«Նաիրի Ինշուրանս» ապահովագրական ընկերության գործադիր տնօրեն Մանե Մարտիրոսյանը հարցազրույց է տվել ֆրանսիական հեղինակավոր Fusions & Acquisitions ամսագրին: - Կարո՞ղ եք ներկայացնել «Նաիրի Ինշուրանս»-ի եւ AXA-ի միջեւ ռազմավարական համագործակցության սկիզբն ու նպատակները։ Ի՞նչ մրցակցային առավելություններ է այս գործընկերությունը բերում հայկական շուկա։ - Աշխարհի առաջատար ապահովագրական ընկերություններից AXA-ի հետ հաստատված մեր ռազմավարական գործընկերությունը կարեւորագույն ձեռքբերում է «Նաիրի Ինշուրանս»-ի համար։ Այս գործընկերության շնորհիվ աշխարհի առաջադեմ ապահովագրական ընկերություններից մեկը տարածաշրջան է ոտք դնում։ Սա մենք դիտարկում ենք երկարաժամկետ եւ կարճաժամկետ հեռանկարով։ Կարճաժամկետ հեռանկարում AXA Health International-ի հետ մշակել ու տեղայնացնում ենք առողջության ապահովագրության միջազգային փաթեթը՝ այդպիսով մեր քաղաքացիների համար հասանելի դարձնելով միջազգային բարձրակարգ առողջապահական ծառայությունները։ Ձեռք բերելով առողջապահական այս փաթեթը՝ մեր քաղաքացիները կարող են սպասարկվել AXA-ի գործընկեր աշխարհի լավագույն բուժհաստատություններում, ստանալ լայն ծավալով բուժծառայություններ AXA Health International-ի 2,1 միլիոն առողջապահական ծառայություններ մատուցողներից բաղկացած համաշխարհային բժշկական ցանցի շրջանակում, անցնել կանխարգելիչ զննումներ, օգտվել ամբուլատոր ծառայություններից, մասնագիտացված բուժման հնարավորություններից եւ այլն։Սա Հայաստանի քաղաքացիների համար կյանքի եւ առողջության պահպանման նոր որակի ուղենիշ է լինելու։ Ինչ վերաբերում է երկարաժամկետ հեռանկարներին, դիտարկում ենք հաստատված ռազմավարական գործընկերության ընդլայնում։ Ի դեպ, մենք AXA-ի հետ ռազմավարական այս համագործակցությունը կարեւորում ենք ոչ միայն մեր ընկերության տեսանկյունից, այլեւ՝ երկրի ու տնտեսության, որը համոզված ենք՝ նպաստելու է Հայաստանի ապահովագրական ոլորտի զարգացմանը։ - Ինչպե՞ս է «Նաիրի Ինշուրանսը» ձեռքբերել եւ շարունակում պահպանել առաջատար դիրքը Հայաստանի ապահովագրության շուկայում: Որո՞նք են ձեր հիմնական տարբերակիչ գործոնները: - Նաիրի Ինշուրանսը հիմնադրվել է 1996թ․-ին, շուտով կարող ենք ասել, որ ունենք ավելի քան 30-ամյա պատմություն։ Ի դեպ, հայաստանյան շուկայում մենք ամենահին ապահովագրական ընկերությունն ենք, եւ այս տարիների ընթացքում ամենակարեւոր ձեռքբերումը մեր փորձառությունն է։ Կարծում ենք, որ ապահովագրությունը փորձառության եւ տվյալների վրա հիմնված մի պատմություն է, այսինքն՝ այս երկուսի ճիշտ համադրությամբ ես կարողանում ստեղծել ապահովություն, կառավարել, կանխատեսել մեծ ու փոքր ռիսկեր։ Դրա համար կարծում ենք, որ փորձառությունը մեր ընկերության համար հիմնարար արժեք է։ Փորձառու լինելու կողքին նաեւ նորարար ենք, հետեւում ենք աշխարհի փոփոխություններին, արագ արձագանքում դրանց տեղայնացնելով։ Խոսքը վերաբերում է ոչ միայն մեր փոփոխվող, նորարար առաջարկներին, պրոդուկտներին, այլեւ՝ սպասարկմանը, ծառայությունների տրամադրման, հաճախորդների հետ հաղորդակցվելու ձեւին։ Մենք լայնորեն, բայց եւ զգուշորեն կիրառում ենք մեր բիզնեսում ժամանակակից աշխարհի գործիքները, այդ թվում՝ արհեստական բանականությունը։ Լինելով 30-ամյա ընկերություն՝ մենք չենք վախենում փորձարկումներից՝ դիրքավորվելով շուկայում որպես ամենահին ապահովագրական ընկերություն, որն ունի կուտակած տասնամյակների փորձ, միաժամանակ ձգտում է լինել առաջատար ու առաջնորդող թվայնացման, նորարարությունների ոլորտում։ Մյուս տարբերակող գործոնը մեր միջազգային կապերն են․ մենք դա շատ ենք կարեւորում ոչ միայն միջազգային պրոդուկտներ ստեղծելու համատեքստում, այլեւ՝ աշխարհի լավագույնների փորձը ճանաչելու տեսանկյունից։ «Մրցունակ լինել» արտահայտությունը դիտարկում ենք ոչ միայն երկրի մակարդակում, այլեւ՝ միջազգային։ Այո՛, մենք հավակնոտ ենք, մենք այն ընկերությունն ենք, որը միշտ սովորում է․ դա մեր սկզբունքն է՝ ամեն օր ավելացնել մի նոր գիտելիք, հմտություն, մոտեցում մեր բիզնեսում, աշխատելաոճում կամ անձնային աճի մեջ։ Միջազգային կապերն ու փորձի փոխանակումը շատ արժեքավոր են, ոչ միայն մեր ընկերության, այլեւ՝ առհասարակ ոլորտի համար։ Երբ մի ընկերություն զարգանում է, առավել եւս Հայաստանի նման փոքր երկրում, դա իր հետ անպայման բերում է շուկայի, ոլորտի, արդյունքում՝ տնտեսության ու երկրի զարգացմանը։ Կարճ ասած, Նաիրի Ինշուրանսը ամենահին, բայց մշտապես զարգացող ընկերություն է, ու սա երեւի մեր ամենատարբերակող գործոնն է։ Այս 30 տարվա ընթացքում մենք երբեւէ կանգ չենք առել անընդհատ զարգանալու առումով։ - Կարո՞ղ եք ներկայացնել ապահովագրական համակարգում տեղի ունեցող մեծ փոփոխություններն ու այն, թե ինչպես եք կողմնորոշվում այս իրավական դաշտում։ - Ինչպես գիտեք, 2026թ․ հունվարի 1-ից Հայաստանում ներդրվել է առողջության համապարփակ պարտադիր ապահովագրության համակարգ, ու սա սոցիալական առումով շատ կարեւոր բարեփոխում է մեր երկրի համար։ Իհարկե, մենք վստահ ենք՝ լավագույն համակարգը հնարավոր է ստեղծել եւ ներդնել բացառապես պետական-մասնավոր համագործակցությամբ․ այս մոդելով է հնարավոր հասնել հաջողության եւ գրանցել լավ արդյունքներ, ունենալ ուժեղ համակարգ՝ պետությունն իր սոցիալական դերը կատարելով եւ քաղաքացիներին նվազագույն, բազային ապահովագրական փաթեթներ տրամադրելով, իսկ մասնավոր ընկերություններն էլ ապահովագրական լրացուցիչ ծառայություններ տրամադրելով։Համոզված ենք նաեւ, որ արդյունավետ մոդելի ներդրմամբ կկարողանանք բարձրացնել մեր քաղաքացիների վստահությունն ապահովագրական ոլորտի եւ առողջապահական ծառայությունների նկատմամբ, որը կձեւավորի նաեւ ապահովագրական ծառայություններից օգտվելու մշակույթ։ Ինչո՞ւ․ որովհետեւ ապահովագրական համակարգը զարգանում է պարտադիր ապահովագրատեսակների օգնությամբ, պարտադիր ապահովագրատեսակներն ուժ տվողն են, խթանողն են, ապահովագրվելու սովորություն ձեւավորողն են։ - Ի՞նչ ծրագրեր ունեք ֆրանսիացի գործընկերների հետ. կապերի ընդլայնմամբ ինչպե՞ս եք պատկերացնում երկկողմ համագործակցության ամրապնդումը։ - Հայ-ֆրանսիական կապերը պատմական հենք ունեն։ Մենք հպարտ ենք, որ կարող ենք մեր ներդրումն ունենալ այս կապերի զարգացման գործում, ու մեզ հաջողվեց երկարատեւ աշխատանքի AXA Health International-ի հետ համատեղ մշակել առողջապահական մի փաթեթ, որը լավագույնս բավարարելու է Հայաստանի քաղաքացիների առողջության պահպանմանն ու բուժմանն ուղղված կարիքները ոչ միայն մեր երկրի, այլեւ՝ միջազգային մակարդակով։ - Ի՞նչ նոր ապահովագրական ծրագրեր եք մշակում ներկայում, եւ ինչպե՞ս են դրանք արձագանքում Հայաստանի զարգացող շուկաների կարիքներին։ - Մենք ամեն տարի առնվազն 3 ապահովագրական նոր փաթեթ ենք տեղայնացնում եւ ներկայացնում։ Այս տարի եւս մի քանի նոր փաթեթ ենք ներկայացրել, որոնցից մեկը Cyber Insurance-ը: Կիբեռանվտանգությունն այսօր աշխարհի գլխավոր մարտահրավերներից է, որին բախվում են թե անհատները, թե ընկերությունները։ Կիբեռհանցագործությունների հետեւանքով ամբողջ աշխարհում մարդիկ միլիարդավոր դոլարներն են կորցնում, ուստի մենք տեղայնացրել ենք այս փաթեթը, որը նախատեսում է ապահովագրություն ամենատարածված կիբեռռիսկերից թե ֆիզիկական, թե իրավաբանական սուբյեկտների համար։ Առողջության ապահովագրության փաթեթների գծով էլ մի քանի նորամուծություն ունենք․ աշխարհի առաջատար՝ Mayo Clinic Healthcare London-ի հետ ներկայացնում ենք կանխարգելիչ բուժստուգումների ծրագիր (executive medical check up), ինչը մեր քաղաքացիներին հնարավորություն է տալիս միջազգային առաջադեմ պրոտոկոլներին, սեռին եւ տարիքին համապատասխան բուժզննում անցնել ավելի քան 160 տարվա փորձ ունեցող կենտրոնում, ընդ որում՝ մեծ ծավալի ստուգումների մասին է խոսքը՝ սրտի, թոքերի, հորմոնալ, գենետիկ, քաղցկեղային եւ շատ այլ հիվանդություններ ախտորոշում։ Ներկայում մեր թիմը նաեւ աշխատում է մի շարք նորարար եւ առաջադեմ պրոդուկտների մշակման ուղղությամբ։ - Ո՞րն է Ձեր տեսլականը Հայաստանի ապահովագրական ոլորտի զարգացման վերաբերյալ առաջիկա հինգ տարվա կտրվածքով։ - Միջազգային գործընկերների հետ հանդիպումներում, երբ պետք է մեր երկրի մասին խոսեմ, ես սիրում եմ սա ասել՝ մենք փոքր ենք երկրով, շուկայով ու երբեմն անհետաքրքիր ենք թվում խոշոր ապահովագրական եւ վերաապահովագրական ընկերությունների համար, բայց այդ փոքր թվերի մեջ կա մի բան, որը մեր շուկան յուրահատուկ է դարձնում․ դա զարգացող շուկա լինելն է։ Որքան շուկան փոքր է, այնքան շատ զարգանալու միտում ունի։ Հայաստանում ապահովագրությունը 30 տարվա պատմություն ունի, բայց կարծում եմ, որ Նաիրի Ինշուրանսը պրոդուկտների, ինստիտուցիաների առումով բավարար զարգացած է, եւ մենք մեծ պոտենցիալ ունենք աճի տեսանկյունից, ինչպես նաեւ ունենք ֆինանսական ցուցանիշների առումով։ Ի դեպ, մենք Հայաստանում առաջին եւ դեռեւս միակ ապահովագրական ընկերությունն ենք, որ ունենք վարկանիշ Moody’s հեղինակավոր վարկանշավորող ընկերությունից՝ B1 stable outlook: Սա մեր ֆինանսական կայունության, դինամիկ զարգացման ցուցիչներից է։ - Ի՞նչ ներդրումային հնարավորություններ եք տեսնում Հայաստանի ապահովագրական ոլորտում միջազգային ներդրողների համար։ - Սա, ըստ էության, նախորդ պատասխանիս տրամաբանական շարունակությունն է։ Շատերը, հնարավոր է, քարտեզի վրա անգամ Հայաստանի տեղը չգիտեն, բայց ցանկացած ներդրողի համար կարեւորագույն հանգամանքը ներդրում կատարելու առումով տվյալ ոլորտի զարգացման տենդենցն է։ Հայաստանում այսօր նաեւ ակտիվ տրանսֆորմացիա է տեղի ունենում, ռադիկալ տիպային ապահովագրական բիզնեսից վերափոխվում ենք ու դառնում թվայնացված ծառայություններով, insurtech (ապահովագրական տեխնոլոգիաներ) ուղղվածությամբ բիզնես, եւ այս վերափոխման մեջ եւս միջազգային ընկերությունները կարող են կարեւոր դերակատարում ունենալ՝ զարգացնելով օնլայն ապահովագրատեսակները, ծառայությունների մատուցման ոլորտը եւ այլն։ - Ինչպե՞ս է AXA-ի միջազգային փորձը հարստացնում ձեր ծառայությունների առաջարկը եւ տեղական շուկային ձեր մոտեցումը։ - Մենք AXA Health International-ի հետ արդեն իսկ բավականին երկար ճանապարհ ենք անցել, ու դեռ շատ ավելի երկար ճանապարհ մեզ սպասվում է, ինչի համար շատ ուրախ ենք։ Այս համագործակցությունը պարզապես հերթական պայմանագիր չէ․ այն զարգացման նոր ուղի է, որը մեզ բերելու է միջազգային ստանդարտներին համապատասխան գործընթացների վերափոխում, հաճախորդների սպասարկման նոր որակ եւ նոր մակարդակի պատասխանատվություն այն ամենի համար, ինչը մենք իրականացնում ենք մեր ամենօրյա գործունեությամբ։ - Ի՞նչ դեր ունի «Նաիրի Ինշուրանսը» Հայաստանի տնտեսական էկոհամակարգի զարգացման եւ օտարերկրյա ներդրումների ներգրավման գործում։ - Նախեւառաջ այստեղ կուզեմ նշել, որ Նաիրի Ինշուրանսն արդեն որերորդ տարին անընդմեջ ընդգրկվում է Հայաստանի ամենախոշոր հարկատուների ցանկում։ Սա ոչ միայն կարեւոր է այն առումով, որ եւս մեկ անգամ խոսում է մեր ֆինանսական կայունության մասին, այլեւ մենք հպարտ ենք, որ մեր ներդրումն ունենք երկրի տնտեսության զարգացման գործում։ Որպես խոշոր հարկատու՝ մենք կանգնած ենք տնտեսության կողքին, եւ մեր կողմից նպաստում ենք տնտեսության կայունության ամրապնդմանն ու նշանակում է նաեւ օտարերկրյա ներդրողների համար գրավչության ապահովմանը։ Առհասարակ, այս բոլոր զարգացումները, միջազգային կապերը, որի մասին պատմում էի, ոչ միայն Նաիրի Ինշուրանս ընկերության եւ նրա հաճախորդների համար հավելյալ արժեք, հնարավորություններ ստեղծելու համար են, այլեւ ամբողջ ոլորտի եւ երկրի։ Մենք փոքր երկիր ենք, իսկ սա նշանակում է՝ մի ընկերության աճը, զարգացումն իր հետեւից բերում է, խթանում է նաեւ մյուս ընկերությունների աճն ու զարգացումը, արդյունքում՝ շահում է ամբողջ ոլորտը, իսկ վերջնարդյունքում՝ երկրի տնտեսությունը։ Եվ մենք էլ մեր աշխատանքում, ցանկացած գործունեության հիմքում դնում ենք երկու բաղադրիչ՝ մեր հաճախորդների համար հավելյալ արժեք ստեղծել եւ ներուժ տալ տնտեսությանը, բարօրություն ստեղծել երկրի համար։ Tweet Դիտում՝ 3048