Կենտրոնական բանկի խորհուրդը գնահատում է, որ ավելի ցածր վերաֆինանսավորման տոկոսադրույքն անհրաժեշտ է միջնաժամկետում գնաճի 4% մակարդակի եւ գների կայունության նպատակի իրագործման համար:Այսօր ԿԲ խորհուրդը որոշել էր իջեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով այն 7.25%: 29.10.2024 | 12:08 Վերաֆինանսավորման տոկոսադրույքը սահմանվել է 7.25% 2024 թվականի երրորդ եռամսյակի ընթացքում 12-ամսյա գնաճը շարունակել է պահպանվել նպատակային ցուցանիշից ցածր մակարդակում՝ սեպտեմբերին կազմելով 0,6%: 12-ամսյա բնականոն գնաճը եւս պահպանվել է ցածր մակարդակում՝ սեպտեմբերին կազմելով 0.7%:ԿԲ-ից հայտնում են, որ 2024 թ-ի չորրորդ եռամսյակում համաշխարհային եւ Հայաստանի հիմնական գործընկեր երկրներում տնտեսական աճի դանդաղման ռիսկերը պահպանվում են: Համաշխարհային գնաճը շարունակում է դանդաղել, սակայն գործընկեր երկրներում կոշտ գներով բնութագրվող ապրանքների եւ ծառայությունների գները դեռեւս մնում են հարաբերականորեն բարձր: Միջազգային ապրանքահումքային շուկայում գների աճի եւ առաջարկի արժեշղթաների հնարավոր խաթարման տեսանկյունից ռիսկերը պահպանվում են՝ պայմանավորված Մերձավոր Արեւելքում աշխարհաքաղաքական խնդիրներով, ինչպես նաեւ միջազգային առեւտրային հարաբերություններում աճող լարվածությամբ: «Միաժամանակ, գործընկեր երկրներում՝ հատկապես ԱՄՆ-ում, շարունակվում է նկատվել աշխատաշուկայի պայմանների մեղմացման թույլ ազդակներ` ուղեկցվելով պահանջարկի որոշակի ճշգրտմամբ: Մյուս կողմից, էականորեն ավելացել են միջնաժամկետում ԱՄՆ հարկաբյուջետային քաղաքականության կողմից ամբողջական պահանջարկի խթանման չափի վերաբերյալ անորոշությունները: Այս համատեքստում հավանական է, որ առաջատար երկրների կենտրոնական բանկերը առաջիկայում կշարունակեն քաղաքականության տոկոսադրույքների աստիճանական թուլացումը՝ դեռեւս պահպանելով դրամավարկային համեմատաբար խիստ պայմանները: Արդյունքում՝ արտաքին հատվածից ՀՀ տնտեսության վրա ակնկալվում են թույլ գնաճային ազդեցություններ՝ ներառելով վերեւի ուղղությամբ որոշակի ռիսկեր:2024 թվականի երրորդ եռամսյակում Հայաստանում տնտեսական ակտիվությունը որոշ չափով թուլացել է՝ դեռեւս ձեւավորվելով երկարաժամկետ կայուն աճի գնահատվող մակարդակից բարձր: Ակտիվության աճին մեծապես նպաստել են շինարարության, ծառայությունների եւ առեւտրի ճյուղերի զգալի աճը: Այն շարունակում է կրել որոշ կարճաժամկետ գործոնների ազդեցությունը՝ պարունակելով էական անորոշություններ տնտեսական աճի կայունության, երկարաժամկետ հեռանկարի, ինչպես նաեւ ներքին պահանջարկի եւ սպառման հետագա միտումների վերաբերյալ: Չնայած ընթացիկ բարձր տնտեսական ակտիվությանը՝ ներքին ծառայությունների նկատմամբ արտաքին պահանջարկը շարունակում է թուլանալ: Նման իրավիճակում աշխատաշուկայի պայմանները շարունակում են ճշգրտվել՝ արտահայտվելով աշխատավարձերի, կոշտ գներով բնութագրվող ծառայությունների գնաճի եւ գնաճային սպասումների որոշակի կայունացմամբ: Այս զարգացումներին զուգահեռ, հարկաբյուջետային քաղաքականության կողմից պահանջարկի լրացուցիչ խթանման ռիսկերը պահպանվում են։ Բարձր անորոշության պայմաններում, հաշվի առնելով գների կայունության նպատակին հասնելու իր հանձնառությունը, Խորհուրդն իր քննարկումների ընթացքում դիտարկում է բազմաթիվ սցենարներ: Մի կողմից՝ Խորհուրդը քննարկել է սցենարներ (Ա տիպի), որոնց հիմքում ընկած զարգացումները, այդ թվում՝ երկրի ռիսկի հավելավճարի եւ չեզոք տոկոսադրույքի հետ կապված անորոշությունները, պահանջում են քաղաքականության՝ շուկայական սպասումների համեմատությամբ ավելի կոշտ արձագանք՝ գների կայունության նպատակի ապահովման ռիսկերը կառավարելու համար։ Մյուս կողմից՝ Խորհուրդը քննարկել է սցենարներ (Բ տիպի), որտեղ հնարավոր տնտեսական զարգացումները, այդ թվում՝ ցածր գնաճային սպասումների եւ թույլ պահանջարկի միջավայրի ձեւավորման ռիսկերը կարող են հանգեցնել գնաճի՝ ցածր մակարդակում երկար պահպանմանը: Վերջինս ենթադրում է քաղաքականության տոկոսադրույքի՝ շուկայի սպասումների համեմատությամբ ավելի արագ եւ մեծ չափով նվազման ուղի՝ միջնաժամկետ հորիզոնում գնաճը նպատակային ցուցանիշի շուրջ կայունացնելու համար:Արդյունքում՝ արձանագրելով Բ տիպի սցենարների նյութականանալու ավելի մեծ հավանականությունը, սակայն կարեւորելով Ա տիպի սցենարներից բխող էական ազդեցությունների կառավարման անհրաժեշտությունը ՀՀ ԿԲ խորհուրդը որոշեց շարունակել դրամավարկային պայմանների աստիճանական թուլացումը։ Խորհուրդը կշարունակի մշտադիտարկել տնտեսության զարգացման սցենարները եւ պատրաստ է ձեռնարկել համարժեք գործողություններ՝ միջնաժամկետ հորիզոնում գնաճի 4% նպատակի եւ գների կայունության ապահովման համար»,- ասվում է ԿԲ հաղորդագրությունում: Tweet Դիտում՝ 887