը աճել է 35.5 հազարով` կազմելով 68.6 հազար: Պլաստիկ քարտերի քանակը նախորդ տարվա ընթացքում ավելացել է 79.3%-ով` կազմելով 38.2 հազար: Աշոտ Օսիպյանը հաջող է անվանել “Իզմիրլյան-Եվրասիա” ունիվերսալ վարկային կազմակերպության առքի գործարքը` նշելով, որ այդ գործարքի հետ կապված բոլոր ակնկալիքներն արդարացել են: Tweet Դիտում՝ 13868